ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձում էր Բաքվին համոզել համակերպվել տարածքների կորստի հետ և աջակցում էր Հայաստանին, պնդում է Իլհամ Ալիևը, պահանջելով լուծարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ կառույցը։ Բաքուն պնդում է՝ «խաղաղության համաձայնագիրը» չի ստորագրի, քանի դեռ եռանախագահությունը չի լուծարվել:
«Երեքն էլ (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա – խմբ․) միավորվել էին մեկ նպատակի շուրջ։ Ընդ որում, այդ երկրների միջև ներկայիս հարաբերությունները ցույց են տալիս, որ դա հազվադեպ երևույթ է։ Երեքն էլ կանգնած էին Հայաստանի կողքին, երեքն էլ տարբեր ճանապարհներով աջակցում էին Հայաստանին՝ մեկը զենք էր տալիս, մյուսը՝ քաղաքական աջակցություն, երրորդը՝ տնտեսական առավելություններ», – հայտարարում էր Ալիևը։
Բաքուն մեկը մյուսի հետևին թվարկում է Հայաստանի իրավական, քաղաքական, քաղաքակրթական երկաթե փաստարկներն ու վահանները, ապացուցելով, որ Հայաստանի կառավարությունը, ունենալով հսկայական քաղաքական «զենք», պետք է կամ ապաշնորհ, կամ դավաճան լինի՝ ամեն ինչ փոշիացնելու համար։
Ալիևը պնդում է, որ աշխարհի «մեծերը»՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները զարմանալիորեն միակարծիք էին՝ Հայաստանի կողքին լինեկով, իսկ նախկինում նա խոստովանել է, որ իրեն համոզում էին ճանաչել Արցախը։
Նա պնդում է, որ Հայաստանի Սահմանադրությամբ Արցախը Հայաստանի մաս է, և աշխարհում ոչ ոք չի վիճարկում ՀՀ Սահմանադրությունը։
Ալիևը պնդում է, որ հայկական Սփյուռքը «խանգարում է» Հայաստանին, թույլ չտալով, որ ԱՄՆ-ն վերացնի «Ղարաբաղի դեմ ագրեսիայի» համար ընդունված 907-րդ ուղղումը, որը ուղիղ սանկցիա է Ադրբեջանի դեմ։
Նա պնդում է, որ աշխարհը 100 տարի առաջ հատուկ է պահպանել Զանգեզուրը հայկական, որ թույլ չտա թյուրքական աշխարհի միավորումը։
Ալիևը պահանջում է եվրոպական դիտորդների դուրս բերումը, ասելով, որ նրանք ևս Հայաստանի կողմից են։
Նա պահանջում է «ապառազմականացված գոտի» սահմանին, նաև բանակի զինաթափում, փաստորեն ճանաչելով, որ նորմալ հրամանատարությամբ հայկական բանակը՝ ռեալ սպառնալիք է իրեն համար։
Եթե թվարկենք Ալիևի մնացած բոլոր պահանջները, կստացվի, որ Հայաստանը հսկայական աշխարհաքաղաքական, իրավական, ազգային, ուժային զինանոց ունի․ մեկ դար աշխարհը ամեն ինչ արել է, որ Հայաստանը քաղաքական գործոն դառնա։ Բայց այդ զինանոցը օգտագործելու փոխարեն Հայաստանի էլիտան տերեր էր փնտրում, հոգու խորքում համոզված լինելով, որ ինքը չի կարող զինանոց ունենալ, նրան պետք է միայն դուքյան խաչմերուկների վրա։
Նաիրա Հայրումյան