–Ապրիլի 1-ից արցախցիների մեծ մասին զրկում են բնակվարձերի աջակցությունից։ Հետաքրքիր է՝ ի՞նչն է հաշվի առնվել։ Արդյո՞ք մարդկանց ապահովել են բնակարաններով կամ հիմնական աշխատանքով, կամ էլ՝ գուցե տան վարձերի գումարնե՞րն են ցածրացել։ Ես չեմ հասկանում՝ ինչպես է նման որոշում ընդունվել։ Օրեր հետո բոլորս հայտնվելու ենք անելանելի վիճակի մեջ, ուստի աջակցությունը պետք է շարունակվի առանց խտրականության,- ասում է Արցախից տեղահանված Լուսիկը և ավելացնում, որ մենակ իր ընտանիքի համար չի մտահոգված, շուրջբոլորը նույն կարգավիճակով մարդիկ են։
Արմեն և Լուսիկ Սարգսյանների 11 հոգանոց ընտանիքն Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել է Կոտայքի մարզում, նախ՝ Արամուս գյուղում, ապա՝ Աբովյան քաղաքում։ Երեք անգամ տուն են փոխել։ Բազմանդամ լինելու պատճառով դժվար էր տուն վարձակալել, և ընտանիքն ստիպված կիսվեց։ Ավագ որդու ընտանիքը բնակություն հաստատեց Բալահովիտ գյուղում, իսկ կրտսեր որդու ընտանիքի հետ Լուսիկը, ամուսինն ու դուստրը բնակարան վարձակալեցին Աբովյան քաղաքում։
-Ըստ նոր որոշման՝ մեր ընտանիքից 2 անչափահաս երեխաներն են ընդգրկվելու բնակվարձերի աջակցության ծրագրի մեջ։ Աղջիկս ուսանող է, ես ու ամուսինս 50-ից բարձր տարիքի ենք։
Մեր ընտանիքը, ինչպես և արցախցի բոլոր ընտանիքները ամբողջ կյանքում ստեղծել ու արդեն մեր ստեղծածը պետք է վայելեինք, սակայն ընկել ենք դռնեդուռ, անտեր ու անօգնական։ Տեղահանվելուց հետո պարապ չենք նստել։ Ամուսինս ու տղաներս աշխատանք են գտել, ես վերսկսել եմ իմ բիզնեսը։ Վատն այն է, որ հարկային բեռը մեծացել է, սակայն, ինչպես ասում են, մեր օրվա հացը մի կերպ կարողանում ենք վաստակել ու գոյատևել։
Պետության կողմից տրվող աջակցությունը մեծ օգնություն է արցախցիների համար․ դրանով գոնե տան վարձն ենք տալիս։ Ցավալի է, որ ցեղասպանության ենթարկված և բռնի տեղահանված արցախցիներիս հաճախակի են ասում՝ աշխատեք, ստեղծեք, ապրեք։ Երբեմն մոռանում են, որ արցախցին ամեն ինչ զրոյից է սկսում։ Ամեն ինչ նորից ենք ձեռք բերում՝ տնտեսելով ու մեզ զրկելով շատ բաներից։
Առանց պետության կողմից տրվող աջակցության՝ շատ դժվար է լինելու։ Եթե ընտանիքի բոլոր անդամներն էլ աշխատեն, միևնույն է՝ չենք կարողանալու տան վարձի, կոմունալ ծառայությունների գումարները տալ, ուսանողի և փոքր երեխաների կարիքները հոգալ։ Մենք՝ մեծերս, սովոր ենք, կդիմանանք մի կերպ․ պատերազմներն ու շրջափակումը կոփել են մեզ։ Ցավն այն է, որ արցախցիների քիչ մասն է աշխատանք գտել․ մեծ մասն ընդհանրապես հույս չունի, որ կկարողանա երբևէ աշխատել։ ՀՀ կառավարությունը քաջատեղյակ է, թե ինչ է տիրում երկրում, լավ գիտի բնակվարձերի ու աշխատավարձերի չափերի մասին։ Զարմանում եմ, թե ինչու է նման որոշում ընդունել,-ասում է Լուսիկը։
Արցախում Սարգսյանների ընտանիքն զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով։ Մոտ 7 հա հողատարածքում նռան և արքայախնձորի այգիներ ունեին․ տարիների քրտինք էր։ 2023-ին բերքը շատ առատ էր․ գրեթե 50 տոննա միրգ կար ծառերի վրա, մնաց թշնամուն։ Սարգսյաններն Արցախում թողեցին երկու հարկանի տուն, 2 մեքենա (վառելիք չլինելու պատճառով), հարյուրավոր հավեր, բադեր։ Շրջափակման օրերին նրանց ընտանիքը ձեռք էր բերել պաղպաղակի և հյութերի պատրաստման սարքեր։
Լուսիկի մտքով երբեք չէր անցնում, որ մի օր կլքի Արցախը
-2020-ի պատերազմից հետո, աշխատանքիս հետ համատեղ սկսեցի զբաղվել հագուստի բիզնեսով։ Խանութ ձեռք բերեցի, որի գումարի զգալի մասը տվեցի շրջափակման ամիսներին։ Երբեք չէի պատկերացնում, որ կտեղահանվենք մեր հողից։ Ոչ միայն ես, բոլոր արցախցիներն էլ ինձ նման էին մտածում։
2023-ին բերքն ու բարիքն առատ էր։ Մենք պատրաստվում էինք ձմեռվան․ բանջարեղեն էինք պահածոյացնում, չիր ու չամիչ անում։ Շրջափակման ընթացքում, իհարկե, շատ դժվար էր, սակայն մենք դիմանում էինք ու սպասում։ Բայց ոչ Արցախի հայաթափմանը։ Սեպտեմբերի 19-ին հարսներիս, աղջկաս ու թոռնիկներիս հետ գնացինք նկուղ, հետո՝ Ստեփանակերտի օդանավակայան, ապա՝ Հայաստան։ Ոչ մի բան չկարողացանք բերել մեզ հետ։ Երբեմն աչքերս փակում եմ ու հիշում տունս՝ տարիների իմ վաստակը։ Ցավից ու կարոտից տեղս չեմ գտնում։
Հայաստանում չկարողացա իմ մասնագիտությամբ աշխատանք գտնել։ 33 տարվա գլխավոր գրադարանավար եմ․ ուր դիմեցի, ասացին՝ տեղ չկա։ Համարձակվեցի նորից զբաղվել հագուստի բիզնեսով։ Փոքրիկ քայլերով առաջ եմ գնում, արդեն հավատարիմ հաճախորդներ ունեմ։ Իմ շրջապատում բարյացակամ մարդիկ շատ կան, ովքեր օգնում են բարոյապես չկոտրվել, առաջ նայել։ Աբովյան քաղաքը երբեմն Արցախն է հիշեցնում, քանի որ արցախցիներն այստեղ շատ են բնակեցված, և դա ևս օգնում է, որ մեզ մի փոքր լավ զգանք։
Լուսիկի ամուսինը՝ Արմենը, ով հետևում էր մեր զրույցին ու լիովին կիսում կնոջ կարծիքը, չի կարողանում չասել իր խոսքը
-Չկա մի օր, որ ես մտքով Արցախում չլինեմ։ Մտովի շրջում եմ Ասկերանի փողոցներով, գնում այգիներս, այցելում Խնապատ, որտեղ ծնողներիս շիրիմներն են։ Հավատում եմ, որ կգա ժամանակ ու այդ ամենը մտովի չի լինի։ Երբեք չեմ կորցնում հույսս, որ կվերադառնանք մեր պապենական երկիրը ու տեր կկանգնենք նրան։ Թեկուզ Հայաստանը նույնպես մեր հայրենիքն է, սակայն Արցախը մեր օդն ու ջուրն է, առանց որի դժվար է ապրել։ Եթե մենք չկարողանանք գնալ, համոզված եմ՝ մեր թոռնիկներն անպայման հետ են գնալու։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ