Ինչո՞ւ Ռուսաստանը չճանաչեց Արցախը, երբ «գետնի վրա» իրավիճակն այլ էր

  • 23:30 20.03.2025

Ռուսաստանը անհնար է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Բացի այդ, իրավիճակը «գետնի վրա» կտրուկ փոխվել է 2023 թվականի սեպտեմբերին։

Զախարովային չհարցրին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չէր ճանաչում Արցախը մինչև 2020 թվականը, երբ «գետնի վրա» իրավիճակն այլ էր, իսկ Հայաստանի ղեկավարը հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ Թե՞ Մոսկվան լսում է միայն Փաշինյանի այն խոսքերը, որոնք հեղինակել է անձամբ Պուտինը։

«Մենք չենք կարող չանհանգստանալ, որ առաջընթացի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի հաստատման մասին լուրերի ֆոնին, վերջին շրջանում, ցավոք, ավելի հաճախ են հաղորդում երկու երկրների սահմանին լարվածության աճի մասին»,- ասել է Զախարովան։

Ի՞նչ լարվածության մասին է խոսում Զախարովան։ Այո, արդեն չորս օր է, ինչ Բաքուն օրական երեք անգամ հաղորդում է հայկական կողմից գնդակոծության մասին, սակայն չի խոսում «գնդակոծությունից» հասցված վնասի մասին, ինչն արդեն կասկածելի է թվում։ Բայց «սահմանին» էսկալացիա չկա, համենայնդեպս մինչև այս պահը, եթե, իհարկե, չհաշվեք ադրբեջանական կողմի կուտակումները։ Զախարովան արհեստականորեն սրում է իրավիճակը՝ Հայաստանին զգուշացնելու համար՝ մեզնից օգնություն չսպասեք։

Զախարովան խոստովանել է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի պարտավորությունները մնում են, սակայն անմիջապես հիշեցրել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման մասին և՝ որպես «լավ տնային տնտեսուհի» զգուշացրել, որ «ապասառեցումը ժամանակ կպահանջի»։

Դիվանագիտական ​​լեզվից թարգմանված՝ սա նշանակում է, որ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը որոշ ժամանակ «չի օգնի» և թույլ կտա թշնամուն կատարել իր գործը, իսկ հետո «կապասառեցվի» արդեն որպես «խաղաղապահ», ինչպես դա արեց Ռուսաստանը Արցախում։ Ինքը՝ Պուտինը հայտարարել է, որ դադարեցրել է պատերազմը, երբ գրավեցին Շուշին։ Իսկ արդեն նոյեմբերի 10-ին նա «անսպասելիորեն» Արցախ ուղարկեց խաղաղապահներ, որոնք պատրաստվել էին «Ղարաբաղյան առաքելությանը» դեռ 2020 թվականի հուլիսից։

Կասկածից վեր է, որ ՀԱՊԿ-ն այժմ ինտենսիվ պատրաստվում է առաքելության, և այն տեղակայվելու է «բախումներից» հետո ձևավորված Հայաստանի նոր սահմանին։

Հետո կմտածեն Բաքվում պահվող հայ գերիների մասին։

Զախարովան խոսել է բոլոր հայ բանտարկյալներին ազատ արձակելու ԱՄՆ կոչին Բաքվի բացասական արձագանքի մասին՝ մեկնաբանելով Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի վերջին հայտարարությունը։ Սակայն նա չի հիշատակել ռուս պաշտոնյաների գոնե մի կոչ Բաքվին՝ ազատ արձակելու բանտարկյալներին:

Ռուսաստանը վաղեմի հաշիվներ ունի ղարաբաղյան «անջատողականների» հետ, որոնք հանգեցրին ԽՍՀՄ-ի փլուզմանը, իսկ Պուտինը այն անվանել է «20-րդ դարի ամենամեծ աղետը»։