«Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ ստեղծված «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդըը» հայտարարել է, որ մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին Երեւանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է անցկացնելու։ Հանրահավաքի օրակարգային հարցերն են՝ Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում, տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ, Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ եւ Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ։
Step1.am-ը զրուցել է «Հանուն Արցախի» նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանի հետ։
–Ի՞նչ ակնալիքներ ունեք այս հանրահավաքից, ինչո՞ւ է կարեւոր այս հարցերի շուրջ արցախցիներին միավորելը։
-Շատ կարեւոր է, որ ոչ միայն արցախցիները համախմբեն այս իրավիճակում, այլ նաեւ Հայաստանում ապրող մեր բոլոր հայրենակիցները, քանի որ այս խնդիրները վերհանելով՝ մենք նաեւ հնարավորություն կունենանք պաշտպանել մյուսներին։ Օրինակ՝ ոստիկանության կողմից խոշտանգման ենթարկված Տիգրանի դեպքը միջոց էր, որ ավելի շատ մարդիկ համախմբվեին։ Պարզ երեւում է, որ հարցը շատ մարդկանց է մտահոգում, եւ մարդիկ կարողացել են ժամանակ գտնել ու կանգնել Տիգրանի կողմից։
Մենք հիմնական 4 կետեր ենք առանձնացրել։ Ես էլ եմ միացել մի ամբողջ մտահոգ թիմի, եւ ջանք ու եռանդ չենք խնայում՝ կազմակերպելու մարտի 29-ի ցույցը։ Իրականում շատ մեծ ակնկալիքներ չունենք, բայց նաեւ առանց ակնկալիքների էլ հնարավոր չէ։ Ես ակնկալում եմ, որ մեր կառավարությունն ավելի սթափ ուղեղով կվերանայի արցախցիներ համար նախատեսված այն ծրագրերը, որոնք առաջ են քաշել սոցիալական հարթակում։ Մենք մասնակցեցինք հանրային քննարկմանը եւ մեր առաջարկները ներկայացրեցինք, բայց դա մերժվեց իրենց կողմից։ Եվ այստեղ միայն գումարի հարցը չէ, անարդարության հարցն է։
-Ինչպե՞ս եք պատկերացնում արցախցիների հավաքական վերադարձը, առաջարկներ ունի՞ նախաձեռնությունը։
-Առաջարկությունների ու մեթոդների մասին այսօր չէի ցանկանա խոսել, որովհետեւ խոչընդոտող միջոցներ ավելի շատ են լինելու։ Այդ պատճառով մենք նախընտրում ենք այդ մասին խոսել եւ մեր տեսլականը ներկայացնել մարտի 29-ին՝ բեմից։ Ես ասեմ, որ համախմբվելը դժվար չէ, միայն ցանկություն է պետք, իսկ արցախցիների մեծ մասը համախմբված են։ Մենք փորձելու ենք համախբվել ու համախմբել բոլորին։ Նաեւ այս հարցում շատ մեծ դերակատարում ունի մեր Սփյուռքը։ Ես պետք է խնդրեմ մեր Սփյուռքի աջակցությունը, որովհետեւ իրենց շատ մեծ գործ ունեն անելու։ Իրենք իրենց միջոցներն են ներդրել Արցախի զարգացման համար, շատ ծրագրերի իրագործման հարցում են մեզ օգնել, հիմա էլ Արցախի ժողովուրդն իսկապես ունի Սփյուռքի կարիքը։ Պետք է իրենք էլ աշխարհի տարբեր ծայրերում փորձեն բարձրաձայնել այն անարդարությունները, որոնք կատարվում են, օրինակ, գերիների հարցը։ Այսօր հաստատված գերիների թիվը 24-ն է, բայց գիտենք, որ չհաստատված մոտ 100 գերի ունենք։ Այնպես որ, ես այս համախմբումը տեսնում են նաեւ Սփյուռքի հետ, Սփյուռքը մենակ չպետք է թողնի մեզ։
–Հայաստանի իշխանություններն այնպիսի պայմաններ են ստեղծում, որ արցախցիների խնդիրները սոցիալական մակարդակի են իջեցնում, որպեսզի հանրությանը թվա, թե արցախցիների համար ամենակարեւորը սոցիալական հարցերն են։ Իրականում դա այդպե՞ս է։
-Ոչ, արցախցիներին առաջնահերթ սոցիալական հարցերը չէ, որ հուզում են։ Այստեղ վիրավորվածության ու արհամարհված լինելու հարց կա։ Այսինքն՝ եթե ստեղծվեն պայմաններ, որ արցախցին կարողանա աշխատել եւ իր ընտանիքը պահել, իր համար այդ 40 կամ 50 հազարն արժեք չէ։ Չմոռանանք, որ այդ աջակցության գումարները հազիվ բավարարում են իրենց վարձերի վճարմանը։ Արցախցիներն աշխատող մարդիկ են, հնարավորություն ունեցող մարդն օրինբուն աշխատում է։ Մի շատ վտանգավոր թեզ են նաեւ առաջ քաշում՝ երբեմն բազմազավակ ընտանիքներին են փորձում պախարակել, ասում են՝ ձեզ ո՞վ էր ասել այդքան երեխաներ ունենալ։ Երբ այդ մարդը երեխաներ էր ունենում, ապրում էր իր հողում, իր տանը, ամբողջ ընտանիքով աշխատում էին ու գերազանց պահում էին իրենց ընտանիքը։ Հիմա իրենք հայտնվել են անելանելի վիճակում։ Արցախցիները մարտի 29-ին կապացուցեն, որ իրենց խնդիրները սոցիալական մակարդակի իջեցնելն ամենամեծ սխալն է։ Եթե դու թերագնահատում ես քո ժողովրդին, ինքը պտտվում է ու ապացուցում, որ հավաքական է, ուժեղ է, կարող է։
Մի օր իրենց կատարած սխալների համար պետք է պատասխան տան։ Կառավարության այն ծրագրերը, որոնք առաջարկովւմ են արցախցիներին, ուղղակի անընդունելի են, ոչ մի պայման բավարար չէ, որպեսզի Արցախից բռնի տեղահանված քաղաքացին արժանապատիվ ապրի։ Նախ սկսենք այնտեղից, որ Արցախի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Եվ նրանց այսքան ճնշումների ենթարկելը շատ սխալ է։ Ասում են՝ դարձիր ՀՀ քաղաքացի, որպեսզի պետական համակարգում աշխատես, եւ այդպիսի շատ կետեր են իրենք առաջ քաշում։ Այնինչ, հակառակը պետք է անեին, պետք է մարդկանց ասեին՝ դու Արցախի լավագույն ռազմական գործիչներից ես եղել, արի, բանակն ունի քո կարիքը, դու լավագույն ուսուցիչն ես, դպրոցն իսկապես ունի քո կարիքը։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը կարող էր բոլորին համախմբել, եւ բոլորը կհամախմբվեն, եթե պետությունը ճիշտ ուղղությամբ գնա։
Ռոզա Հովհաննիսյան