Ադրբեջանի զորքերի տեղաշարժ չկա. Պապիկյան

  • 12:35 21.03.2025

Բաքուն դեռևս չի ներկայացրել Հայաստանի կողմից առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտելու փաստեր և ապացույցներ, լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա։
Նախարարը չհաստատեց նաև սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, թե երեկ երեկոյան հակառակորդը ինտենսիվ գնդակոծել է Սոթքի և Երասխի հայկական դիրքերը։

«Մեզ պետք են տեսագրություններ, քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարեւանը, դրա համար մենք ասում ենք՝ եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը, թե իբր հայկական զինված ուժերը վերջին օրերին կրակ են բացում իրենց ուղղությամբ։

Հարցին, թե ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ կա՞, Պապիկյանը պատասխանեց՝ «Ոչ, չկա»։ Ըստ նրա, որպեսզի զորքերի կուտակման մասին գնահատական տա, պետք են հետախուզական տվյալներ։

«Այս պահին գետնի վրա նման երեւույթ տեսանելի չէ։ Մամուլում առկա ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, Պաշտպանության նախարարությունը չի հաստատում»։

Ի պատասխան այն հարցի, թե երեկ Սոքթի ու Երասխի տարածքում հայկական դիրքերը գնդակոծվե՞լ են թշնամու կողմից Պապիկյանը պատասխանեց․ «Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մենք Պաշտպանության նախարարության հաղորդագրություններով դրանց անդրադառնում ենք»