ՆԳ նախարարը կոչ արեց արցախցիների հարցերը չբերել պառակտման էմոցիոնալ դաշտ

  • 14:43 21.03.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ ոստիկանության Վանաձորի բաժանմունքում խոշտանգման ենթարկված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի ահազանգին։

Արփինե Սարգսյանն ասաց, որ Ուլուբաբյանի դատաբժշկական փորձաքննութամբ սալջարդեր ախտորոշումը չի հաստատվել։

«Տուժողն ասում է՝ ինտենսիվ ծեծ, 8 հոգի, հարվածներ դեմքին, վերնաշապիկը հանելու պրոցես, բայց փորձագետը չի հաստատել, ի՞նչ կարելի է եզրակացնել սրանից։ Սրանք ուղղակի փաստեր եմ արձանագրում, որպեսզի յուրաքանչյուրս իրավիճակին տանք օբյեկտիվ գնահատականներ, չսեւացնենք որոշակի անձանց»,- ասաց նա։

Արփինե Սարգսյանը նշեց, որ հարուցված է քրեական վարույթ, ընթանում է ծառայողական քննություն, եւ բոլոր այս հանգամանքները պետք է մանրակրկիտ քննարկվեն։

«Եթե քննությամբ պարզվի, որ ոստիկանները մեղավոր են, միանշանակ կենթարկվեն պատասխանավության։ Եվ եթե պարզվի, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ, պիտի վրա հասնի պատասխանատվությունը՝ սուտ մատնություն տրամաբանության մեջ»,- հայտարարեց նա։ ՆԳ նախարարը նաեւ պահանջեց պառակտում չմտցնել արցախցիների ու հայաստանցիների միջեւ։

«Այս դեպքի համատեքստում տարբեր մտքեր են հնչեցվում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին ՀՀ-ն չի պաշտպանում, թիրախավորում է, նրանք մենակ են, նրանց պետք է պաշտպանել ոստիկաններից, ոստիկանության բաժանմունքներում արցախցիների նկատմամբ կա առաձնահատուկ վերաբերմունք եւ այլն։ Ես պիտի հստակ արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղյից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն առանց այդ էլ իրադարձությունների բերումով տուժել են եւ գտնվում են խոցելի իրավիճակում, տեղահանվել են, ունեն բազմաթիվ կարիքներ, եւ անընդհատ փորձել էմոցիոնալ դաշտ ստեղծել նրանց համար, դա որեւէ մեկի համար օգուտ բերող պրոցես չի կարող լինել։ Հակառակը, այդպես ավելի են թիրախավորվում մեր հայրենակիցները։ Եվ կարծում եմ, որ այս պառակտչական գործողություններն ընդհանուր հանրային խոսույթում պիտի դադարեցվեն, որովհետեւ դա առնվազն բարոյական չէ»,- ասաց նա։