Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հետ

  • 12:38 22.03.2025

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության առաջիկա ներգրավվածությունները։ Շնորհավորել եմ նրան ծննդյան տարեդարձի առթիվ», – նշել է Միրզոյանը Х-ում։

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ: ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային հարցեր։

Միրզոյանն ընդգծել է Բաքվի հետ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը։ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Դեյվիդ Լամմիին համաձայնագրի հնարավորիս սեղմ ժամկետներում կնքման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ՄԹ կողմից արտահայտված հստակ դիրքորոշման համար։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքներին, Արարատ Միրզոյանը վկայակոչել է ՀՀ կողմից ներկայացված՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը։

«Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կողմից ներկայացված այս և մյուս՝ մասնավորապես հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջարկները կարող են լուրջ հիմք լինել փոխվստահության ձևավորման և կայունության ապահովման համար», – ասված է հաղորդագրությունում։

ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է COP17 համաժողովը Հայաստանում անցկացնելու ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով այս ուղղությամբ ՄԹ հետ սերտ համագործակցության կարևորությունը։