Ի՞նչ եք կարծում, արտերկրում ապրող հայերը բարոյական իրավունք ունե՞ն թելադրելու Հայաստանում ապրող հայերին, որոնք տասնամյակներ շարունակ տուժել են տնտեսապես եւ այլ կերպ երկու հարեւանների շրջափակումների եւ նրանցից մեկի հետ ռազմական հակամարտության պատճառով, որ նրանք դադարեն մտածել եւ իրականացնել իրենց հարաբերությունների կարգավորումը, որքան էլ դա դժվար լինի:
Արդյո՞ք նրանք բարոյական իրավունք ունե՞ն մեզնից պահանջելու շարունակել տառապել շրջափակումից եւ հակամարտությունից՝ ապրելով Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում կամ այլուր, այլ ոչ թե Արմավիրում, Կապանում, Դիլիջանում, Գյումրիում կամ Վանաձորում:
Ինձ համար պատասխանը միշտ էլ ակնհայտ է եղել՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում, X-ում գրել է Արսեն Թորոսյանը:
Երբ խոսքը գնում է դրամահավաքին, նվիրատվություններին, ճանապարհներ կառուցելուն, Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման, ադրբեջանական կեղծ քարոզչության բացահայտման, թթվածնի համակենտրոնացման մեքենայի կարիքի մասին, ազգը COVID-ի հետ կապված հիպոքսիայից փրկելու կամ Հայաստանում բժշկական գիտելիքների զարգացմանը, ապա սփյուռքը կարեւոր է, չէ՞։ Բայց երբ խոսքը գնում է մեր պապենական հողը հանձնելուն, պարզվում է, որ մեզ լռենք, Թորոսյանին Սփյուռքից արձագանքում է Գայանե Գալուստանյանը:
Դե իհարկե, ոչ սփյուռքը բարոյական իրավուն ունի խառնվել Հայստանի գործերին, ոչ էլ արցախցիները, որոնք իրենց հյուրի պես պետք է պահեն, ինչպես ասել է Թորոսյանի կուսակից Գագիկ Մելքոնյանը:
Հ.Գ. Արսեն Թորոսյանի ու Պետրոս Ղազարյանի երկխոսությունը:
— Ոչ մի խոսք չկա արցախցիների վերադարձի իրավունքի մասին…
— Գիտեք, դրա մասին շատ ենք խոսել: Արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մաս չպետք է կազմի:
— Ինչու…
— Էդպես: Որովհետեւ մենք Հայաստանի ու Ադրբեջանի մասին ենք խոսում, իսկ արցախցիներն ապրում էին Արցախում: Իրենց ապաշնորհ ղեկավարության վարած քաղաքականության պատճառով նրանք կորցրել են իրենց հայրենիքը…
— Ճիշտ է, բայց ոչ ոք չի ասել, որ այդ մարդիկ այնտեղ չպտեք է ապրեն:
— Դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առարկա չէ եւ չի կարող լինել:
— Ինչու…
— Էդպես: Որովհետեւ մենք ուզում ենք խաղաղություն կառուցել, այլ ոչ թե կոնֆլիկտը շարունակել: Շատ պարզ:
— Տեսեք, ես չեմ ասում Ղարաբաղը վերցնենք մեզ: Ես հարցնում եմ այդ մարդիկ իրավունք ունե՞ն գնալ եւ ապրել այնտեղ:
— Իրավունք ունեն Ադրբեջանի տարածքում ապրել, մենք այդ հարցում Ադրբեջանի հետ բանակցելու կողմ չենք: Պարզ չե՞մ ասում։
— Բա ինչո՞ւ հարցը չեք դնում:
— Ասում եմ, կողմ չենք: Կողմ չենք: Մենք Ադրբեջանի տարածքում մեր հայրենակիցների ապրելու հարցով կողմ չենք: Չպետք է լինենք:
— Չեմ կարողանում հասկանալ: Շնորհակալություն: