Այսօր Ուրմիա քաղաքում ադրբեջանցի թուրքերը լայնածավալ բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Հարավային Ադրբեջանի ինքնության և տարածքային ամբողջականության՝ վանկարկելով ազգային կարգախոսներ, որոնք հաստատում են իրենց էթնիկ ինքնությունը. «Թող Ադրբեջանը միշտ գոյություն ունենա, և թող կուրանան բոլոր նրանք, ովքեր դա չեն ուզում», «Նահատակները չեն մեռնում, Հայրենիքը չի բաժանվում», «Ուրմիան պատկանում է թուրքերին, և այդպես կլինի միշտ»,- հայտնում է «Ազատ Իրան» Telegram ալիքը։
«Азербайджанские патриоты» ալիքը գրում է. «Իրանական Ուրմիայում մեր հայրենակիցները ողջ քաղաքում կարգախոսներ են վանկարկում իրանական մոլլաների ռեժիմի դեմ։ Եթե որևէ մեկը տապալի այաթոլլահի ռեժիմը, դա կլինեն ադրբեջանցիները…»:
«Թուրքի համբերությունը մի փորձիր, թե չէ վերջդ կհասնի։ Մեր հայրենիքը Թուրանն է, Ուրմույան մեր Բոզքուրթն է։ Ի՜նչ լավ է թուրք լինելը»,- վանկարկում են ցուցարարները։
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր գրել Իրանի իշխանություններին՝ կոչ անելով նոր միջուկային բանակցություններ սկսել, ուղեկցվելով դա հնարավոր ռազմական գործողությունների մասին նախազգուշացումներով, եթե երկրի ղեկավարները հրաժարվեն բանակցություններից: Այս սպառնալիքներին արձագանքել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը՝ ասելով, որ ԱՄՆ-ն իրավունք չունի հրամաններ տալ իր երկրին։ Այս ֆոնին Թրամփը Սենատին կոչ արեց հարվածել Իրանին, ինչպես հայտնի դարձավ մարտի 20-ին։
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի նախագահին և Սենատի նախագահին՝ Իրանին հնարավոր ռազմական հարված հասցնելու հիմնավորմամբ։ Դրանում ամերիկացի առաջնորդը վկայակոչում է S.J.Res.106 բանաձևը և 107-40 հանրային օրենքը, որոնք Իրանը սահմանում են որպես Միացյալ Նահանգների ազգային անվտանգության սպառնալիք:
Քննարկվող բանաձեւն ու օրենքը նախատեսում են ռազմական միջամտության հնարավորություն Իրանի կողմից սպառնալիքների դեպքում։
Մինչդեռ Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Իրանից՝ հանկարծակի ազատազրկման վտանգի պատճառով, սակայն պաշտոնապես այդ կոչերը չի կապում Իրանի վրա հարձակվելու Թրամփի առաջարկի հետ։
Մարտի 4-ին հայտնի դարձավ, որ Պուտինը համաձայնել է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններում։ Կրեմլը նշել է, որ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնի երկրների միջեւ առկա խնդիրները կարգավորել բանակցությունների միջոցով։
Անկարան և Մոսկվան իրենց պրոքսի Ալիևի միջոցով պատրաստվում են ներսից խարխլել Իրանը, եթե ԱՄՆ-ը հարված հացցնի։ Այն բանից հետո, երբ Իրանի նախկին նախագահն ու ԱԳ նախարարը մահացան Ալիևի հետ հանդիպումից ուղղաթիռով վերադառնալիս, պաշտոնական Թեհրանը բազմիցս հավաստիացրել էր, որ դա «դժբախտ պատահար» է եղել։ Սակայն ոչ պաշտոնական աղբյուրներն ակնարկել են Ալիևի և նրան մոտ կանգնած իսրայելական հատուկ ծառայությունների ներգրավվածության մասին, որոնք Արցախի օկուպացված տարածքները վերածել են պլացդարմի։