Արցախի Կամավորների Միություն․ մինչ վերջին պահը օգնում էինք մարդկանց

  • 09:56 23.03.2025

Կամավորական աշխատանքը հատուկ դեր ունի, հատկապես, արտակարգ իրավիճակներում: Կամավորները համեստ, բարեսիրտ ու հայրենասեր մարդիկ են, որոնք անկախ իրավիճակից ու պայմաններից պատրաստ են անհատույց կերպով հասնել օգնության:

Արցախի Կամավորների Միությունը Արցախում հիմնված, իր գործունեությունը Արցախում ծավալած ՀԿ է, որ իր շուրջ է միավորել հարյուրավոր բարեսիրտ, կարեկցող, հայրենասեր մարդկանց։ Մի փաստ ասեմ մեր մասին, որը շատ քչերը գիտեն․ իրականում մեր գրասենյակը գտնվում էր Շուշի քաղաքում, իսկ մենք շատ հազվադեպ էինք հավաքվում գրասենյակում, քանի որ բոլոր աշխատանքները մենք կազմակերպում էինք նույն պահին, նույն տեղում, որտեղ գտնվում էինք։ Մեզ համար միշտ առանցքային էր յուրաքանչյուր աշխատանք իրագործել հնարավորինս արագ՝ առավելագույն արդյունքի հասնելու նպատակով, եւ հավաքվել եւ քննարկումներ անցկացնելը երբեմն պարզապես անհնարին էր, հատկապես ճգնաժամային իրավիճակներում՝ համավարակ, պատերազմ, բլոկադա… Եվ դրա մասին կարող են փաստել բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ հետ ժամանակին համագործակցել են։

Մեր կազմակերպության հիմնադիրը, նախագահը՝ Խաչատուրյան Կրիստինան է, ով շուշեցի է։

Ինչպես նշեցի, մեր կազմակերպությունը իր գործունեությունը ծավալում էր հիմնականում Արցախում, եւ դա նշանակում է, որ յուրաքանչյուր ժամանակաշրջանում, որի միջով մենք անցել ենք, ապրել ենք, ակտիվորեն ներգրավված ենք եղել մեր հայրենիքին, մեր ժողովրդին օգնելու, աջակցելու աշխատանքներում։ Թե ինչքան կամավորներ են մեզ միացել այդ աշխատանքներին՝ դժվարանում եմ պատասխանել։ Միակ բանը, որ հստակ կարող եմ ասել իմ փորձից՝ ինչքան մարդ էլ հավաքվեր, թեկուզ ամենածանր աշխատանքի համար, եթե մարդկանց սրտերում սեր եւ կարեկցանք կա դիմացինի հանդեպ, ամեն ինչ էլ հնարավոր է անել։

44-օրյա պատերազմի ժամանակ հարյուրավոր մարդիկ են մեզ միացել։ Միության տղաներից շատերը առաջնագծում էին, իսկ աղջիկները թիկունքում: Հիշում եմ՝ պատերազմի առաջին օրը թիկունքում կամավորական խումբ էինք հավաքագրում։ Մութն արդեն ընկած էր, մարդիկ անվտանգության նկատառումներով տան լույսերն անջատում էին։ Դողացող ձեռքերով թղթի վրա հավաքագրում էի մարդկանց տվյալները, հեռախոսով գրանցում, բայց քանի որ չգիտեինք՝ լույս կլինի հետագայում թե ոչ, միանգամից թղթի վրա էինք գրում։ Կամավորները տարբեր տարիքի էին, օրվա ամեն ժամի հերթապահություն էին անում հացի փռերում, ջրի արտադրամասում եւ այլն։

Երբ մի տղա զանգեց՝ 15 տարեկան, խոսքից հասկացա, որ հայաստանաբնակ է։ Ասաց՝ խնդրում եմ ինձ էլ գրանցեք, ես հենց վաղը առավոտյան կգամ եւ ինչ պետք է՝ կանեմ, ձեր կողքին կլինեմ, մենակ թե ինձ գրանցեք։ Հարցրեցի՝ քանի տարեկան է, ասաց՝ 15։ Այդ պահին շչակների ձայնը խլացավ, մի պահ լռեցինք, հարցրի՝ իսկ ձեր ծնողները տեղյա՞կ են։ Ասաց՝ ոչ, չի ասել…

Եվ այդպիսի շատ պատմություններ կան, երբ ոչ միայն Արցախից, այլ մայր Հայաստանից մարդիկ ամեն ինչ թողել ու միանգամից եկել են Արցախ։ Երկու եղբայր, էլի անչափահաս, իրենց բեռնատար մեքենայով են եկել եւ իրենց ամբողջ ապրանքը՝ միրգ-բանջարեղենը, բաժանել եւ իրենք էլ գնացել առաջնագիծ, էլի առանց տանը որեւէ մեկին տեղյակ պահելու։

Մեր ՀԿ-ի հիմնադիրը՝ Կրիստինան, մինչեւ վերջին օրը մնացել էր Արցախում։ Սկզբում Ստեփանակերտում էր, հետո՝ Շուշիում։ Առաջնագծի մարտիկներին ուտելիքով էին ապահովում։ Իսկ նոյեմբերի 7-ին, երբ բոլորին հորդորեցին դուրս գալ, ինքը եւս մտածում էր, թե ժամանակավոր է լքում իր ծննդավայրը… Հիշում եմ, թե ինչքան ծանր էր…

Պատերազմից հետո Արցախում կյանքն այլեւս նույնը չէր՝ կարծես թե կանգ էր առել։ Այնուամենայնիվ, մարդիկ իրենց մեջ պետք է ուժ գտնեին ապրելու, քանի որ, եթե հետ ենք եկել, պետք է նորից մեր ուժերով վերակենդանացնեինք մեր Արցախը։ Այդպես էր մտածում իր հայրենիքը սիրող յուրաքանչյուր ոք։

Մինչեւ 2020 թվի պատերազմը Արցախում մի տարվա մեջ տասնյակ միջոցառումներ էին կազմակերպվում, եւ բոլորին հասցնում էինք մասնակցել։ Հենց այդ ժամանակաշրջանում ենք մեր «բանակը» հարստացրել նոր կամավորներով, նոր ընկերներ ձեռք բերել։ Մասնակցել ենք ԿՈՆԻՖԱ ֆուտբոլային առաջնությանը, Համահայկական խաղերին, կազմակերպել ճամբարներ եւ այդպես շարունակ։ Մեր գործունեության բնույթը փոփոխվում էր ըստ իրավիճակի։

Այնպես չէր, որ եթե ուրախ չէր առիթը, չմասնակցեինք, կամ հակառակը… Իրար կողքի էինք ամեն իրավիճակում։ Համավարակի ժամանակ պահեստներում էինք աշխատում՝ թիրախային խմբերի անձանց համար ժամանակավոր ուտելիքի տուփեր հավաքում։ Հետո եղավ բլոկադան… Այդ ժամանակ էլ ուսանող էի, եւ արդեն կամավորական աշխատանքներին մասնակցում էին նաեւ Արցախի Պետական Համալսարանում սովորող իմ ընկերները։ Այդ  տարիներին նրանց հետ միասին ստեղծեցինք նաև ՀԿ-ից անկախ մարմին, Կամավորական կորպուս, որը նույնպես ակտիվորեն ներգրավվեց կամավորական աշխատանքներին։ Հովհարային անջատումների գրաֆիկով էինք ապրում: Երբ մի տեղ լույս էր լինում, ընկերներով հավաքվում էինք այնտեղ, ժամանակ անցկացնում միասին։

Մի օր զանգ ստացա, որ պետք է արագ խումբ ձեւավորեինք եւ թիրախային խմբերի համար միրգ-բանջարեղեն փաթեթավորենք հաջորդ օրվանից սկսած։ Ընկերներիս ասացի՝ գալիս եք՞, ասացին՝ հա հա, գալիս ենք, մենակ շուտ արա՝ թեյդ սառավ։ Գնացինք քաղաքից դուրս պահեստներ, գետի մոտ էր, շատ ցուրտ։ Սփյուռքում ապրող հայ էր ֆինանսավորել այդ նախագիծը, որպեսզի մինչեւ 5-րդ դասարանի աշակերտներին բաժանեն օգնությունը։ Մոտ 10 օր այդպես կամավորական աշխատանքներ էինք անում։ Օգնությունը  բաժանում էին ռուս խաղաղապահները , որպեսզի կասկածներ չառաջանային թշնամու մոտ՝ որտեղից եւ ինչպես է հասել այն։

Օր է եղել՝ մի քանի տեղ ենք աշխատել, բայց չէինք հոգնում։ Շատ ցուրտ էր, պլաստմասե տուփեր էինք վառում, որ տաքանանք, հետո ծուխից գլուխներս պտտվում էր, բայց մեզ համար լավ էր,մեր սրտերում խաղաղություն, գիտեինք, որ բարի գործ ենք անում։

Արդեն հետո, երբ եղավ 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմը, ամեն ինչ խառնվեց իրար, դուրս գալու օրերին նույնիսկ իրար չէինք կարողանում զանգել, գտնել,միմյանց մասին մտածում  Էինք` մենակ թե ողջ լինեն։

Բռնի տեղահանումից հետո մեր կամավոր ընկերներից որոշները Հայաստանում են, որոշներն արտասահմանում: Կվերաբացենք մեր կազմակերպությունը, թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Մի բան անփոփոխ է` մեր սերը հայրենիքի եւ միմյանց հանդեպ։

Step1.am-ի հետ զրույցում այդ մասին պատմեց Արցախի Կամավորների Միություն կազմակերպչական բաժնի համակարգող Լաուրա Գրիգորյանը:

Արսեն Աղաջանյան