ՆԳ նախարարն արդեն զգուշացրել է․ “այդպես ավելի են թիրախավորվում մեր հայրենակիցները”

  • 11:22 23.03.2025

Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ֆոնին արցախյան գործոնի ակտիվացումը կարող է մանիպուլյատիվ և նույնիսկ սադրիչ նպատակ ունենալ։

Մարտի 30-ին Գյումրիում ընտրություններ են, և կենաց-մահու պայքարի մեջ նետվել են ամենատարբեր ուժեր։ Տեղեկատվական դաշտ թեզ է մտցվել, որ եթե Փաշինյանը կրվի Գյումրիում, ապա կկորցնի իշխանությունը, և արտահերթ ընտրություններ կլինեն։

Յուրաքանչյուր կողմ իրավիճակը փորձում է իր օգտին շրջել։ ՀՀ իշխանությունները Գյումրիում ամեն կերպ կփորձեն ապացուցել, որ իրադրության տեր են։ Մյուս կողմից Ռուսաստանն արդեն բաց դեմքով է հանդես գալիս Գյումրիում, նույնիսկ չթաքցնելով, որ մտադիր է «վերցնել» Հայաստանի երկրորդ քաղաքը։ Նույնիսկ ակնարկում են, որ Գյումրիի բնակչության մեծ մասը ռուսական անձնագրեր ունեն։

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո Մոսկվան ընդհանրապես ակտիվացել է Հայաստանում․ ԱՄՆ դեսպանատան մոտ ակցիա էր ամերիկյան «բիոլաբորատորիաների» դեմ, Գյումրիում՝ տիրոջ իրավունքով  «փորձագիտական» ֆորումներ։ Այս ամենը այնպես է ներկայացվում, իբր Ռուսաստանը եկել է Հայաստանին փրկել թուրքամետ իշխանությունից, ինչպես դա եղել է ավելի քան 100 տարի առաջ։ Եվ կրկին Ալեքսանդրոպոլ-Գյումրի։

Այս ամենը տեղի է ունենում տարածաշրջանում լարվածության ֆոնին՝ Իրանի դեմ հնարավոր հարվածի, որից հետո թուրքական ուժերը կփորձեն մասնատել Իրանն ու Հայաստանը։

Հայաստանի իշխանությունը նյարդային փորձում է ինչ-որ փաստաթուղթ-երաշխիք ստանալ, Փաշինյանը նույնիսկ «ժամանակ է խնդրում» մինչև 2027 թ․՝ իբր սահմանադրական հանրաքվեյի համար։ Բայց բոլորը գիտեն, որ ամեն ինչ շատ անսպասելի և արագ կլինի։

Այս կեղտոտ պայքարի բոլոր կողմերին մի զանգված է պետք, որին կարելի է զոհաբերել և հետո մեղադրել ամեն ինչում։ Եւ նման դերի համար ամենա «սազականը» արցախցիներն են։

Վերջին օրերին արցախցիների թեման կրկին ակտիվացավ։ Նախ՝ հայտնի դարձավ արցախցիների կոնսոլիդացման և մարտի 29-ին մեծ հավաք անցկացնելու մասին, որի հիմքում կլինեն հիմնականում սոցիալական պահանջներ, նաև վերադարձի գաղափարը։

Բայց հետո հայտնի դարձավ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի՝ Վանաձորի ոստիկանությունում խոշտանգելու մասին, իսկ արդեն երեկ՝ արցախցի ադվոկատ Ռոման Երիցյանի հանդեպ հետապնդումների։ Երեկ Երիցյանը շեշտեց, որ իրեն հետապնդում են որպես արցախցու, և կոչ արեց արցախցիներին հավաքվել այսօր, չսպասելով մարտի 29-ին։

Արցախցիների հանդեպ կառավարության խիստ բացասական, արհամարական վերաբերմունքը ակնհայտ է, ինչպես և արցախցիների հավաքական իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Սակայն պետք է բացառել, որ արցախցիների ազնիվ և արդարացված պայքարը որոշ ուժեր որպես սադրանքի նյութ օգտագործեն։

ՆԳ նախարարն արդեն զգուշացրել է, որ դա կարող է տեղի ունենա։

«Լեռնային Ղարաբաղյից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն առանց այդ էլ իրադարձությունների բերումով տուժել են եւ գտնվում են խոցելի իրավիճակում, տեղահանվել են, ունեն բազմաթիվ կարիքներ, եւ անընդհատ փորձել էմոցիոնալ դաշտ ստեղծել նրանց համար, դա որեւէ մեկի համար օգուտ բերող պրոցես չի կարող լինել։ Հակառակը, այդպես ավելի են թիրախավորվում մեր հայրենակիցները»,- ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ի՞նչ է նշանակում՝ «ավելի են թիրախավորվում»։ Արդյո՞ք ինչ-որ «թիրախավորման» միջոցառումներ են նախապատրաստվում։ Եւ որքանո՞վ է դա կապված արցախցիների իրավունքների պաշտպանության և Հայաստանի ներքին լարված իրավիճակի հետ։