«Միացիր մեզ եղբայր, միասին պաշտպանված ենք, առանձին՝ տկար», «արդարություն», «ոչ բռնությանը», «ոչ ոստիանապետությանը» եւ այլ կոչերով արցախցիները բողոքի ակցիա արեցին Քննչական կոմիտեի շենքի մոտ, այնուհետեւ երթով շարժվեցին դեպի Ներքին գործերի նախարարություն։
Այսօրվա ակցիան իրականացվում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի կոչով։ Նա երեկ հայտնել էր, որ ՆԳՆ-ն իր դեմ նյութեր է պատրաստել եւ ուղարկել Քննչական կոմիտե, եւ, ըստ տեղեկությունների, խնդիր է դրված ամեն գնով կալանավորել իրեն։
Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ սկզբում կարծում էր, որ արցախցի լինելը որեւէ դեր չունի, բայց գնալով համոզվում է, որ կապ ունի։ «Իհարկե, խոսել այն մասին, որ խոշտանգման զոհ են դառնում բացառապես արցախցիները, սխալ կլինի, բայց հիմնականում խոշտանգման թիրախում արցախցիներն են, որովհետեւ նրանք ավելի շատ են դեմ արտահայտվում ՀՀ այսօրվա իշխանության վարած քաղաքականությանը»,- ասաց Երիցյանը։
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, հիշեցնենք, վերջին օրերին ակտիվ զբաղվում է Ոստիկանության Վանաձորի բաժանմունքում խոշտանգված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի շահերի պաշտպանությամբ եւ բարձրաձայնում է այս գործով բոլոր խախտումների մասին։
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն ասաց, որ այսօր երկրում ոստիկանապետություն է ստեղծվել, եւ միայն արցախցիների նկատմամբ չէ այս վերաբերմունքը։ «Ոստիկաները Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորի են ծեծի ենթարկում, եւ էլի անպատժելիության մթնոլորտ է։ Այսինքն՝ սա համատարած է, սա միայն արցախցու խնդիր չէ, սա հայի խնդիր է։ Ամբողջ հայ ազգը պետք է ոտքի կանգնի, եւ ցույց տան, որ իրենք են տերը երկրի, այլ ոչ թե ոստիկանապետություն ստեղծած Նիկոլ Փաշինյանը որոշի, թե ով է ճիշտ, ով է սխալ։ Կա օրենք, եւ այդ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»,- ասաց Դավիթ Գալստյանը։