Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածից կամավոր արտագաղթի հետ կապված մարմնի ստեղծմանը։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի աշխատակազմի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ կարծիք էր հայտնել, որ Գազայի հատվածի բնակիչները կարող են վերաբնակեցվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հորդանանում և Եգիպտոսում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «վերահսկելու է» Գազայի հատվածը։
Ուկրաինայի քաղաքացիները, ովքեր գտնվում են Ռուսաստանում առանց օրինական հիմքերի, պետք է լքեն երկիրը կամ կարգավորեն իրենց իրավական կարգավիճակը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, գրված է Վլադիմիր Պուտինի հրամանագրում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
Հիշեցնենք, որ խոսքը ուկրաինացիների մասին է, որոնք ապրել և բնակվում են Դոնբասում և Ռուսաստանի կողմից օկուպացված այլ տարածքներում։
Այսպիսով, Արցախի օրինակը, որտեղից Ռուսաստանն ու Թուրքիան, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ կոնսենսուսով, արտաքսեցին բնիկ հայ բնակչությանը, դարձել է վարակիչ։ «Ռազմական լուծումից» և տեղահանությունից մեկուկես տարի անց ոչ մի միջազգային մարմին կամ օտար պետություն քաղաքական գնահատական չի տվել Արցախում տեղի ունեցածին։ Առավել «համարձակները» սա անվանում են «էթնիկ զտումներ», թեև իրավական իմաստով այս տերմինը որևէ պատասխանատվություն չի ենթադրում։
Մյուս կողմից, Արցախի ժողովրդին «թույլատրվում է» միայն անկապ «վերադարձի իրավունքը», որը նույնպես իրավաբանորեն ոչ պարտադիր կատեգորիա է։
Այնպես որ, Ռուսաստանն ու Իսրայելը կարող են հեշտությամբ վտարել բնիկ բնակչությանը օկուպացված տարածքներից՝ չվախենալով պատասխանատվությունից։ Ավելին, ԱՄՆ-ն արդեն խոսում է օկուպացված տարածքները ռուսական ճանաչելու մասին, քանի որ Դոնբասը և Ղրիմը ռուսալեզու են։ «Եղել են հանրաքվեներ, և մարդկանց մեծամասնությունը նշել է, որ ցանկանում է լինել ռուսական օրենսդրության ներքո», – ասել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ուիթկոֆը:
Ինչ վերաբերում է Պաղեստինին, ապա ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Իսրայելն ունի «բիբլիական իրավունք» այդ տարածքների նկատմամբ։ Իսկ բնիկ ժողովուրդը թող ապրի որտեղ ուզում է։