Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը սոցցանցերում գրել է, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպումն ավարտվել է։
«Զրույցը եղել է կառուցողական և առարկայական. մենք քննարկել ենք առանցքային հարցեր, մասնավորապես էներգետիկայի ոլորտում»,- գրել է նա՝ չհստակեցնելով, թե արդյոք երկուշաբթի նոր հանդիպումներ են նախատեսվում։
ԱՄՆ-ը նախատեսում է քայլեր առաջարկել Ուկրաինայում հրադադարի հասնելու համար՝ սկսած ենթակառուցվածքների և Սև ծովի վրա հարձակումների դադարեցումից, այնուհետև անցնելով հրադադարի ռեժիմի ողջ ճակատային գծի երկայնքով: Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը Fox News-ի եթերում։
Առաջին քայլը պետք է լինի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների փոխադարձ դադարեցումը: «Երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակումը ատոմակայանների, նավթամուղերի և էներգետիկ ցանցերի ուղղությամբ», – ասել է նա։
Հաջորդ քայլը կարող է լինել գերիների փոխանակումը որպես բարի կամքի ժեստ: Այնուհետեւ ամերիկյան կողմն առաջարկում է անցնել Սեւ ծովում անվտանգության ապահովմանը։ Հացահատիկի, գազի և նավթի առևտուրը կարևոր է երկու երկրների և այլ ազգերի համար, ասել է Ուոլցը: Ամերիկացի առաջնորդի խորհրդականի խոսքով՝ այս կետերի իրագործումից հետո կարելի է լուծել ամենադժվար խնդիրը՝ հրադադարի ռեժիմը ողջ ճակատային գծում։
«Դա խրամատային պատերազմ է, որը ձգվում է գրեթե 800 մղոն», – ավելացրեց Ուոլցը: Խորհրդականը նշել է, որ Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է իրավիճակի բարդությունը և այն, թե ինչպես են «երկու կողմերն էլ ամուր ամրացրել իրենց դիրքերը»։
Ավելի վաղ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հնչեցրել էր այն, թե ինչ ԱՄՆ-ն տեսնում է որպես լուծում.
▪️Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել արդեն հաջորդ շաբաթ
▪️Ուկրաինան համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Դրանք տեղի կունենան
▪️ԱՄՆ-ը գրավյալ տարածքների ճանաչումը դիտարկում է որպես ռուսական «կենտրոնական խնդիր».
Դոնբասը, Ղրիմը ռուսախոս են։ Եղել են «հանրաքվեներ, և մարդկանց մեծամասնությունը նշել է, որ ցանկանում է լինել Ռուսաստանի օրենսդրության ներքո»։
▪️Կենտրոնական հարցը մնում է այն, թե արդյոք Զելենսկին կարող է գոյատևել քաղաքականապես, եթե դա ընդունի
▪️ԱՄՆ-ն կենտրոնացած է արդյունքի և համաձայնության վրա, որով կարող է ապրել ուկրաինացի ժողովուրդը
▪️Ուկրաինան դեռ չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի դիրքորոշմամբ, սակայն Հավաքական պաշտպանության դաշինքի 5-րդ հոդվածով նրան երաշխիքներ տրամադրելու հարցը բաց է մնում
▪️Ուկրաինայի նախագահը հայտնվել է բարդ իրավիճակում՝ դիմակայելով չորս անգամ ավելի մեծ բնակչությամբ միջուկային պետությանը։
Ավելի ուշ Սթիվ Ուիթքոֆը բացատրեց իր հայտարարությունը Ուկրաինայի օկուպացված տարածքներում «հանրաքվեների» մասին։ Fox News-ում արված նոր հայտարարության մեջ նա ասել է, որ ինքը ոչ թե իր, այլ Կրեմլի կարծիքն է արտահայտում։ «Ես որևէ կողմ չեմ բռնում», – ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, առանց փաստերի հաստատման ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել։ «Եվ դա հենց այն է, ինչ մենք անում ենք՝ հաստատելով փաստերը»,- հավելեց նա:
Ավելին, Ուիթքոֆը պնդում է, որ Պուտինը «Եվրոպայի վրա հարձակվելու մտադրություն չունի»: Նա այսպես պատասխանեց լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլն ավելի առաջ չի գնա, եթե իրեն «վերադարձնեն» Ուկրաինայի օկուպացված տարածքները։ Ուիթքոֆը նշել է, որ եվրոպական երկրները ՆԱՏՕ-ի անդամ են և ունեն այն զենքը, որն անհրաժեշտ է իրենց պաշտպանելու համար։ Նա «ակադեմիական հարց» է անվանել դեպի Եվրոպա պատերազմի ընդլայնման հեռանկարները և կոչ է արել կենտրոնանալ Ուկրաինայում պատերազմի ավարտի վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է մինչև ապրիլի 20-ը պայմանավորվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի շուրջ։ Եվ դա չնայած այն բանին, որ Կրեմլը խաթարում է հրադադարի մասնակի ռեժիմը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։