Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու համար Հայաստանը երկրորդ հայտն է ներկայացրել

  • 11:58 24.03.2025

«ԵՄ-ի հետ մեր գործընկերության անվտանգային բաղադրիչը հաջողությամբ զարգանում է, քննարկում ենք նոր պաշտպանական եւ անվտանգային հարցերով խորհրդակցությունների մեխանիզմի մեկնարկը, որը մեր քաղաքական եւ անվտագային երկխոսության մաս կկազմի։ Քննարկում ենք այլ ձեւաչափեր, որտեղ պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ աշխատանքներ պետք է սկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ այժմ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգությանն առաջին անգամ հատկացված է մեծ մաս՝ առանձին գլուխ կա դրա վերաբերյալ,»,- այս մասին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիրտորդների մանդատի երկարաձգումը եւս երկու տարով շարունակելու է զսպող գործոն հանդիսանալ՝ նպաստելով սահմանային շրջաններում կայունության միջավայրի ապահովմանը եւ էսկալյացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը։

Ըստ Պարույր Հովհաննիսյանի՝ պաշտպանության ոլորտում արդեն կա շատ կոնկրետ շոշափելի ծրագիր՝ Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու հնարավորությունը․ «Եվ մենք երկրորդ հայտն ենք արդեն ներկայացրել այս թվականի համար, Պաշտպանության նախարարության հետ ընթանում է բավականին ակտիվ աշխատանք»։

Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներառվեց վաղը մեկնարկող նիստերի օրակարգ։