Ադրբեջանի այս գործելաոճը նոր գործելաոճ չէ, անցած տարի, նախանցած տարի բազմաթիվ են եղել նման հայտարարությունները, թե իբր Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում։ Հիմա, իհարկե, ունենք շատ կարեւոր գործիք, դա Եվրամիության դիտորդներն են, որոնք արձագանքեցին այս ամենին։ Միջազգային հանրությունը լավ գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որեւէ դրական գործընթացի»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Հարցին, թե այդ դեպքում ԵՄ դիտորդներին սահմանամերձ շրաջաններից հանելը ի՞նչ հետեւանք կունենա, նա պատասխանեց, որ դեռ այդ սցենարը քննարկելու կարիք չկա, քանի պայմանագրի կնքման գործընթացն այդքան էլ արագ չի շարժվում առաջ։
«ԵՄ դիտորդների այս մանդատը երկու տարով է։ Իհարկե, հետագայում, եթե ունենանք խաղաղության այդ առաջընթացը, եթե ստորագրենք, վավերացնենք, եւ իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, մենք կարող ենք քննարկել նոր մանդատ Եվրամիության դիտորդների համար։ Պարտադիր չէ, որ նրանք սահմանափակվեն սահմանագծով, մանդատում կա նաեւ վստահության միջոցառումների ստեղծումը։ Ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդները շարունակեն մնալ»,- ասաց նա։
Պարույր Հովհաննիսյանը նաեւ հարցադրում արեց․ «Եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք Եվրամիության դիտորդները հանդիսանո՞ւմ են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է, իսկ երրորդ երկրի ուժ ասելով՝ սովորաբար խոսք է գնում ռազմական ներկայության մասին։ Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ»։
Հարցին, որ երբ Բաքուն պահանջում է ՀՀ սահանից հեռացնել երրորդ ուժերին՝ ԵՄ դիտորդներին, հստակեցվե՞լ է, իսկ Բաքուն ո՞ր ուժերին է հետ քաշելու՝ որպես երրորդ կողմի ներկայացուցիչ, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Խոսքը չի գնում միայն հետքաշման մասին, խոսքը գնում է նաեւ ապագայում հնարավոր ուժերի մասին։ Այդ առումով, իհարկե, այլ սցենարներ հնարավոր են։ Խոսքը գնում է երկուստեք բացառել երրորդ կողմի ուժերի ներկայությունը սահմանի վրա»։