Լարիսա Հարությունյանը երկար տարիներ աշխատել է Տողի թանգարանում՝ ամբողջ հոգով նվիրված Մելիք Եգանյանների ապարանքներին: Հինգ երեխա է մեծացրել՝ 4 աղջիկ, 1 տղա: Բոլոր երեխանները իրենց ընտանիքներով ապրում և արարում էին Հադրութում:
«Թանգարանի ողջ ֆոնդը մնացել է Տողոմ, նույնիսկ արծաթե դրամները: Թանգարանի բանալիները մեր տան բանալիների հետ դեռ պայուսակումս են, չեմ կարող հանել»:
Վերջի օրերին գյուղում մի քանի կին էին մնացել, հետո ստիպել են հեռանալ գյուղից․ մտածում էին, որ մի քանի օրեց կվերադառնան նորից։ «Չեի ուզում հեռանալ գյուղից․ որդիս պատերազմում էր, իմ արյունը թանկ չէ նրա արյունից, բայց ամուսինս ստիպել էր, որ գնամ: Ասացին, որ երեք օրով ենք գնում ու հետո նորից գալու ենք, բայց… չեկանք: Նույնիսկ վերջին անգամ հրաժեշտ չտվեցինք»:
Տնից գրեթե ոչինչ չեն վերցրել, ոչ տեխնիկա, և ոչ էլ նույնիսկ փաստաթղթերը: «Իմ փաստաթղթերը հետո բարեկամս էր բերել: Ամուսինս էլ այն մարդկանցից մեկն էր, որ վերջինը դուրս եկավ գյուղից, բայց նույնիսկ իր փաստաթղերը չի վերցրել, և աշխատանքային գրքույկի բացակայության պատճառով նրա այդքան տարիների աշխատանքային ստաժը կորել է: Մեր բոլոր գյուղտեխնիկան ևս մնաց այնտեղ: Բայց ոչ այդ փաստաթղթերը, ոչ էլ այդքան տարիների մեր ջանքերը աչքիս չեն երևում, ցավը՝ կորսյալ մարդկային կյանքերն են, որոնք այլևս հետ չես բերի»:
Ինչպես բոլոր արցախցիները, տիկին Լարիսան ևս մտահոգված է 40+10 աջակցության կրճատմամբ, ինչը կործանարար հետևանք է ունենալու արցախահայության համար: «Ես և ամուսինս գոնե թոշակառու ենք, ինչ-որ չափով աջակցությունը մեր համար շարունակվելու է, բա ի՞նչ պետք է այն ընտանիքները, ովքեր ունեն երեխաներ, մենակ են, չունեն ընտանիքում կերակրող, վիրավոր են: Այդ աջակցությամբ գոնե տան՝ վարձերը վճարենք, իսկ աշխատավարձով մյուս ծախսերը հոգանք: Հասկանալի է, որ արցախահայության մեծ մասը ապրում են վարձով, իսկ վարձի գները աստղաբաշխական են»:
Տիկին Լարիսան ևս երազում է մի օր վերադառնալ տուն, որտեղ ծնվել, ընտանիք է կազմել, երախա մեծացրել, աշխատել:
«Հավատում եմ, որ Աստծո կամքով, մեր տղաների ջանքերով մի օր հետ ենք վերադառնալու մեր հայկական Արցախ: Բայց բոլորը պետք է կանգնեն մեր տղաների կողքին։ Հեռվում կանգնած հայ չպիտի լինի»:
Ալվարդ Գրիգորյան