Կալաձեն ներողություն է խնդրել, բայց ՈՒԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել, և Վրաստան-Թուրքիա հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի

  • 21:20 24.03.2025

Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպը չի ազդի վրացիների և հայերի հարաբերությունների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի հավաքականի նախկին ավագ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Տհաճ միջադեպ է տեղի ունեցել, բայց սա ֆուտբոլ է, իսկ ֆուտբոլում երբեմն բախումներ են լինում երկրպագուների միջև»,- ասել է Կալաձեն։

Ավելի վաղ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Լևան Կոբիաշվիլին նշել էր, որ ՈՒԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ՝ Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հայ երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Եւ այդ դեպքում Վրաստան-Թուրքիա հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպումից հետո, որն ավարտվել էր 6։1 հաշվով՝ հօգուտ Վրաստանի, անկարգություններ էին սկսվել։

Եզրափակիչ սուլիչից հետո վրացի երկրպագուները վազեցին խաղադաշտ և շարժվեցին դեպի տրիբունա, որտեղ գտնվում էին հայ երկրպագուները, սկսվեց վիճաբանություն, տարբեր առարկաներ նետվեցին դեպի հայկական տրիբունա։