Ռուսաստանը պահանջում է ամբողջ տարածքը. ԱՄՆ-ն ասում է, որ կքննարկի զինադադարից հետո

  • 10:14 25.03.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության մասին մանրամասները կարող են քննարկվել միայն ամբողջական զինադադարից հետո։ Այս մասին երկուշաբթի օրը՝ մարտի 24-ին, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Սպիտակ տունը օրինական է համարում Ռուսաստանի իրավունքները Ռուսաստանի կողմից բռնակցված ուկրաինական շրջանների նկատմամբ։

Բրյուսն ընդգծել է, որ ամերիկացի բանակցողները ներկայումս աշխատում են լուծման վրա, որը կբավարարի հակամարտող բոլոր կողմերին։ «Այն, ինչ մենք փորձում ենք անել այստեղ, այս տարածաշրջանում, այս երկու երկրներում խաղաղություն ապահովելն է… դա միակ բանն է, որի վրա կենտրոնացած է նախագահը (Դոնալդ Թրամփը – Խմբ.)»,- ասել է մամուլի քարտուղարը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները մարտի 24-ի երեկոյան Էր Ռիադում ավարտել են բանակցությունները, հաղորդում են ռուսական պետական ​​ТАСС-ը և ՌԻԱ Նովոստին։ Հանդիպումը տեւել է ավելի քան 12 ժամ։

Նախօրեին՝ մարտի 23-ին, Էր Ռիադում բանակցություններ են տեղի ունեցել Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների միջև։ Հանդիպումից հետո ուկրաինական պատվիրակությունը մնացել է Էր Ռիադում՝ սպասելու ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների արդյունքներին։ Մարտի 25-ին կկայանա ուկրաինական պատվիրակության հերթական հանդիպումը ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

Պաշտոնական Մոսկվան Սաուդյան Արաբիայում, այսպես կոչված, «խաղաղության» բանակցություններում առաջադրել է հետևյալ պահանջները՝ Զապորոժյեյի, Խերսոնի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերի  ողջ տարածքը, գրում է The Moscow Times-ը՝ վկայակոչելով ռուսական իշխանություններին մոտ կանգնած սեփական աղբյուրները։

Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականի փետրվարի դրությամբ Ռուսաստանը վերահսկում էր Լուգանսկի շրջանի 98,6%-ը, Դոնեցկի շրջանի 62,6%-ը, Զապորոժյեյի շրջանի 71,9%-ը, Խերսոնի շրջանի 69,3%-ը։ Ռազմական վերլուծաբան Դեյվիդ Շարփի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ի վիճակի չէ իր բանակի միջոցով կարճ ժամանակում ամբողջությամբ գրավել նշանակված մարզերը։ Առավել եւս՝ անցնել Դնեպրը ու երկրորդ անգամ վերցնել Խերսոնը։