Nalbandyan’s Art. Մի անգամ պատվեր ստացա Ամերիկայից ու փոստի միջոցով կատարեցինք առաքումը

  • 11:05 25.03.2025

Արցախցի Սպարտակը 14 տարեկան է, սովորում է Արտաշատի ՀՃգնավորյանի անվան հ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ Նրա ընտանիքը տեղահանվել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքից և հաստատվել Արտաշատ քաղաքում։ Դեռևս փոքր տարիքից էր տղայի մեջ սեր նկատվում դեպի նկարչությունը։ Արցախից տեղահանվելուց հետո Սպարտակն Արցախում ստեղծած իր Nalbandyan’s Art բրենդն սկսեց զարգացնել և արդեն ունի իր փոքրիկ բիզնեսը։

Պատանու մոտ նկարելու տաղանդն ավելի ցայտուն է դարձել Ասկերանի ՄՊՍԿում, որի նկարչության բաժնի սանն էր 2018 թվականից։ Նա մասնակցել է մի շարք միջոցառումների՝ արժանանալով գովասանագրերի ու շնորհակալագրերի։ Արցախի ՀանրապետությանՃանաչիր ինձ իմ ունակություններովխորագրով մրցույթին գրավել է առաջին տեղը։ Ցանկանում էր ուսումը շարունակել Ստեփանակերտի արվեստի դպրոցում, սակայն պատերազմը խորտակեց նրա երազանքը։ Ցավոք, տեղահանման ժամանակ Սպարտակը չկարողացավ իր հետ վերցնել մասնագիտական գործիքները․․․

-Նկարել շատ եմ սիրում և ստեղծագործելու պահին կտրվում եմ ամեն ինչից, ընկնում գեղեցիկի աշխարհը։ 2021 թվականին եմ ստեղծել իմ առաջին գործը։ Նկարել եմ հագուստի վրա ու հասկացել, որ լավ է ստացվում, և իմ առաջին աշխատանքն ինձ լավատեսությամբ է լցրել։

Սկսել եմ նկարել պայուսակների, գլխարկների, շապիկների ու այլ իրերի վրա։ Երևակայությանս արդյունքում կարողանում էի ստեղծել յուրահատուկ գործեր։

Արցախից տեղահանվելուց հետո հասկացա, որ պետք է ընդլայնեմ բիզնեսս և օգնեմ ծնողներիս։ Աշխատում եմ սիրով, նկարում մեծ հաճույքով և ուրախանում, երբ պատվիրատուներս գոհ են մնում իմ բրենդից։ Ամեն մի նկար անելուց առաջ մտածում եմ, որ այն պետք է տարբերվի մյուսներից և դուր գա պատվիրատուին։ Երևի ինձ օգնում է նաև այն, որ սիրում եմ մարդկանց հետ շփվել, իմանալ նրանց նախասիրությունների մասին։

Արտաշատում իմ բիզնեսը սկսելու պահին մտածում էի, որ միայն այստեղ կարող եմ պատվիրատուներ ձեռք բերել։ Երբեք չէի պատկերացնում, որ արտերկրից ևս պատվերներ կունենամ։ Աշխատում եմ օնլայն պատվերով։ Մի անգամ պատվեր ստացա Ամերիկայից ու փոստի միջոցով կատարեցինք առաքումը։ Ցանկացած պատվեր կատարելիս մեծ պատասխանատվություն եմ զգում, որովհետև նախևառաջ ներկայացնում եմ արցախցու կատարած աշխատանքը, որը պետք է միշտ արժանավայել լինի։

Քանի որ մոտենում են ավարտական քննությունները, երբեմն գիշերներն եմ աշխատում, որ հասցնեմ։

Արդեն մի տարի է, ինչ հաճախում եմ պրոֆեսիոնալ նկարչության դպրոց։ Պատրաստվում եմ ընդունվել Երևանի Թերլեմեզյան ուսումնարանը,-ասում է Սպարտակը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ