Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ադրբեջանն անակնկալի է եկել, որ Հայաստանը համաձայնել է ստորագրել

  • 12:43 25.03.2025

«Բազմիցս հայտարարվել է, որ պայմանագրի բոլոր կետերը վերաբերում են երկու կողմին։ Եթե, օրինակ, այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում ստորագրել ու ագրեսիվ վարք դրսեւորում, արդյոք փակուղո՞ւմ են հայտնվել, Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ փակուղի է, երեւի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելը եւ այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելը»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ադրբեջանն անակնկալի է եկել, որ Հայաստանը համաձայնել է ստորագրել, քանի որ ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնել՝ իմանալով, որ, մեկ է, հայերը չեն համաձայնելու։

Ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական զինված ուժերը կրակում են իրենց ուղղությամբ։ Անդրադառնալով այդ հարցին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Կարծում եմ, որ կրակոցները, որոնց դուք մատնանշում են, որոնք իրենց մամուլում տեղ են գտել, դրանք առանձին հետաքննության առիթ են եւ կարող են առանձին երկկողմ հետաքննության առիթ հանդիսանալ։ Այդ ուղղությամբ աշխատանքեր են տարվում, որպեսզի թե այս հրապարակումների հետ կապված, թե հետագա հրապարակումների վերաբերյալ որեւէ մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի նման բաներից խուսափել»։