Հայքը չէր ջախջախվել ոչ տնտեսական, ոչ զորահավաքային և նույնիսկ ոչ ամբողջական ռազմական առումով։ Այն քաղաքականապես էր բարոյալքվել

  • 13:44 25.03.2025

ՌԱԶՄԻԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏՎԱԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք բազմիցս քննադատել ենք Հայքի զինված ուժերի վիճակն ու դիրքը՝ մատնանշելով բանակի թույլ կողմերն ու թերությունները:

Այսօր մեր որոշ հայրենակիցների զարմացնում է այն փաստը, թե ինչու մենք, նախկինում բարձրացնելով ՀՀ զինված ուժերի հիմնական խնդիրները, այսօր կասկածի տակ ենք դնում Հայքի պարտությունը 44-օրյա պատերազմում: Եվ այդ կապակցությամբ ուզում ենք անմիջապես պարզաբանել․ այստեղ որևէ հակասություն չկա։

Հասարակությունը անհանգիստ է, քանի որ պարտության զգացումը նրա մեջ բացակայում է: Եվ սա շատ հետաքրքիր երևույթ է, քանի որ նույնիսկ այդքան մեծ ապատեղեկատվությունից ու հոգեբանական ճնշումներից հետո, հասարակությունը զգում է, որ ինչ-որ բան այն չէ:

Օրինակ՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ընթացքում չկային հայ ռազմագերիներ, և ինչո՞ւ նրանք բոլորը հայտնվեցին Ադրբեջանի մոտ միայն մարտական գործողությունների ավարտից հետո:

Ինչո՞ւ էին Արցախյան առաջին պատերազմի գեներալներն ու հերոսները խաբում մեզ՝ հայտարարելով, թե Արցախում այլևս սպառազինություն և զինամթերք չի մնացել, մինչդեռ Արցախի կապիտուլյացիայից հետո հասարակությունը ցնցված էր Ադրբեջանին փոխանցված սպառազինությունների ահռելի քանակով, որն առկա էր Արցախի Պաշտպանության բանակի տրամադրության տակ նույնիսկ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերումից հետո։

Ինչո՞ւ էին Շուշիի շրջանի կամավորական ջոկատները բացականչում և օգնություն խնդրում՝ հայտարարելով զինվորների պակասի մասին, իսկ որոշ ժամանակ անց իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ 11 458 քառակուսի կիլոմետրի վրա շուրջ 30 հազար զինվոր է եղել։ Եվ դա ճիշտ էր, քանի որ ավելի ուշ պարզ դարձավ, որ հիմնական ուժերը ինչ-որ պատճառով կենտրոնացված էին հյուսիսում, թեև լեռնաանտառային տեղանքի պատճառով դրա կարիքը չկար։

Ո՞ւր են այն հարյուրավոր «դավաճանների» դատավարությունները, որոնց մասին այդքան բարձրաձայնում էին իշխանական կառույցներն ու ԱԱԾ-ն։

Ինչո՞ւ զինադադարից հետո գերության մեջ հայտնված հայ զինվորներին չտրվեց Արցախի զինծառայողների կարգավիճակ։

Ինչո՞ւ Սյունիքի տարածքից հայկական ստորաբաժանումները զանգվածային հարված չհասցրեցին ադրբեջանական զորքերին, որոնք տեղաշարժվում էին Արաքսի գետի ափին գտնվող հարթավայրերով։

Ինչո՞ւ Սյունիքի տարածքից հայկական ստորաբաժանումները չիջան ներքև՝ հարավում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կանգնեցնելու համար։

Այս բոլոր հարցերին վաղ թե ուշ ստիպված կլինեն պատասխանել նրանք, ովքեր օգտագործելով իրենց հեղինակությունը՝ փորձում էին հայ հասարակության մեջ սերմանել պարտվողական տրամադրություններ՝ հետապնդելով իրենց սեփական քաղաքական նպատակները։

Հասարակությունում հաճախ առաջանում է թյուր կարծիք, թե երկրի պարտությունը որոշվում է բացառապես ռազմական գործողությունների ավարտով կամ որոշ տարածքների կորստով։ Կա նաև կարծիք, որ պարտությունը որոշվում է քաղաքական մակարդակով, ինչը, անշուշտ, ճիշտ է, քանի որ հենց այս երևույթի հետ է բախվել հայկական հասարակությունը։

Գոյություն ունեն երեք հիմնական չափանիշներ, որոնք միանշանակ սահմանում են, թե պետությունը պարտվե՞լ է պատերազմում, թե՞ ոչ։ Այս չափանիշներն են․

  • Պետության կանոնավոր բանակի վիճակը․

Եթե պետության զինված ուժերի հիմնական մասը շարունակում է պահպանել իր մարտունակությունը, թվաքանակը և կառուցվածքը, զգալի կորուստներ անձնակազմի և տեխնիկայի մեջ տեղի չեն ունեցել, ինչպես նաև կա հնարավորություն արագ ավելացնելու ռազմական ներուժը, նշանակում է՝ բանակը լիարժեք պարտություն չի կրել։

  • Պետության տնտեսական վիճակը․

Տնտեսությունը ցանկացած պատերազմի կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Եթե պետության տնտեսությունը ավերված չէ, ֆինանսական համակարգը գործում է, պահպանվում են արտադրական հզորությունները և ենթակառուցվածքները, ապա պետությունը հնարավորություն ունի շարունակել պատերազմը, նույնիսկ եթե ժամանակավորապես դադարեցրել է մարտական գործողությունները։

  • Զորահավաքային ռեսուրս․

Եթե պետությունը պահպանել է գրեթե ամբողջ զորահավաքային ներուժը և անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավել բավարար թվով նոր պահեստազորայիններ և մասնագետներ, դա նշանակում է, որ երկիրը ունակ է վերսկսելու կամ շարունակելու մարտական գործողությունները։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո.

  1. Հայքը Արցախի պատերազմի ընթացքում չի անցկացնել [Արցախ ուղարկելու համար] համընդհանուր զորահավաք։ Հայքի տարածքում տեղակայված հիմնական կանոնավոր բանակը ամբողջական ծավալով չի մասնակցել ռազմական գործողություններին։ Կիրառվել են միայն առանձին զորամասեր և ստորաբաժանումներ՝ հրետանավորներ, ՀՕՊ հաշվարկներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ և կամավորների փոքրաթիվ խմբեր։
  2. Հայքի տնտեսությունն պատերազմից հետո մնացել է գրեթե անվնաս և շարունակել է գործել նախկին ռեժիմով։ Կորուստներ առանցքային տնտեսական ճյուղերում չեն արձանագրվել։ Պետական ֆինանսական ռեսուրսները չեն սպառվել կրիտիկական մակարդակի, ենթակառուցվածքները պահպանել են իրենց աշխատունակությունը։ Վարկունակությունն էլ է պահպանվել։
  3. Հայքի զորահավաքային ռեսուրսը մնացել է գրեթե ամբողջությամբ պահպանված, ինչը թույլ էր տալիս անհրաժեշտության դեպքում կարճ ժամանակահատվածում ներգրավել տասնյակ հազարավոր պահեստազորայինների և մասնագետների։ Ավելին, Հայքնն ընդհանրապես խնդիրներ չի ունեցել պահեստազորայինների հավաքագրման հետ։ Հակառակը՝ խնդիրներն առաջացել են կամավորների ավելցուկի պատճառով, որոնց պարբերաբար հաշվառելուց հետո ստիպված էին տուն ուղարկել։

Հայկական հասարակությանը հետևյալ հարցն է պետք ուղղել․

Ինչո՞ւ է այս պայմաններում ռազմական գործողությունների ավարտը ներկայացվում հայկական հասարակությանը որպես բացարձակ և անդառնալի պարտություն։ Պատասխանը պարզ է․ որովհետև Հայքում կան շահագրգիռ ուժեր, որոնք ցանկանում են, որ հասարակությունը հավատա պարտությանը և իրեն զգա պարտված։ Իսկ ո՞րն է այս շահագրգռվածությունը, կհարցնեն շատերը։ Շահագրգռվածությունը նրանում է, որ ճնշեն հասարակության այն տրամադրությունները, որոնցից այնքան վախենում է Ալիևը՝ ռևանշիզմը։

Իշխող կուսակցությունը փորձում է օգտագործել «պարտությունը» որպես գործիք սեփական քաղաքական որոշումները արդարացնելու համար, հայտարարելով, որ ողջ մեղքը նախկին իշխանությունների վրա է, որոնք իբրև թե կործանել են բանակը մինչև 2018 թվականը։ Ընդդիմությունն էլ պնդում է, որ պարտությունը հետևանք էր դավաճանության և իշխանությունների՝ Արցախը պաշտպանելու ցանկության բացակայության։

Բայց փաստերը վկայում են՝ պատերազմը լիարժեք պարտված չէր, քանի որ բանակը լիովին ջախջախված չի եղել․ պետությունը կարող էր շարունակել պատերազմը։ Նման դեպքում ռազմական գործողությունների ավարտը կարելի է դիտարկել բացառապես որպես քաղաքական որոշում, այլ ոչ թե ռազմական պարտություն։

Պարտվողական քարոզչության նպատակը հայ ժողովրդին սեփական ուժերի հանդեպ հավատից զրկելն է, կոտրել նրա կամքը և դիմադրելու ունակությունը։ Եվ հենց այս հարցի շուրջ պետք է խորհի Հայքի յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ ռազմավարական պարտությունը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ դրան հավատում է հենց ինքը՝ ժողովուրդը։

Կարևոր գործոն էր միջազգային աջակցությունը, որը պատերազմի վերջին օրերին սկսեց ակտիվանալ Ֆրանսիայի ջանքերի շնորհիվ։ Սփյուռքը, որն ուներ հսկայական ներուժ, իշխանությունների կողմից փաստացի անտեսված էր և ստիպված էր ինքնուրույն մոբիլիզացվել՝ COVID-19 համավարակի պայմաններում և հստակ կազմակերպվածության բացակայությամբ։ Նույնիսկ այս պայմաններում Սփյուռքը ամեն օր Հայքին էր ուղարկում մոտ 5 միլիոն դոլար (44-օրյա պատերազմի ընթացքում 250 մլն դոլար)։ Պատերազմի համար սա փոքր գումար էր, բայց նման մոբիլիզացիայի փաստն ինքնին վկայում էր, որ հայ ժողովուրդն ունակ է ինքնակազմակերպվել անգամ առանց որևէ աջակցության։

Այսպիսով, պետք է հասկանալ, որ Հայքը չէր ջախջախվել ոչ տնտեսական, ոչ զորահավաքային և նույնիսկ ոչ ամբողջական ռազմական առումով։ Այն քաղաքականապես էր բարոյալքվել։ Հենց այդ պատճառով պարտվողական տրամադրությունները հասարակության մեջ արհեստականորեն ստեղծված և ծայրահեղ վտանգավոր մանիպուլյացիոն գործիք են, որին կարելի է հակազդել բացառապես առողջ բանականությամբ։

Տպագրված է կրճատումներով

«#ՌԱԶՄԻԿ»