Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր Երեւանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով Հայաստանից միջանցք ստանալ։
«Մենք գտնում ենք, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ու դիվանագիտության միջոցով եւ դեմ ենք ցանկացած ռազմական քայլի։ Հաղորդակցությունների ուղիների, տրանզիտային ուղիների ձեւավորումը տարածաշրջանում դա ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո, պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը եւ ազգային օրենքները։ Եթե տարածաշրջանի երկրները կուզենան օգտագործել հաղորդակցության ուղիները, Իրանը միանգամայն կողմ է, բայց, կրկնում եմ, երկրների ազգային ինքնիշխանության եւ նաեւ ճանաչված միջազգային սահմանների հարգման շրջանակներում։ Բացի սրանից, ցանկացած ուղի չի համարվում ընդունելի»,- ասաց Իրանի արտգործնախարարը։
Նա հավելեց, որ Իրանը աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «էսկալյացիայի բարձրացման վտանգ կա տարածաշրջանում, մենք հուսով ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնի կհասնեն, եւ մենք տարածաշրջանում կհասնենք կայունության, որը բոլորի շահերից է բխում»,- հավելեց Արաղչին։