Հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայենցված համաձայնագիրը, և այդ պահից սկսած՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կատաղի պայքար է սկսել խաղաղության օրակարգի և խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման դեմ: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Պարոն Կոնջորյանը կարծես այլ երկրի մասին է խոսում, որտեղ մարդիկ դուրս են եկել փոխոց և կատաղի պայքարում են հանրապետությունը կործանելու և սուլթանաթի վերածելու իրենց նախագահի մտադրության դեմ։ Խոսքը Թուրքիայի մասին է։ Իսկ Հայաստանում հանրապետության համար կարծես ոչ մի պայքար էլ չկա, բացի մի քանի ելույթներից։
Այո, ընդդիմությունը ասում է, որ համաձայնագիր կոչվածը՝ միակողմանի կապիտուլյացիա է, որ դրանով իշխանական ուժը կործանում է երկիրը, բայց պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել միայն Հանրապետական կուսակցությունը, ընդ որում, ոչ այնքան «կատաղի»։ Իսկ ընդհանուր առմամբ ոչ ոք չի առարկում կապիտուլյացիան, հակառակը՝ նպաստում է դրան տարբետ քաղտեխնոլոգիաներով։
Ասենք, «կատաղի պայքարը» սահուն հանգեցրել են մեկ “պայմանի”՝ չի կարող համաձայնագիր ստորագրվել, եթե հայ գերիները դեռ Բաքվում են։ Այսինքն՝ եթե Բաքվում չլինեն, կարելի է հանգիստ ստորագրել,քանի որ մնացածը ОК է։
Պատահական չէ, որ հենց գերիների ազատման պահանջը ակտիվացավ, երբ Հայաստանի կառավարիչները հայտարարեցին, թե պատրաստ են ստորագրել հայկական բոլոր իրավունքներից, տարածքներից, շահերից հրաժարվելու մասին «համաձայնագիրը»։ Եւ եթե հաջողվեր գերներին “համաձայնագրի” հետ փոխանակել, “կհաղթեին” և կառավարությունը, և ընդդիմությունը։
Բայց «գերիներ-համաձայնագիր» գործարքը կարծես թե չի ստացվում, Բաքուն և նրա տերերը ուզում են համոզվել, որ Հայաստանը կինքնալուծարվի՝ առանց որևէ դիմադրության և պայմանի, «կճանաչի» իր բոլոր մեղքերը, կասի, որ «ղալաթ ենք արել», որ Ղարաբաղի հարց ենք բարձրացրել։ Եւ այդ դեպքում գերիներին Բաքվից Հաագա կտանեն, որպեսզի միջազգայնորեն հաստատվի հայի «ղալաթը»։
Հայկ Կոնջորյնն այն ժամանակ կասի, որ ամեն ինչում ընդդիմությունն է մեղավոր, քանի որ «կատաղի պայքարում» էր։ Եւ ոչ ոք չի հարցնի, որտե՞ղ էր պայքարում, կարո՞ղ է՝ իշխանությանը վերջնագիր է ներկայացրել, ասելով, որ հեղափոխություն կանի, եթե համաձայնագիրը ստորագրվի։ Թե՞ ասել է՝ վերջապես վայր կդնենք մանդատնեը։
Հենց ընդդիմությունն է կապիտուլյացիայի դեմ «կատաղի պայքարը» փոխարինել գերիների համար «հումանիտար» պահանջով, կարծես թե այլ առարկություններ չունի։
Ինչպես և Արցախյան իրավաքաղաքական խնդիրը սկզբից իշխանությունը «փոխարինեց» հումանիտար հարցերով, հետո ընդդիմությունը էստաֆետը վերցրեց և երկու կեղծ թեզ հորինեց՝ «էթնիկ զտում» և «վերադարձի իրավունք»։ Ինչպես իրավաբաններն են ասում, այդ երկու թեզերը ոչ միայն իրավական պարտավորություն չեն ենթադրում, այլև կոծկում են հայերի հանդեպ կատարված ցեղասպանության, օկուպացիայի և բռնի տեղահանության ծանր մեղքը։
Արդյունքում հանուն Արցախի «կատաղի պայքարը» վերածվել է նրան, որ քաղաքակիրթ արևմտյան երկրների խորհրդարանները կատարվածը «էթնիկ զտում» են անվանում և կոչ անում Բաքվին՝ հայերին վերադառնալու իրավունք տա։ Բաքուն թքած ունի, իսկ ընդդիմությունը խոստովանում՝ դրա լավը միայն այն, որ Արցախի խնդիրը չի «փակվում» և մնում է միջազգային օրակարգում։
«150 հազար մարդու խախտված իրավունքների վրա խաղաղություն կառուցելն անարդյունավետ է, անարդար և անիրագործելի, անիրատեսության շղարշի ներքո սեփական իրավունքներից հրաժարվելն անընդունելի է»: Այս մասին ԱրցախTV-ի տեսանյութում ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ոչ միայն Արցախի, այլև հայկական լեռնաշխարհի այլ տարածքների իրավունքների վրաէ կառուցված այս “համաձայնագիրը”։ «Կատաղի պայքարի» դուրս եկած իրական ընդդիմությունը հարցեր կբարձրացներ Կարսի պայմանագրի մասին՝ չէ որ Փաշինյանի թիթեղյա քարտեզի սահմանների մեծ մասը հենց այդ ռուս-թուրքական պայմանագրով է որոշված։ Հիմա պայմանագիրը չեղյալ է արվում, և բազարը միայն այն է, թե ինչ է հասնելու թուրքին, ինչ՝ ռուսին։ Հայաստանը միայն մտքերում կմնա։