Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։
Նախագիծը, որն Ազգային ժողով է հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 12-ին: Երկրորդ ընթերցումից առաջ հարցը քննարկվեց ու դրական եզրակացություն ստացավ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում։
«Մենք բերել ենք այս օրենքի նախագիծը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն արտահայտի իր քաղաքական կամքը՝ դեպի Եվրոպական միություն գնալու: Այս ընթացքն անշրջելի է: Ժողովուրդը սրա կողմնակիցն է», – հայտարարում էր «Եվրաքվե» նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
Օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այն «քաղաքական կամքի մասին է»: Խորհրդարանական ընդդիմություն էլ ասում է՝ «տպավորություն է, որ Հայաստանը դուրս է գալիս մի պրոցեսի, որտեղ հեռանկար չկա»։