Պատգամավոր. կրակոցները չեն թիրախավորում մեր դիրքերը, եւ վիրավորներ չկան

  • 14:30 26.03.2025

ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը լրագրողների հետ ճեպազրուցյում հաստատեց տեղեկությունները, որ վերջին օրերին Սյունիքում հակառակորդի կողմից կրակոցների ձայներ են լսում։ «Սակայն դրանք չունեն թիրախային բնույթ եւ ինտենսիվ չեն»,- ասաց նա։

«Դուք պետք է մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք, թե դա ինչի համար է արվում»,- լրագրողներին ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մառախուղի ժամանակ, օրինակ, օդն են կրակում։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, որոնք փաստում են, որ Գորիս քաղաքի, Խնածախ ու Խոզնավար գյուղերի բնակիչները վերջին օրերին գիշերային ժամերին ինտենսիվ կրակոցների ձայներ են լսում։ Գյուղացիները լրագրողների հետ զրույցում հաստատել են, որ հակառակորդ կողմից կրակոցներ կան։ Միայն այս ահազանգերից հետո երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը»։

«Ես քաջատեղյակ եմ՝ այս կրակոցները չեն կրում կոնկրետ թիրախավորված եւ ինտենսիվ բնույթ, չեն թիրախավորում մեր դիրքերը, եւ վիրավորներ չկան։ Բայց եթե կրակոց կա, վտանգ ամեն դեպքում կա»,- լրագրողներին ասաց Նարեկ Ղահրամանյանը։