Չնայած, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ասում է, որ սահմանում “ինտենսիվ” կրակոցներ չկան, Հայաստանը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստ է հրավիել հնարավոր էսկալացիայի հարցով։
Հայաստանը Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մտահոգիչ նշաններ է տեսնում. Այս մասին Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ արտահերթ նիստում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսոգոմոնյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հետաքննում է հրադադարի ռեժիմի հնարավոր խախտման դեպքերը։
Աբիսոգոմոնյանի խոսքով, Երևանը Բաքվին առաջարկել է ստեղծել միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ՝ դուրս բերել զորքերը սահմանից և վերահսկողություն սահմանել զենքի վրա։ Սակայն Ադրբեջանը կառուցողական պատասխան չտվեց, ինչը կասկածի տակ է դնում նրա հայտարարությունների անկեղծությունը և հարցականի տակ դնում պաշտոնական Բաքվի իրական նպատակները։
Աբիսոգոմոնյանը նաև ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության քարոզարշավի ակտիվացման վրա. Նրա խոսքով, Բաքուն կեղծ տեղեկություններ է տարածում հրադադարի ենթադրյալ խախտումների մասին՝ դրանք օգտագործելով որպես հնարավոր էսկալացիայի պատրվակ։
Եթե Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել ԵԱՀԿ Մինսի գոյությանը, ապա ամենատրամաբանական և լեգիտիմ կարճ ճանապարհը՝ Համաձայնագրի ստորագրումն է, Վիեննայում հայտարարել է փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Աբիսողոմոնյանը շեշտել է՝ Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի՝ պաշտոնական և ինստիտուցիոնալ կերպով արձանագրելով հակամարտության ավարտը: Հակառակ դեպքում, ըստ փոխարտգործնապարարի, դա կնշանակի սայլը ձիուց առաջ դնել:
Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին՝ Աբիսողոմոնյանը նախ վկայակոչեց Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, ապա շեշտեց՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի պարունակում որևէ դրույթ, որը կարող է ենթադրել տարածքային պահանջ որևէ երրորդ երկրի նկատմամբ։
Միևնույն ժամանակ փոխարտգործնախարարը նկատեց՝ իրականում, մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։
«Ադրբեջանի սահմանադրության նախաբանում հղում է արվում Ադրբեջանի խորհրդարանի կողմից 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին։ Իսկ այդ Սահմանադրական ակտում հղում է արվում 1918թ. ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը։ 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, որում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 60 տոկոսը ներառված էր Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ», – հայտարարեց Աբիսողոմոնյանը։
Իսկ թե ինչու Երևանը չի բարձրացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը, փոխարտգործնախարարը պարզաբանեց՝ Խաղաղության համաձայնագրում ներառված է հոդված, ըստ որի, կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ Համաձայնագրի չկատարումը արդարացնելու նպատակով։
«Մեկ այլ հոդված սահմանում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չներկայացնել։ Ավելին, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների շրջանակներում», – շեշտեց Աբիսողոմոնյանը։
“Խաղաղության համաձայնագրի” պատրաստ լինելու մասին հայտարարությունից 2 շաբաթ անց Հայաստանը անհանգստացած է էսկալացիայով և դիմում է մի մարմնի, որին վերջին մի քանի տարիներին բացահայտ առհամարել է։ Հիմա, երբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է ընտրվել Թուրքիայի նախկին արտգործնախարաը, Հայաստանը հանկարծ որոշել է ԵԱՀԿ նիստ հրավիրել։