Հարցումներ կատարելով արցախցիների շրջանում՝ հասկացանք, որ Գալստյանների դեպքը միակը չէ․ նույն խնդրի առաջ կանգնած են շատերը
Արցախից տեղահանված Անահիտն ամուսնու հետ 2021 թվականին Գորիսի “Ծիրան” շինանյութերի խանութից շինարարական ապրանքներ է ձեռք բերել՝ ձևակերպելով 500000 դրամ ապառիկ վարկ։ Ապրանքն Արցախ է հասել խանութի անձնակազմի միջոցով։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերը Գալստյանների ըստ սահմանված գրաֆիկի վճարում էին սպառողական վարկը, որի մնացորդն արդեն կազմում էր 300000 դրամ։
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կառավարության որոշման համաձայն զրոյացվում են տեղահանված արցախցիների վարկերը։
2024 թվականի սեպտեմբերին, սակայն, Անահիտը ծանուցում է ստանում Ամերիաբանկից, որով տեղեկացվում է, որ պետք է մուծվի վարկը, հակառակ դեպքում գործը կհայտնվի ԴԱՀԿ–ում։
-Երբ հասանք Հայաստան ու հաստատվեցինք Երևանում, մի քանի օր հետո գնացի Ամերիաբանկ, ներակայացա ու տեղեկացրի, որ բանկի վարկառու եմ 2021 թվականից՝ հայտնելով նաև ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշման մասին, համաձայն որի մարվել են ԼՂՀ քաղաքացիներին տրամադրված սպառողական և գյուղատնտեսական վարկերը։
Բանկում ինձ պատասխանեցին, որ դեռևս պաշտոնական որոշում չեն ստացել, բայց խորհուրդ տվեցին, որ առայժմ մուծումներ չկատարեմ և դիմեմ կառավարությանը։ Գնացի ՀՀ կառավարություն, որպեսզի հստակեցնեմ անելիքներս և հանիրավի չավելանան վարկիս տոկոսները։ Կրկին ստացա նույն պատասխանը, որ դեռևս ոչինչ հստակեցված չէ։ 6 ամիս անց նորից դիմեցի, սակայն ասացին, որ զրոյացումը վերաբերում է միայն ոսկու վարկերին և միայն այդ վարկառուներից են դիմումներ ընդունվում, իսկ մնացածները պետք է մարեն պետության կողմից փակված վարկերը, ինչը աբսուրդ է, քանի որ խտրական մոտեցում է դրսևորվել մեր նկատմամբ։
2024 թվականի սեպտեմբերին, երբ Ամերիաբանկից ծանուցում ստացա, գնացի՝ իմանալու, թե ինչ է կատարվում։ Պատմեցի իմ կարգավիճակի մասին, բացատրեցի իրավիճակը։ Վարկը տոկոսների հետ արդեն կազմում էր 600000 դրամ։ Բանկում պատասխանեցին, որ ՀՀ կառավարությունը, փաստորեն, մեր վարկը չի զրոյացրել ու ինչքան էլ ծանր լինի, պետք է մուծվի այն։
Ստիպված դիմեցի փաստաբանի, ով ուսումնասիրելով Ծիրան խանութի հետ կնքված պայմանագիրը, պարզեց, որ համաձայն 4-րդ կետի (Պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել), իմ վարկը պետք է զրոյացվի։
Այդ պահին իմ գործն արդեն ԴԱՀԿ-ում էր։ Դիմումներ ներկայացրի Հարկադիր ծառայությանն ու Ամերիաբանկին, որ հասկանան իմ ընտանիքի անելանելի վիճակը, սակայն դիմումներս չընդունվեցին։ Նորից դիմեցի ՀՀ ֆինանսների նախարարությանը, դիմումս մերժվեց։ Փաստաբանս, տեսնելով, որ հարցը չի լուծվում, արդեն խորհուրդ էր տալիս մարել վարկը։ Հերթական անգամ գնացի բանկ, ու այս անգամ ինձ ասացին, որ վարկս զրոյացվել է պետության կողմից, և ես բանկի հանդեպ պարտավորություն չունեմ։
Ըստ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշման է զրոյացվել մեր վարկը, սակայն բանկերին տեղեկացվել է ավելի ուշ՝ 2024 թվականին։ Որոշ ժամանակ անց ինձ ծանուցեցին, որ պարտք եմ պետությանն ու պետք է անպայման մարեմ։ Ստիպված էի կրկին գնալ ֆինանսների նախարարություն, որտեղ ինձ թույլատրեցին ներքին հեռախոսով կապվել համապատասխան մասնագետի հետ ու ներկայացնել իմ խնդիրը։ 4 անգամ խոսել եմ այդ մարդու հետ՝ այդպես էլ չիմանալով՝ ում հետ եմ խոսում․ նա չի ներկայացել։ 4 անգամ էլ ստացել եմ նույն պատասխանը՝ պարտքը պետք է վերադարձնեմ ու ինձ նման հազարավոր մարդիկ կան,-պատմում է Անահիտը։
Սերգեյ և Անահիտ Գալստյանների ընտանիք են կազմել 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմում Սերգեյի հոր զոհվելուց հետո։ Ամուսնությունից որոշ ժամանակ անց Ստեփանակերտի Իսակովի 5 հասցեում գտնվող շենքի դիմաց գտնվող սեփական ավտոտնակի վրա տուն են կառուցել և տեղափոխվել նորակառույց տունը։ Նոր տանն ապրել են ընդամենը մեկ ամիս: Անահիտը Արցախում ծնված վերջին երեխայի՝ Արթուրի, մայրն է:
Արցախից տեղահանված ընտանիքն այժմ հայտնվել է դժվար կացության մեջ։ 300000 դրամ կազմող վարկն արդեն դարձել էր 600000 դրամ։ Ի՞նչ անել, ի՞նչպես վճարել։ 6 հոգանոց և վարձակալած բնակարանում ապրող Գալստյանների ընտանիքն ի զորու չէ գումարը վերադարձնել։
– Ինձ ծանոթ մի իրավաբան խորոհուրդ է տալիս չվստահել բանավոր խոսակցություններին ու դիմել գրավոր։ Դիմում գրեցի ֆինանսների նախարարությանը և անձամբ ներկայացրի։ Իմ ներկայությամբ կարդացին, բայց չընդունեցին՝ ասելով, որ նորից զանգեմ համապատասխան մասնագետներին ու հստակեցնեմ իրավիճակը։ Հասկացա, որ առձեռն չեն ընդունում իմ դիմումները և պետք է օնլայն դիմեմ․ այլ էլք չկա։
Էլեկտրական փոստով դիմումներ եմ ուղարկել ֆինանսների նախարարությանը և Ամերիաբանկին։ Սպասում եմ պատասխանին։ Հունվար ամսից հետո հարկադիր ծառայությունը առգրավել է իմ և մեկուկես տարեկան երեխայիս 40+10 հազար դրամ աջակցության գումարը։ Դիմել եմ հարկադիրին, որ գոնե այս հարցը լուծվի,-ասում է Անահիտը և ավելացնում, որ իր ընտանիքն ի վիճակի չէ 600000 դրամը վճարել։ Եթե ժամանակին տեղեկացնեին, գուցե կկարողանային վճարել վարկի մնացորդը․ ներկա դրությամբ դա անհնարին է։
Հարցումներ կատարելով արցախցիների շրջանում՝ հասկացանք, որ Գալստյանների դեպքը միակը չէ։ Մի շարք արցախցիներ կանգնած են նույն խնդրի առաջ․ մի մասից առգրավվում են գումարները, մյուսները դեռևս անտեղյակ են, որ պետք է վճարեն վարկերը։ Արդյո՞ք տեղահանված արցախցիները չեն կանգնի փաստի առաջ, երբ նրանց ծանուցվեն վարկերի արդեն ավելացած չափերի մասին ու ներկայացնեն վարկերը մարելու պահանջը։
Իրավասու մարմիններին անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տվյալ հարցի լուծման համար, քանի որ դրա հետաձգումը կարող է ֆինանսապես շատ ծանր անդրադառնալ, այն էլ ծայրահեղ աղքատության շեմին հասած արցախցիների համար, ուստի պատկան մարմիններին ու բանկերի ղեկավարությանը նման իրավիճակում հայտնված արցախցիների անունից կոչ ենք անում ևս մեկ անգամ անդրադառնալ նման վարկերի հարցին ու լուծումներ գտնել, հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ դրանցով ձեռք բերվածն ամբողջությամբ մնացել է բռնազավթված Արցախում, իսկ մարդիկ, ովքեր նյութական մեծ վնասներ են կրել, ստիպված կլինեն վճարել՝ արդեն իսկ կորցրած գույքի համար։ Սա լուրջ խնդիր է, որը հրատապ լուծում է պահանջում, իսկ հապաղելը՝ վտանգավոր է և կարող է զանգվածային դժգոհությունների ու արտագաղթի պատճառ դառնալ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ