Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

  • 17:47 27.03.2025

Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը կզրկվեն անձեռնմխելիությունից։ Ազգային ժողովը համաձայնություն տվեց գլխավոր դատախազի միջնորդություններին։

Իշխող թիմի նախկին անդամ Հովիկ Աղազարյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը մասնակցել են միայն իշխանական պատգամավորները: 65-ը կողմ են քվեարկել, երկուսը՝ դեմ:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի դեպքում էլ 67 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ կամ ձեռնպահ չկար: Անձեռնմխելիությունից զրկվելուց հետո պատգամավորներին մեղադրանք կառաջադրվի:

Մարտի սկզբին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու ծավալուն միջնորդություն էր ուղարկել խորհրդարան՝ ակնկալելով պատգամավորների համաձայնությունը ստանալ, որ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրեն: