ԱՄՆ դեսպանի վոյաժը․ նա սյունեցիներին նույնն է ասել, ինչ արցախցիների՞ն

  • 19:31 27.03.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Մարտի 25-26-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և տեղացիների հետ քննարկեց տնտեսական և մարզային նշանակության հարցեր։ Սյունիքի ճանապարհին՝ Արարատի մարզում, դեսպանն այցելեց նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հանդիսանում է խոշոր ամերիկյան ներդրում Հայաստանում և որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար։ Սյունիքի մարզում նա այցելեց «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ», որը մեկ այլ խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում։

Դեսպան Քվինը նաև այցելեց Սուրբ Հռիփսիմեի պատմական եկեղեցին, որտեղ ընդգծեց ամենուր Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունն պահպանելու կարևորությունը։ Գորիսում դեսպանը հանդիպեց Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։

Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրուցեց համայնքային առաջնորդների, բնակիչների հետ՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և կուռ գործարար միջավայրի ձևավորմանը, ինչն անհրաժեշտ է ամերիկյան ներդրումների խթանման համար»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Դեսպանատան տեղեկատվության մեջ Հայաստանի տարածքային ամբողջայանությունը չի հիշատակվում։ Չի դատապարտվում նաև այն, որ Ջի Թի Բի Սթիլ» գործարանը, որը սկսել են կառուցել Երասխում, Նախիջևանի կողմից կրակոցներից հետո տեղափոխվեց Արարատ։

Հիշեցնենք, որ 2023-ի հուլիսին, երբ Արցախն արդեն 7 ամիս շրջափակման մեջ էր, դեսպանն ասել է․ «Անձամբ ես այն կարծիքին եմ, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետք է կարողանան ապահով զգալ իրենց տներում, իրենց միջավայրում, վարել խաղաղ ընտանեկան կյանք և մասնակցել իրենց համայնքների կյանքին: Մենք հավատում ենք և հուսով ենք, որ դա հնարավոր է: Եվ մենք հավատում ենք, որ բոլոր կողմերը պետք է աշխատեն միասին՝ դա հնարավոր դարձնելու համար: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա ճիշտ մոտեցում է»: Նա նշել է, որ դա հնարավոր է Ադրբեջանի կազմում։

Դրանից մի քանի ամիս անց Արցախի հանդեպ ագրեսիա տեղի ունեցավ, Արցախն ամբողջությամբ օկուպացվեց, բնիկ ժողովուրդը բռնի տեղահանվեց։