Step1.am-ի զրուցակիցն է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։
–Պարոն Հայրյան, Հայաստանի իշխանության նեկայացուցիչները հայտարարեցին, որ ընդունել են Ադրբեջանի պահանջները եւ պատրաստ են ստորագրել այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը»։ Ի՞նչ գործընթաց է տեղի ունենում։
-Այն, ինչ համաձայնեցրել են Ադրբեջանի հետ եւ անունն էլ դնում են «խաղաղության պայմանագիր», պարզ կապիտուլյացիոն ակտ է։ Ինչո՞ւ են անվանում «խաղաղության պայմանագիր», որպեսզի չասեն, որ իրենց ծրագրերն ամբողջությամբ տապալվել են։
Սկսենք նրանից, թե այդ «խաղաղության պայմանագիրը» որտեղից է գալիս եւ որն է Հայաստանի իշխանությունների դերը՝ այդ համաձայնությանը հասնելու հարցում։ Ըստ երեւույթին, այդ համաձայնությունը, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի տխրահռչակ թուղթը, Կրեմլի կոյուղատարերում բարձրացված հարց է։ Եվ այսօր չէ, որ այդ հարցն առաջացել է, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո չի առաջացել այդ հարցը։ Դա նախօրոք Ռուսաստանում ծրագրել են, նույնիսկ նախքան պատերազմը, եւ Շոյգուի լեզվով ասած՝ «թուրքերի հետ համատեղ բարդ օպերացիա են իրականացրել», Հայաստանին պարտություն պարտադրել։
Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» երկու վիճելի կետերը, որոնց մասին հիմա են խոսում, կօգնեն մեզ հասկանալ ամբողջ իրավիճակը։ Այդ կետերից մեկը Մինսկի խմբի լուծարումն է, մյուս պահանջն էլ միջանցքի հարցն է։ Ինչո՞ւ եմ ես ասում՝ այս ամենը նախօրոք ռուսների կողմից ծրագրված է, որովհետեւ այդ համաձայնագրի առանցքային կետը Մինսկի խմբի լուծարումն է։ Իսկ Ռուսաստանը Մինսկի խմբի լուծարմանը փորձում էր հասնել հենց Մինսկի խմբի ստեղծման օրից։ Այդ լուծարման պահանջը Ռուսաստանը դրել էր ՀՀ նախկին երեք նախագահների առաջ։ Ճիշտ է, բանակցային գործընթացը միշտ պահվում էր շատ գաղտնի, բայց երբեմն ատահոսքեր էին լինում։ Օրինակ՝ կար տեղեկություն, թե ռուսներն առաջարկում էին, որ հայերն ու ադրբեջանցիները լուծարեն Մինսկի խումբը, եւ Մոսկվան միակողմանի խաղարար զորք բերի ու բուֆերային գոտի ստեղծի։ Հետաքրքիր է, որ այդ բուֆերային գոտու լայնությունն ընդգրկում էր ամբողջ Ղարաբաղի տարածքը եւ հասնում էր Հայաստանի սահման։ Այսինքն՝ այդ ամբողջ տարածքն իրենք իրենց համար սարքում էին պլացդարմ կամ գորշ գոտի։ Պարզ է, որ հայ ղեկավարները չէին համաձայնում դրան, ուստի, պետք էր ղեկավարներին փոխել, որպեսզի իրենք իրենց պլաններն իրագործեին։
Մինսկի խմբի լուծարմանը գումարվեց նաեւ միջանցքի պահանջը։ Լավ հասկանալու համար միջանցքի հարցը, պետք է պատմական էքսկուրս կատարել։ Միջանցքի հարցը ոչ այսօր է ծագել, ոչ էլ երեկ, 1918 թվականից այդ հարցերը քննարկվում են։ Նույնիսկ Առաջին Հանրապետության օրերին Արամ Մանուկյանի մոտ է եկել Խալիլ Փաշան եւ առաջարկել Մեղրիով իրենց ճանապարհ տալ։ Դրա փոխարեն առաջարկում էր՝ Գանձակի ուղղությամբ մինչեւ Կովկաս կարող ես գրավել։ Բայց նույնիսկ այդ հեռանկարի ֆոնին Արամի նման քաղաքական գործիչը չէր կարող համաձայնել դրան։ Եվ Խալիլը մերժում ստանալով՝ գնացել էր։
Մեղրիի միջանցքի դերը հասկանալի է՝ ռուս-թուրքական ալյանսը դրանով Հայաստանն էլ է գցում շրջափակման մեջ, Իրանն էլ։ Միջանցքի հարցը նույնիսկ ԽՍՀՄ տարիներին չի փակվել․ Ղարաբաղյան շարժումից անմիջապես առաջ Ադրբեջանը Մոսկվայում հարց էր բարձրացրել, որ իր տնտեսությունը կարող է զարգանալ, եթե ավտոճանապարհ ունենա Մեղրիով դեպի Նախիջեւան։ Այնուհետեւ Մեղրիի միջանցքի հարցը նորից բարձրացվել էր Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, երբ Քի Վեսթի բանակցությունների ժամանակ առաջարկում էին Մեղրիով միջանցք տրամադրել։
Այնուհետեւ միջանցքի հարցը նորից արծարծվել է, եւ Ռուսաստանի ախորժակը բացվել է 2007-2008 թվականներին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբնական փուլում։ Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա բանակցությունների, այնտեղից հայտարարեց, որ թուրքերի հետ ֆուտբոլային դիվանագիտություն է սկսում, սահմաններ բացել եւ այլն, որը չիրագործվեց։ Իմ կարծիքով՝ միջանցքի հարցով խոսելը հայ բուրժուազիայի, օլիգարխիկ մտածողության արդյունք էր, քողարկված կերպով խոսում էին միջանցքի մասին։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին առաջարկում էին, որ Հայաստանը դառնա կամուրջ ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ։ Սա նույնպես միջանցքի տրամաբանության շրջանակներում էր։ Ընդ որում, եթե Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը մտածում էին այն մասին, որ կարելի է առանց աշխատելու հարստանալ ու հարստացնել երկիրը՝ իբր թե Եվրոպայի ու ՌԴ միջեւ առեւտրի շնորհիվ, ռուսներն այլ բան են հասկացել, որ այդտեղով կարելի է ճանապարհ բացել, եւ ինչո՞ւ պիտի Հայաստանին բաժին տան։ Այստեղ, իմ կարծիքով, ծնվել է հանրահայտ Լավրովի պլանը, եւ իրենց մոտ առաջացել էր միջանցք բացելու երազանքը։
Առեւտրական միջանցքը բացելու համար Ադրբեջանի դերն սկսեց ավելի կարեւոր դառնալ, որովհետեւ ճանապարհի մեծ մասը Ադրբեջանով է անցնում, փոքր մասն է Հայաստանով անցնում։ Այստեղ Ադրբեջանը երեւի պայմաներ դրեց, որ՝ Ղարաբաղը պիտի հետ տաք։ Իսկ Ղարաբաղը տալու համար պետք է կռիվ լիներ, իսկ քանի որ Հայաստանի նախկին նախագահները հրաժարվել էին եւ Մինսկի խումբը լուծարելուց, եւ պատերազմական ճանապահով Արցախը զիջելուց, պետք էր նոր ուժ բերել իշխանության։ Եվ երբ Շոյգուն ասում է՝ «Ղարաբաղում թուրքերի հետ դժվար օպերացիա իրականացրեցինք», սա շատ խոսուն է։ Թուրքերի եւ Ռուսաստանի համար փոքրիկ Հայաստաին հաղթելը դժվար չէր, պետք էր նաեւ քաղաքական ապահովություն, պետք էր, որ Հայաստանը չբողոքեր։ Այդ օպերացիան անելուց առաջ նրանց պետք էր Հայաստանում նաեւ քաղաքական օպերացիա անել, ինչն էլ փայլուն կերպով կազմակերպեցին եւ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության։
Ռուսներն ու թուրքերը 2016 թվականին էին որոշել այդ օպերացիան անել ռազմական ճանապարհով, բայց ԱՄՆ-ն կոշտ դիրք էր ընդունել։ Նույնիսկ կան տեղեկություններ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը կանգնեցրել է Օբաման՝ վախեցնելով ռուսներին, որ կճանաչի Արցախը, եթե չկանգնեցնեն պատերազմը։ Ռուսները կանգնեցրեցին եւ հետաձգեցին պլանները մինչեւ Թրամփի իշխանության գալը։ Բայց նրանք 2016 թվականին կրկին համոզվելով, որ ռազմական ճանարհը բավարար չէ, իրենց կեղտոտ պլանների համար պետք է նաեւ Հայաստանի ներսից ունենալ քաղաքական պաշտպանություն, Հայաստանում իշխանափոխություն կազմակերպեցին եւ Նիկոլ Փաշինյանի խմբակին բերեցին իշխանության։ Նիկոլ Փաշինյանից բացի ոչ մեկ այդպես «բեզատկազ» նրանց հրամանները չէր կատարելու։
Այս ամենն ասում եմ, որպեսզի հասկանանք՝ խաղաղություն կոչված պայմանագիրը, որն այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես հաջողություն, դա իր «ձեռքբերումը» չէ․ ռուսները եւ «խաղաղության պայմանագիրն» են մշակել, եւ պատերազմ են բերել։ Ըստ երեւույթին ռուսները որոշել էին միայն Հադրութն ու Շուշին տալ թուրքերին, մնացածը պահեին իրենց ոտքի տեղ, Ադրբեջանին էլ ճանապարհ տային Նախիջեւանի հետ միանալու, բայց քանի որ 2020 թվականից հետո կռիվ սկսեցին Ուկրաինայում, եւ այնտեղ իրենց պլանները խախտվեցին, ստիպված էին նաեւ այստեղ զիջումների գնալ թուրքերին կամ հայերին ավելի ուժեղ հուփ տալ։
Եվ քանի որ Արեւմուտքն ու Իրանը Սյունիքի հարցում խիստ դիքորոշում ցուցաբերեցին, չստացվեց միայն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն թղթով այդ հարցը լուծել։ Այսօրվա «խաղաղության համաձայնագիրը» երկորրդ կապիտուլյացիոն ակտն է, որպեսզի Մեղրին տան։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ճանապարհ եմ տալիս, բայց Հայաստանի ինքնիշխանության ներքո, հավանաբար այդ հարցն էլ են ռուսներն ու թուրքերը լուծել, Նիկոլի հետ էլ պայմանավորվել են։ Հիշենք, թե ինչ կատարվեց Լաչինի միջանցքում, նույնն էլ կկատարվի այս միջանցքի վրա։ Մի քանի օր հայակական ինքնիշխանության տակ թուրքերը կգնան-կգան, հետո մի հատ սադրանք կանեն, մի թեթեւ կռիվ կսարքեն ճանապարհի վրա, ռուսները կհիշեն, որ իրենք Հայաստանի «դաշնակիցն» են, զորք կբերեն կկանգնացնեն՝ իբր թե սադրանքը չեզոքացնելու համար, ճանապարհը կսարքեն իրենցը, և ռուսները կկանգնեն այդ ճանապարհի վրա։ Ռուսների կանգնելուց հետո էլ կկրկնվի Լաչինի միջանցիք ճակատագիրը։ Այդ համաձայնագրի էությունը դա է՝ կապիտուլյացիոն թուղթ է, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է սղացնել որպես իրենց հաջողության նշան։
Ամենազավեշտալին այն է, որ այսքանից հետո Ադրբեջանը չի ուզում ստորագրել այդ «խաղաղության պայմանագիրը»։ Նիկոլն ուզում է նաեւ թուրքերին խաբել, բայց նրանք էլ հստակություն են ուզում։ Այսինքն՝ իրենց հստակ պահանջները Նիկոլ-ՔՊ-ի դիմադրության բացակայության պայմաններում կարող են նույնիսկ գոյութենական վտանգ ներկայանցել Հայաստան պետության համար։ Սա է «խաղաղության համաձայնագրի» էությունը, որը նույնիսկ Ալիեւը չի ցանկանում ստորագրել, որովհետեւ ակնկալիքներ ունի, որ ավելի մեծ զիջումներ է պահանջելու։ Նաեւ Ալիեւն այդ փաստաթուղթը չի ստորագրում այն բանի համար, որ Արցախը դեռ վերջնական ջախջախված ու վերացված չէ, ինչն այսօր Նիկոլը փորձում է անել՝ սոցիալական ու քաղաքական ճնշումներով պահանջներ դնելով արցախցիների առաջ։ Նրանց երազանքը 2020 թվականից հետո եղել է այն, որ արցախցիների մի մասին կպահեն Արցախում, կասեն՝ «տեռորիստներին ու սեպարատիստներին» քշել ենք, լավերը մնացել են։ Արցախն այնտեղ չմնաց, տեղափոխվեց Հայաստան, բայց համայնքը կա։
-Այսօր արցախցիների նկատմամբ իրականացվող սոցիալական ճնշումները կոնկրետ ի՞նչ նպատակ են հետապնդում։
-Որպեսզի հասկանանք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այսօր սոցիալական ճնշումներ գործադրում արցախցիների վրա, ես հիշեցնեմ մի դեպք։ Թուրքական աղբյուրները գրեցին, որ 2022 թվականին խոսել էին Ղարաբաղը վերջնական վերացնելու մասին, Ալիեւն ասել էր՝ եթե դու ճիշտ ես խոսում, ազնիվ ես մեզ հետ, որ Ղարաբաղը կվերացնես, փող մի ուղարկիր Ղարաբաղ։ Նիկոլը խոստացել էր, որ փող չէր ուղարկելու Ղարաբաղ, բայց չկարողացավ խոստումը պահել։ Հիշո՞ւմ եք, թուրքերը աղմուկ բարձրացրեցին, որ վերջում 144 մլրդ դրամ էր ուղարկել։ Նույնկերպ հիմա երեւի Ալիեւն ստիպում է, ասում է՝ սոցիալ-տնտեսական խնդիրներով հուփ տուր, Պուտինն էլ այնտեղից է ստիպում, որպեսզի Արցախի հարցը վերացնեն։
Ծրագիրը հետեւյալն է՝ արցախցիների մի մասը ճնշումների հետեւանքով կարտագաղթի, մյուս մասին ստիպողական նատուրալիզացիա կանեն, կսարքեն Հայաստանի քաղաքացի։ Հայաստանի քաղաքացի դառնալուց հետո, եթե արցախցիները փորձեն ծպտուն հանել, կասեն՝ ձայններդ կտրեք, տեղներդ վեր ընկեք, դուք Հայաստանի քաղաքացի եք։ Այս ծրագրի միջոցով Արցախ անունը պիտի վերացվի։ Դրա համար էլ 2020 թվականից միշտ մերժել են մեր առաջարկները, որ փախստական համայնքի համար համայնքով ապրելու պայմաններ ստեղծեն։ Նիկոլը սոցիալական բարդություններն առաջացնում է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի բյուջեի վրա ծանրություն է, այլ առաջացնում է, որպեսզի Արցախ անունը ջնջնի, Արցախի հարցը ջնջնի։ Ինքն էլ պառլամենտում ասաց, որ Ղարաբաղյան շարժումը պիտի փակենք։ Ղարաբաղյան շարժումը փակելու առաջադրանքը գալիս է ոչ թե Ալիեւից, այլ էլի Ռուսաստանից։ Չմոռանանք, որ Պուտինը ժամանակին հայտարարեց, որ ԽՍՀՄ քանդվելը համաշխարհային դժբախտություն էր։ Մյուս կողմից էլ ռուսներն անընդհատ ղարաբաղցիներին մեղադրել են, որ իրենց շարժումով քանդել են Սովետական միությունը։
Եթե սոցիալական հարցերի լուծման համար ֆինանսական հնարավորություն չլիներ, Նիկոլը եւ իր խմբակիցները կարող էին դիմել համաշխարհային հանրությանը։ Մենք անցյալ տարվա մարտին հուշել ենք, որ եթե ուզում են արցախցիների սոցիալական հարցերը լուծել, թող ՄԱԿ-ին խնդրեն համաժողով հրավիրել՝ միջազգային դոնոր խումբ ստեղծելու համար։ Բայց նրանք չեն ուզում, որ արցախցիների հարցերը լուծվեն։ Նրանք չենք ուզում նաեւ, որ արցախցիների հարցերը լուծվեն դրսից, ուզում են Հայաստանի ժողովրդին թունավորեն ու տրամադրեն արցախցիների դեմ, ազգի մեջ խժդժություն գցեն։ Ուզում են ստիպել արցախցիներին քաղաքացիություն ընդունել, ուզում են համայնքը ջնջեն, եւ թուրքերի ու ռուսների պահանջով վերացնեն Արցախ հասկացությունը։ Բայց աշխարհում ուրիշ քաղաքականություն է ընթանում, դեռ պարզ չէ, թե ինչ կլինի։ Ամեն ինչ նմանվում է Սովետական միության փլուզմանը, ինձ թվում է՝ հիմա երեւի Ռուսաստանի երկրորդ փլուզումն է տեղի ունենում։ Շատ բան կախված է լինելու մեծ քաղաքականությունից, բայց հնարավոր է՝ մինչ այդ մեր գործերն այնքան փչացնեն, որ անդառնալիության կետն անցնենք։
–Հետեւաբար, ի՞նչ պետք է անել։
-Մենք անընդհատ ասում ենք՝ պետք է իշխանությունը փոխվի։ Ընդ որում, մի բանաձեւ կա, որը պետք է պահպանվի՝ սրանք պետք է գնան, եւ նախկինները չպիտի գան։ Մեր միակ փրկությունը դա է, քանի որ եւ սրանք, եւ նրանք աշխատում են նույն ռուսի հրամանով։ Տեղը եկած ժամանակ նրանք սրան պահում են, արդեն 4 տարի է՝ պառլամենտում նստած ընդդիմություն են խաղում։ Եթե 2021 թվականին մանդատները չվերցնեին, Նիկոլի իշխանությունը գզվռտոցից արդեն քանդված կլիներ, Հովիկ Աղազարյանի օրինակը կա։
-Արցախցիները հայտարարել են հանրահավաքներ սկսելու մասին, հնարավո՞ր է դրա շնորհիվ ինչ-որ բան փոխվի, բեկում մտցվի այս իրավիճակում։
-Մարտի 29-ին կայանալիք հանրահավաքի առավելություններից մեկն այն է, որ ավելի շատ մարդ է դուրս գալու։ Դրանից բացի, մեր կոչերին շատ հայաստանցիներ են արձագանքում, ես տեղեկություններ եմ ստանում, որ մասնակցելու են ակցիային։ Բայց մի վատ բան կա՝ Նիկոլն էլ է կարծես իր շոշափուկներին մտցրել այդ ակցիայի մեջ, նախկիններն էլ։ Մենք սկզբում փորձում էինք այնպես անել, որ կազմակերպիչների մեջ չերեւան նախկինների ու ներկաների հետքերը, բայց ոնց որ նրանք ավելի ուժեղ են, եւ կարող է հանկարծ ակցիան մեր ուզած սցենարներով չգնա։
Բայց ամեն դեպքում շատ մարդ է դուրս գալու, կտեսնենք, թե ինչ կլինի։ Հանրահավաքի նպատակները ձեւակերպվել են, բոլորը սպասում էին, որ արցախցիները պետք է առաջնահերթ սոցիալական հարցրեը բարձրացնեին, բայց առաջին պահանջը քաղաքական է, ինչից էլ նիկոլականները վախենում են։ Առաջին պահանջը Արցախի հարցի վերականգնումն է եւ Արցախ վերադարձը, մյուս պահանջը գերիների վերադարձն է, իսկ սոցիալական աջակցության հարցը ձեւակերպվում է այսպես՝ պետք է աջակցությունը տրվի այնքան ժամանակ, որ արցախցիները կարողանան այստեղ մնալ, արտագաղթը կանխվի, որպեսզի կարողանանք վերադառնալ Արցախ։ Մենք բազմիցս ասել ենք, որ Հայստանում չենք ուզում սեփականություն, մեզ համար սոցիալական բնակարաններ կառուցեք, երբ կվերադառանք Արցախ, այդ տները կմնան Հայաստանի համար բանկֆոնդ։ Այսօր մեզ ստիպում են, որ գնանք երկրորդային շուկայից տներ գնենք, այսինքն՝ ես պիտի Պողոսի տունն առնեմ, Պողոսն էլ այդ փողը վերցնի, թռնի Ռուսաստան, դա է նրանց մոտեցումը։
Մյուս կողմից, նկատում ենք, որ անընդհատ ձգձգում են արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տալու գործընթացը։ Ինչո՞ւ է դա արվում, քանի որ նրանք համարում են, որ ղարաբաղցիները պոտենցիալ ընդդիմություն են, իրենց ձայն չեն տալու։ Եվ մինչեւ 2026 թվականը ձգձգելու են արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տալու գործընթացը։ Ես վախենում եմ, որ 2026 թվականից հետո կարող է ղարաբաղցիների առաջ ուլտիմատում դնեն, ասեն՝ կամ քաղաքացիություն ընդունիր, կամ գնա Ադրբեջան ու Ռուսաստան, առավել եւս, որ այդ հանցագործ եռյակը դեռ չի մոռացել, որ ղարաբաղցիների մի մասին պիտի վերադարձնեն Ղարաբաղ, որպեսզի իրենց պլանները իրականանան։
Ռոզա Հովհաննիսյան