Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային և պատմական հուշարձանները Լեռնային Ղարաբաղի տարածքում. Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2024 թվականի տարեկան զեկույցում։
Ինչպես նշվում է փաստաթղթում, Caucasus Heritage Watch նախաձեռնության արբանյակային տվյալների հիման վրա արձանագրվել են մի շարք կրոնական վայրերի վնաս և ավերածություն։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հայկական երկու գերեզմանոցներին, 19-րդ դարի եկեղեցուն և վտանգի տակ գտնվող այլ հուշարձաններին։
Զեկույցում նշվում է նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունը, ըստ որի Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղից ամբողջությամբ տեղահանելու և նրանց մշակութային ու պատմական ներկայության հետքերը ոչնչացնելու ռազմավարություն։
«2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը իրականացրել է ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ։ «Ըստ առկա տեղեկատվության՝ որոշ հայ ռազմագերիներ ենթարկվել են կրոնական բռնությունների», – նշվում է զեկույցում
Հանձնաժողովն առաջարկում է, որ ԱՄՆ կառավարությունը նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի կառավարական կառույցների դեմ և ապահովի անկախ միջազգային դիտորդական առաքելություն, ինչպիսին է ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող առաքելություն՝ տարածաշրջանում մշակութային և կրոնական ժառանգության վայրերը հետազոտելու և փաստաթղթավորելու համար:
Բացի այդ, USCIRF-ն առաջարկում է, որ ԱՄՆ Կոնգրեսը լսումներ անցկացնի Ադրբեջանում կրոնական ազատության խնդրի շուրջ։
Հայ հետազոտողների տվյալներով՝ 2020 թվականից մինչ օրս ոչնչացվել է հայկական պատմամշակութային ժառանգության ավելի քան 570 օբյեկտ։