Սյունիքի մարզի Տեղ համայնքի կազմում գտնվող Խնածախ գյուղ հասնելուց առաջինը հսկա ադրբեջանական դրոշն է աչքի զարնում, որ գրեթե գյուղի մեջ է տեղադրված` մի բլրի վրա: Գյուղում մի քիչ շրջելուց հետո նկատեցինք, որ հայկական դրոշն էլ ավելացավ ադրբեջանականի մոտ, թեկուզ չափերով ավելի փոքր է:
Դրոշներն այնքան մոտիկ են, որ բանից անտեղյակ մեկը կարող է կարծել, թե ինչ որ երկու բարեկամ երկրների համատեղ բիզնես է:
Իսկեւիսկ նույն պատկերը, ինչ Թաղավարդում էր 2020 պատերազմից հետո, երբ ադրբեջանական դրոշներն ու խրամատները արդեն գյուղացիների բոստաններում էին:
Գարնանային մաքուր օդ ու լռություն է գյուղում: Այնքան լուռ, որ միայն մեղուների բզզոցն է լսվում: Երբ ես սրա վրա ուշադրություն դարձրի, կողքս նստած երիտասարդն ասաց, որ շուտով միայն ադրբեջանի դրոշի ձայնն է լսվելու, երբ մեղուները քնեն: Հսկա դրոշն այնքան մոտ է, որ տատանվելու ձայնը գյուղում պարզ լսվում է, ինչպես պատշգամբում կախած քամուց օրորվող սավանի: Կարող եք պատկերացնել, թե ПК-ի ձայնն ինպես է լսվում, երբ կրակում են:
“Պարզապես ցանկանում են վախի մթնոլորտ ստեղծել, բայց այս գյուղի մարդիկ այդ տեսակը չեն, դա նրանց չի հաջողվի”, ասում է համայնքի ղեկավար Սեյրան Միրզոյանը:
Նա ասում է, որ Սյունիքի Խնածախ գյուղն ուղիղ կապ ունի Արցախի Խնածախի հետ: Ասում է, որ ըստ պատմության, կլիմայական վատ պայմանների (մառախուղի) համար Սյունիքի Խնածախից բնակչությունն Արցախ է տեղափոխվել: Որոշները մնացել են այնտեղ, ոմանք հետ են եկել, բայց կապը միշտ մնացել է, թե բարեկամական, թե ընկերական: Անգամ այս վերջերս են երկու Խնածախների դպրոցականները հանդիպել, որպեսզի այդ կապը չկտրվի:
Խնածախները նաեւ արտաքինով են նման, ըստ գյուղապետի: “Ես բազմիցս եղել եմ Արցախի Խնածախում եւ ով որ եղել է երկու միանուն գյուղերում, կհամաձայնի ինձ հետ”, ասում է նա:
440 հոգի բնակչություն ունեցող Խնածախում եւ դպրոց, եւ մանկապարտեզ է գործում: Գյուղի խնդիրներից համայնքի ղեկավարը ճանապարհներն ու ջուրն է նշում եւ հավաստիացնում, որ ջրի խնդիրը շուտով լուծվելու է, ծրագիրը մեկնարկած է, եւ շուտով բոլորը շուրջօրյա ջուր կունենան: Գյուղում գազ կա, բայց բոլոր տներին չի հասանելի:
“Արցախի տարահանման օրերին ես շուրջ 30-40 ընտանիք եմ բերել մեր գյուղ, օգնել ենք ամեն ինչով մեր ուժերի չափով: Սակայն հիմնականում չեն մնացել: Մի քանի օր մնացել եւ հեռացել են, զուտ որ պայմաններն այսպիսին են, դիրքերը մոտիկ, վախի մթնոլորտ եւ այլն… Բայց մնացողներ եղել են, այդ թվում բազմազավակ ընտանիք”, ասում Միրզոյանը:
Նրա պնդմամբ վերաբնակվելու համար տարբերակներ շատ կան, միայն թե մարդիկ ցանկանան գալ եւ ապրել գյուղում: “Պետք է կարողանաս պատմության առաջ պատասխան տալ, հիմա եթե բոլորս հեռանանք, ո՞վ պետք է մնա այստեղ”, հարցնում է նա:
Թվում է, թե գյուղը հյուրեր շատ չի ունենում, դրա համար տեղացիները միանգամից զգում են, որ լրագրող է եկել, քանի որ միայն այդ ժամանակ են հիշում, երբ կրակում են: “Խնածախի տեղն ո՞վ է իմանում”, ասում են նրանք:
“Հիմա եկել նկարում եք ի՞նչ անեք, եկեք կրակոցների ժամանակ նկարեք: Գիշերը եկեք եւ տեսեք, ինչ է կատարվում գյուղում: Եկեք մեր տանը մի գիշեր անցկացրեք, որ հասկանաք: Այս գիշեր էլ, 10:20 կրակել են: “Կինո” ենք նայում ամբողջ գիշեր: Մի քանի օր առաջ, երբ մառախուղ էր, միայն ձայներն էինք լսում, բայց հիմա եւ լսում ենք, եւ տեսնում: Չպռծա՞վ դրանց Բայրամը: Երկու թոռս 44-օրյա պատերազմի մասնակից են, երբ պատմում են` ջանս փշաքաղվում է, ասում լռեք, պետք չէ… Ինչպես Ղարաբաղում էր, հիմա նույնն էլ այստեղ է, ասում է Ժորա պապիկը:
Տիկին Դիանան էլ Վարդենիսից է հարս եկել եւ 45 տարի է Խնածախում է ապրում: Քանի օր է կրակում են, ես էլ հիվանդ կին եմ, շաքարային դիաբետ ունեմ, իմ վրա ավելի է ազդում վախը: Ի՞նչ անեմ, ասում է նա:
Դավիթ Բաբայանը չորս երեխաների հայր է, փոքր աղջնակը մանկապարտեզում է, իսկ արդեն չափահաս տղաները տանը: Բոլորին Դավիթը մենակ է խնամում:
“Իշխանաձոր էի ապրում, ամեն ինչ ստեղծել եմ, տուն-տնտեսություն, բայց ինչ օգուտ, մեկ թաշկինակ անգամ չեմ կարողացել վերցնել, անգամ փաստաթղթերս է մնացել այնտեղ: Սերտիֆիկատով վերցրել եմ այս տունը եւ փորձում եմ վերանորոգել: Փորձում եմ մի խոզանոց սարքել, տնտեսություն ստեղծել նորից: Ճարներս ի՞նչ, նորից զրոյից պետք է սկսեմ: Գազը պետք է տուն հասցնեմ, որ դարն է, բաժակով ջուր ենք լցնում` լողանում, դուռը բացում ես` քամին մտնում է ներս: Բոլորը ծախս է: Ինչ գնում ենք խանութից, ասում ենք՝ Իշխանասարինն ավելի լավն էր: Հիշում ենք` կարոտում: Պակաս բան չենք ունեցել այնտեղ… Խնածախում ապրելով ես չեմ վախենում, պատերազմի մասնակից եմ, տեսել եմ բոլոր դաժանությունները, իմ УАЗ-ով դիակներ էի հանում մարտադաշտից 44-օրյայի ժամանակ: Բայց կանայք ու երեխաներ կան գյուղում, վախը մարդուն բնորոշ զգացում է: Ի՞նչ է ստացվում հիմա, իրենք կրակում են, մեզ էլ չի՞ կարելի պատասխանել… Իմ տունն է, ես այստեղ գրանցված եմ, ինչպես թողնեմ ադրբեջանցիներին, մի տուն Իշխանաձորում եմ թողել, հիմա էլ սա՞ պետք է թողնեմ: Ոչ, ասում է Դավիթը:
Մարութ Վանյան