Ինչպե՞ս աշխատենք, երբ մեզնից մեկը պարտավոր է մնալ երեխայի հետ, որովհետեւ մանկապարտեզներում տեղահանվածներս առաջնահերթություն չունենք։
Օրս սկսվեց մանկապարտեզում։ Տնօրենը շատ սիրելիր, կամեցող բացատրում է, որ մեր երեխան դեռ 6-րդն է հերթում, իսկ այս պահին երկու ազատ տեղ կա, բայց գրանցվածներից առաջ էլ դեռ 3 հոգի կա առաջնահերթության ցուցակում։
Մենք՝ Արցախից բռնի տեղահանվածներս, առաջնահերթության ցուցակում չենք ընդգրկվում։
Առաջնահերթության ցուցակում գրանցված են բազմազավակները եւ մի քանի այլ կատեգորիա, մենք, որ կորցրել ենք ամեն ինչ՝ տուն, աշխատանք ու արժանապատիվ ապրուստ, որ հիմա տարին մի քանի անգամ ստիպված ենք բնակարան փոխել, որովհետեւ տանտերերը կամ բնակվարձն են բարձրացնում կամ վաճառում են տունը։
Ապրիլից սոցիալական 40+10 աջակցությունը դադարեցվում է, իսկ այն ընտանիքները, որ բաղկացած են 2-3 հոգուց, ծայրահեղ վիճակում են հայտնվելու։ Սոցապ նախարարը ԱԺ ամբիոնից հորդորում է՝ «թող աշխատեն», եւ իրենց թվում է, որ պետության տված գումարներո՞վ ենք միայն հոգում մեր ընտանիքի ծախսը։ Բնակարանային վարձերը առնվազն 150 հազար է կազմում, մի հոգու աշխատավարձով նույնիսկ բնակվարձը տալն է անհնար։
Երբ դեռ նախորդ անգամ շշուկներ էին պտտվում, որ սոցիալական ծրագրերը դադարեցնելու են, երեխային գրանցեցինք մանկապարտեզում, որ կարողանանք ես ու ամուսինս աշխատել, դա նախորդ տարվա հոկտեմբերն էր։ Գրանցման պահին 12-րդն էինք, 6 ամիս հետո դեռ 6-րդն ենք, որքա՞ն պետք է սպասենք, երբ չկա այլեւս սոցիալական աջակցության ծրագիր, երբ մի հոգու աշխատավարձով հնարավոր չէ ապրել։
Ինչպե՞ս է գործող իշխանությունը պատկերացնում այն ընտանիքների վիճակը, որոնց երեխաները մանկապարտեզ ընդունվելու համար անգամ առաջնահերթություն չունեն։ Մի՞թե սոցիալական վիճակը մեղմելու համար չեն մտածում առաջացող խնդիրների մասին։
Միջին աշխատավարձով ինչպ՞ս մի հոգով տան վարձ տալ, թե՞ այս ամենը հենց արվում է նրա համար, որ տեղահանվածների “բեռից” վերջապես պրծնեն ու “սիրելի քույր եղբայրները” անելանելիությունից դրդված փնտրեն այլ երկրներ, որտեղ փախստականն ավելի մեծ առավելություններ ունի։
Սա՞ է նպատակը, Հայաստանը տեսնել առանց արցախահայերի, սա հայկակա՞ն ձեռագիր է։
Մարիամ Սարգսյան