Երեկ տեղի ունեցավ Թայվանյան TX հիմնադրամի պատվիրակության առաջին այցը Հայաստան։
Պատվիրակությունն այցելել է Եղվարդ քաղաք՝ Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի նոր շենքը, որը որոշակի վերակառուցումից հետո իր դռները կբացի Արցախի և Հայաստանի շահառուների առաջ։
Կենտրոնի աշխատակիցները ջերմ ընդունելություն էին կազմակերպել հարգարժան հյուրերի համար։ Միջոցառմանը ներկա էին կենտրոնի շահառու երեխաներն ու նրանց ծնողները, ինչպես նաև այլ հարգելի հյուրեր՝ ի դեմս Adventist Development and Relief կազմակերպության (ADRA), Եղվարդի քաղաքապետարանի և Կենտրոնի այլ գործընկերների ու ընկերների:
Հյուրասիրությունը կազմակերպվել էր հայկական ազգային-ավանդական ոճով, պատրաստվել է մշակութային ծրագիր։ Հյուրերի առաջ հանդես եկան «Զարկերակ» երաժշտական ստուդիայի սաները՝ անփոխարինելի տնօրեն Գագիկ Միրզոյանի գլխավորությամբ, «Նրանի» մանկապատանեկան պարային համույթը (տեսանյութ)։
Միջոցառումը նշանավորվեց Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն հասարակական կազմակերպության և TX հիմնադրամի միջև համաձայնագրի ստորագրմամբ։ Համաձայնագիրը ենթադրում է երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության սկիզբ։ Մասնավորապես, հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերականգնման և հասարակությանը ինտեգրման և հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման այլ կարևոր ծրագրերի իրականացման ոլորտում:
Հյուրերը նաև ծանոթացան և տպավորված էին կենտրոնի անձնակազմի երկար տարիների արդյունավետ աշխատանքով։ Հատկանշական է, որ մինչ այդ նրանք չէին էլ պատկերացնում Արցախում տեղի ունեցածի իրական պատկերը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային հանրությանը ճիշտ տեղեկատվություն հասցնելու կարևորությունը։
Ռաբիլիտացիոն կենտրոնի հիմնադիր և տնօրեն Վարդան Թադևոսյանը, դժվարությամբ զսպելով հույզերը, միջազգային գործընկերներին մանրամասն նկարագրեց Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ու դրանց հետևանքները, ինչը մեծ տպավորություն թողեց նրանց վրա։
Համագործակցության առաջին արդյունքները կարելի կլինի տեսնել առաջիկայում, նշում են միջոցառման հիմնական մասնակիցները։
Արսեն Աղաջանյան