Գուցե կգտնվեն բարեգութ մարդիկ և օգնության ձեռք կմեկնեն արցախցի կնոջը

  • 10:39 29.03.2025

Արցախի Վաղուհաս գյուղից տեղահանված Անահիտ Գևորգյանը ծննդով Մարտունի քաղաքից է։ Կյանքը նրան բազմաթիվ անգամ է փորձությունների առաջ կանգնեցրել, ստիպել հաղթահարել դժվարությունները, սակայն 2023-ի տեղահանությունից հետո նա այլևս ի վիճակի չէ պայքարելու։ Միայնակ մայրը մնացել է շիվար ու անօգնական։

Անահիտի ճակատագիրն այնքան էլ հարթ չի ընթացել

-Մարտունի քաղաքում ամուսնացել, ընտանիք եմ կազմել ու մտածել, որ գտել եմ իմ երջանկությունը։ Ծնվել են երեխաներս՝ Թաթուլն ու Սոֆին։ Այնպես է ստացվել, որ ընտանիքով մեկնել ենք Ռուսաստանի Դաշնություն՝ փորձելով այնտեղ աշխատանք գտնել ու բարելավել մեր կյանքը։ Սակայն օտար հողը մեզ երջանկություն չբերեց, ավելին՝ ընտանիքս կործանվեց։ Երեխաներիս հետ վերադարձա Արցախ՝ մտածելով, որ մենակ կկարողանամ ոտքի կանգնեցնել բալիկներիս։ Երկրորդ անգամ փորձեցի դասավորել կյանքս․ ծնվեց 3-րդ երեխաս՝ Ռաֆիկը։ Ապրում էինք Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ Ամուսինս զինծառայող էր․ 2023-ի սեպտեմբերի 19-ին դիրքերում էր․․․ Արցախի տեղահանությունից հետո հաստատվեցինք Արարատի մարզի Ռանչպար գյուղում։ Ճակատագրի դառը հեգնանքով երեք երեխաներիս հետ նորից մնացի մենակ:

Ծնողներս ու եղբայրներս ապրում են Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Եղբայրներս բազմազավակ հայրեր են և մի կերպ կարողանում են հոգալ իրենց երեխաների կարիքները։ Ոչ ոքից օգնություն չեմ ակնկալում, որովհետև բոլորն էլ նույն վիճակում են հայտնվել։

Որքան էլ դժվար, սակայն հանուն երեխաների Անահիտը կարողացավ ծանր որոշում կայացնել՝ հոգու խորքում հավատալով, որ ամեն ինչ լավ է լինելու

 -Երեխաներս այստեղ դպրոց էին գնում, լավ սովորում։ Մերվել էին նոր շրջապատին, ընկերներ ձեռք բերել, հաճախում էին տարբեր խմբակներ։ Թեև երեք երեխաներիս հետ մի կերպ էինք գոյատևում, սակայն երջանիկ էինք, որ միասին ենք։ Բայց եկավ մի պահ, ու ես հասկացա, որ չեմ կարողանում հոգալ ընտանիքիս կարիքները։ Պարզապես անհնար էր ապրել վարձակալած տան, հետն էլ սննդի ու հագուստի հարցերը լուծել։ Ֆինանսապես ծանր կացության մեջ հայտնվելուց հետո որոշեցի ընդառաջել Սոֆիի ու Թաթուլի հոր խնդրանքին ու երեխաներն միառժամանակ ուղարկել նրա մոտ՝ Ռուսաստան։ Շատ ծանր էր ինձ համար նման որոշում կայացնելը։ Կարոտից տեղս չեմ գտնում, սակայն հասկանում եմ, որ միակ ելքը դա էր։ Ամեն օր խոսում եմ բալիկներիս հետ։ Արդեն դպրոց են գնում, փորձում հարմարվել։ Մենք իրար հույս ենք տալիս, որ շուտով նորից միասին կլինենք։

Մի քանի օրից հետո իմ վիճակն ավելի է ծանրանալու։ 40+10 հազար դրամ աջակցությունից զրկվելուց հետո չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու փոքրիկիս հետ։ Ընդամենը ստանալու եմ 40 հազար դրամ, հետո՝ 30 հազար, իսկ տարվա վերջին բոլորովին եմ զրկվելու արցախցիներիս տրվող միակ  աջակցությունից։ Ինչպես պետք է այդ գումարով հոգամ երկուսիս կարիքները։ Պարզապես իմ երեխան ամեն ինչին կարոտ կմնա։ Տունը, որտեղ ապրում եմ, զուրկ է բոլոր կոմունալ հարմարություններից։ Տաքացվում է փայտե վառարանով, անցած ձմեռվա փայտի գումարը չեմ կարողանում վճարել։ 5 տարեկան երեխայիս պատճառով դեռևս աշխատել չեմ կարող։

 Անահիտը մայր է, ով ցանկանում է իր երեխաներին անհոգ ու ապահով մանկություն պարգևել։ Նա ուզում է իր տաքուկ գրկում պահել իր 3 երեխաներին, նրանց սեղմել իր սրտին և ուրախանալ ամեն մի հաջողությամբ։ Գուցե կգտնվեն բարեգութ մարդիկ և օգնության ձեռք կմեկնեն արցախցի կնոջը, ով անցել է արհավիրքների միջով ու հայտնվել դժվար կացության մեջ։ Նրա միակ երազանքը երեխաներին իր շուրջը հավաքելն է:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ