Մարտի 23-ին Կիևի կողմից ստացված ԱՄՆ-Ուկրաինա հանքային գործարքի նոր նախագիծը պարունակում է շատ ավելի ագրեսիվ պահանջներ Վաշինգտոնից՝ վերահսկելու Ուկրաինայի հանքային պաշարները և էներգետիկ ակտիվները: Սակայն փաստաթուղթը չի պարունակում անվտանգության երաշխիքներ։
Նշվում է, որ համաձայնագիրը պետք է տարածվի Ուկրաինայի բոլոր հանքային ռեսուրսների վրա՝ ներառյալ նավթն ու գազը, ինչպես նաև երկրի ողջ տարածքում հիմնական էներգետիկ ակտիվները։ Գործարքը նաև ներառում է ենթակառուցվածքները, որոնք կապված են բնական ռեսուրսների շահագործման հետ, ինչպիսիք են ճանապարհները, երկաթուղիները, խողովակաշարերը, նավահանգիստները և վերամշակող գործարանները, պարզել է FT-ն:
FT-ն մեջբերում է անանուն ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, որոնք ասում են, որ ԱՄՆ-ի նոր առաջարկը «կարող է խաթարել Ուկրաինայի ինքնիշխանությունը, հանգեցնել շահույթի արտահոսքի արտասահման և մեծացնել Կիևի կախվածությունը Վաշինգտոնից:
Պուտինն իր հերթին առաջարկել է Ուկրաինայում արտաքին կառավարում մտցնել, քանի դեռ այնտեղ «լեգիտիմ» կառավարություն չի ձևավորվել, այսինքն՝ Մոսկվայի մետրոպոլիայի նկատմամբ հավատարիմ վասալական իշխանություն։ Պուտինը մեկ անգամ չէ, որ ասել է, որ չկա այնպիսի պետություն, ինչպիսին «Ուկրաինան» է՝ ակնարկելով, որ այն ապագայում նույնպես չպետք է լինի։
Թրամփի և Պուտինի գործողությունները հիշեցնում են աշխարհը մի քանի «կայսրությունների» բաժանելու և «պետական ինքնիշխանության» դարավոր նախագիծն ավարտելու նախապատրաստություն։ Թրամփը նշանավորել է այս նախագծի ավարտը՝ փակելով Վուդրո Վիլսոնի կենտրոնը։ Չէ որ հենց դեմոկրատ Վիլսոնն էր, ով Առաջին համաշխարհային պատերազմից հետո առաջարկեց վեց փլուզված կայսրությունների փոխարեն ստեղծել ազգային ինքնիշխան պետություններ և առաջինն էր, որ ներդրեց ազգերի ինքնորոշման հայեցակարգը։
Պահպանողական ուժերը ողջ սպեկտրը՝ միապետականից մինչև բացահայտ ֆաշիստ, երբեք չեն հաշտվել այս նախագծի հետ: Եվ հիմա Ուկրաինայի օրինակով մենք կարող ենք տեսնել «ինքնիշխանության նախագծի» ավարտը։ Ահա թե ինչու հրադադար չի լինելու, և պնդումները, թե Թրամփը «չի կարողանում» ստիպել Պուտինին, անլուրջ են։ Թրամփը չի էլ պատրաստվում Պուտինին ստիպել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում. նա արդեն բանակցություններ է վարում նրա հետ Ուկրաինան և մյուս երկրները բաժանելու շուրջ։ Այլ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, փորձում են միանալ այս գործընթացին, սակայն ապարդյուն։
Հարկ չկա հիշեցնելու, որ ինքնորոշման և ինքնիշխան պետության ողնաշարը կոտրվեց Արցախում՝ Պոլսում ՌԴ, ԱՄՆ և ԵՄ կոնսենսուսով։