«Այս հրապարակում հավաքված մարդիկ հավաքվել են՝ եւս մեկ անգամ ասելու, որ աշխարհի աչքի առաջ մեզ բռնությամբ զրկել են մեր հայրենիքից, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք մեր հայրենիքից»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա ասաց, որ հայաստանցիների ու արցախցիների միջեւ տարանջատումներ չպետք է լինեն, այդ տարանջատումները, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, պետք է փշրվեն՝ հանդիպելով մեր համերաշխությանը։
«Մեզ բոլորիս այսօր այս հրապարակում հավաքել է մի պարզ մղում՝ տեր կանգնել սեփական իրավունքներին։ Եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ինչ-ինչ պիտակավորումներ տալ, թե իբր սա սոսկ սոցիալական աջակցության պահպանման համար պայքար է, ապա նրանք պարզապես զուրկ են տարրական բարոյականությունից, զուրկ են մարդկային ապրումակցումից։ Այո, բռնի տեղահանվածներին կեցության համար տրվող սոցիալական աջակցությունն այն պարզ նվազագույնն է, որն անհրաժեշտ է արցախցիներին ՀՀ-ում պահելու, նրանց նվազագույն կարիքները հոգալու համար։ Սոցիալական աջակցությունը տեղահանվածների համար կենսական կարեւորություն ունի, եւ դա այդպես է ոչ միայն ՀՀ-ում, այդպես է ամբողջ աշխարհում։ Հետեւաբար, խիստ կարեւոր է պահպանել այն այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր տեղահանված ընտանիքի կեցության հարցը արժանապատիվ եւ մեկընդմիշտ լուծված չէ։ Սոցիալական այս խնդիրը բարձրաձայնելը բնավ ինքնանպատակ չէ, պարզապես մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ աջակցության դադարեցումն աղետալի հետեւանքներ է ունենալու՝ հազարավոր ընտանիքների մատնելով անօթեւանության եւ չքավորության, դրդելով արտագաղթի։ Իսկ մենք ուզում ենք ապրել մեր մայր հայրենիքում, մենք ուզում ենք ապրել արժանապատիվ՝ մեր հոգում եւ սրտում պահելով մեր փոքր հայրենիք վերադառնալու ցանկությունը եւ նպատակը»,- հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։
Նա ասաց, որ հրապարակում հավաքված մարդիկ ամեն օր քնում եւ զարթնում են սեփական տուն վերադառանալու հույսով ու հավատով։ Նա կոչ արեց արցախցիներին թույլ չտալ, որպեսզի իրենց մեջ մարի Արցախ վերադառնալու մղումն ու հույսը։ «Անիրատեսության դասեր տվողներին հստակ պատասխանեք, որ թույլ չեք տա, որ ստիպեն հրաժարվել ինքներս մեզանից, մեր գոյության իմաստից։ Թույլ չենք տա մեզ եւ մեր սերունդներին զրկել հայրենիք վերադառանալու իրավունքից։ Թույլ չենք տա ուրանալ հազարավոր սուրբ նահատակների արյունը։ Եթե ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո մենք լքել ենք մեր հայրենիքը, դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք այնտեղ վերադառնալու մեր իրավունքից։ Վերադարձի իրավունքն ինչ-որ անկատար երազանք չէ, հեքիաթային մի պատում չէ, այն իրավունք է, որն ամրագրված է, որը պետք է պաշտպանել ու առաջ մղել»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ իրենց միասնական պահանջը՝ ուղղված ՀՀ իշխանություններին ու միջազգային դերակատարներին հետեւյլան է՝ Արցախի ժողովրդի անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը պետք է դառնա բանակցային օրակարգի մաս։ Հակամարտության արդարացի կարգավորում չի կարող լինել հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքների եւ խեղված ճակատագրերի վրա։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ պահանջում են, որպեսզի ՀՀ իշխանությունները չհրաժարվեն միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատներից եւ Մինսկի խմբի ձեւաչափից, այլապես Արցախի ժողովուրդը բախվելու է իր իրավունքների լրջագույն ու եւ զանգվածային նոր խախտումների։
«Այս տեղանկյունից մեր գլխավոր ուղերձը եւ ՀՀ իշխանություններին, եւ միջազգային բոլոր դերակատարներին այն է, որ ոչ ոք իրավունք չունի Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնել՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու։ Մենք պետք է լինենք մեր ճակատագրի տերը։ Մեր պահանջներն արդարացի են, հիմնված են իրավունքի վրա»,- ասաց նա։