Ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ պիտի 2023 թվականից հետո ինչ-որ մեկի ցանկությամբ 150 հազար մարդ դառնա փախստական մայր հայրենիքում։ Այս մասին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախկինում Հայաստանում արցախցիներին փախստական չեն համարել երբեք։ «Սա անարդարացի վերաբերմունք է արցախցիների նկատմամբ, չկա տարբերություն, ինչպես արցախցին, այնպես էլ գորիսեցին կամ արթիկցին ստացել են նույն անձնագիրը, նույն զինվորական գրքույկը, նույն վարորդական վկայականը, նույն սոցիալական քարտը։ Եվ ինչո՞ւ է պատերազմներով անցած ազգի արցախցի հատվածը համարվում փախստական։ Սա անարդարություն է, որի դեմ պետք է պայքարենք միասնաբար»,- ասաց նա։
Դավիթ Հովհաննիսյանը հավելեց, որ բոլոր արցախցիները ՀՀ քաղաքացիներ են։ Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի համաձայն՝ այն անձը, ով Հայաստանում ստացել է անձնագիր ու նույնականացման քարտ, համարվում է ՀՀ քաղաքացի։ Այդպիսի անձնագրեր ու նույնականացման քարտեր ստացել են բոլոր արցախցիները։ «Սակայն ինչ-որ մեկի ցանկությամբ մեզ անվանում են փախստական կամ քաղաքացիություն չունեցող անձ։ Ի՞նչ է ստացվում, մեզ տվել են կեղծ անձնագրե՞ր, եւ մենք այդպես խաբված տասնյակ տարիներ ապրե՞լ ենք։ Իհարկե, ոչ։ Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ որեւէ մեկը բարոյական եւ իրավական իրավունք չունի որեւէ արցախցու անվանել փախստական։ Ինչպես նաեւ ոչ մեկը բարոյական, իրավական ու քաղաքական իրավունք չունի ասելու, որ արցախցին քաղաքացիություն չունեցող անձ է եւ պետք է քաղաքացիություն ստանա Հայաստանում»,- հայտարարեց փաստաբանը։
Նա ասաց, որ 150 հազար արցախցիների 0,1 տոկոսը դեռ չի ապահովվել բնակարանով, իսկ կառավարության բնակապահովման ծրագիրը արդեն մեկ տարի է՝ գործում է։ Սա նշանակում է, որ այս ծրագիրը չի համապատասխանում հասարակությունում առկա խնդիրներին։ Սա նշանակում է, որ այս ծրագիրը պետք է հիմնովին փոխվի։