Մի կին ասաց, որ արցախցի չէ, բայց այսօր այստեղ է եւ պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը գա ու այսքան մարդու պատասխան տա

  • 19:22 29.03.2025

Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցող քաղաքացիները լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին են համարում ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը։

Մի կին ասաց, որ արցախցի չէ, բայց այսօր այստեղ է եւ պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը գա ու այսքան մարդու պատասխան տա․ «Այս ամբոինից գոռում էիր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Արի, հենց հիմա այս ամբիոնից պատասխանիր ինձ, որ ասում ես՝ Արցախը Ադրբեջան է, եւ վերջ։ Քո 40+10 հազարը մարդկանց պետք չէ, մեզ մեր հայրենիքն է պետք, ապահովիր մարդկանց իրենց հայրենիքով»։

Արցախցիներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ինքը մեզ Արցախից կտրել է, ամեն ինչից կտրել է, պարտավոր է մեր տան վարձերն այնքան տա, մինչեւ տնով ապահովի։ Ոնց մեզ տնից-տեղից կտրել, բերել հարցրել է այստեղ, պարտավոր է մեր տան վարձերը տալ»։

«Բնակապահովման սերտիֆիկատից օգտվելու համար մեզ կանգնցրել են բարդ ընտրության առաջ։ Գնում ենք, որ մեր սերտիֆիկատին համապատասխան տուն ընտրենք, բանկը գնահատում է 20 հազար դոլար, տան տերն ասում է՝ ցտեսություն քեզ, իմ տունը թանկ է։ Ինձ ասում են՝ Հայաստանի քաղաքացիություն ստացիր։ Այնտեղ իմ բնակավայրն է մնացել, դու խի՞ ես ջնջում ամեն ինչ։ Մեզ մեր հայրենիքից ու ամեն ինչից զրկել, հիմա էլ պատմությունն է ուզում ջնջել, ո՞վ է քեզ այդքան իրավունք տվել»,- ասաց արցախցի մի կին։

«Մեծ ոգեւորությամբ կվերադառնամ իմ տուն, դուռը թողել եմ բաց, լիքը, առատ տունը թողել եկել եմ, հիմա դարձել եմ փողցային մարդ, ոչ տուն ունեմ, ոչ փող»,- ասաց արցախցի մի տղամարդ։