«Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ ստեղծված «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» այսօր Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո վրան տեղադրեց Ազատության հրապարկում՝ նստացույց անելու նպատակով։ Կգործի նաեւ օպերատիվ շտաբ։
Ոստիկանները թույլ չտվեցին արցախցիներին երկրորդ վրանը տեղադրել հրապարակում։ «Ընդամենը մեկ վրան է թույլատրված, պայմանավորվածություն է տեղի ունեցել մեկ վրանի շուրջ, ավել վրան չի լինելու, իրենց համակարգող խորհուրդը այս մի վրանի մեջ է շարունակելու իրենց ակցիան»,- ասաց ոստիկանը։
Նշենք, որ այսօր անցկացված հանրահավաքի օրակարգային հարցերն են՝ Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում, տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ, Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ եւ Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ։ Արցախցիները 1-2 շաբաթ ժամանակ են տվել Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերանայեն իրենց վերաբերյալ ծրագրերը։ Հանրահավաքում հայտարարեցին, որ եթե ՀՀ կառավարությունից պատասխան չստանան, կազմակերպելու են ավելի մեծ հանրահավաք եւ անցնելու են հստակ գործողությունների։