Նույնիսկ մի հասարակ մշտադիտարկում չեն կարողանում անցկացնել, որպեսզի իմանանք՝ ի վերջո ի՞նչ է կատարվում մեր մշակութային ժառանգության նկատմամբ Արցախում

  • 20:25 29.03.2025

«Այսօր մեզ ասում են, որ Գանձասարը քոնը չէ, 5658 հուշարձանը քոնը չէ։ Արցախի մայրաքաղաք Ստեփանկերտն այսօր ենթարկվում է ոչնչացման, ջնջում են մեր պատմական հետքը, մեզ կտրում են մեր արմատից, ցանկանում են ոչնչացնել մեր ինքնությունը»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ միջազգային հանրության աչքի առաջ Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ կատարվում է դասական մշակութային էթնոցիդի քաղաքականություն։ «Մեզ բռնագաղթի միջոցով ցեղասպանության ենթարկելուց, այսօր մեր մշակութային ժառանգությունն են ենթարկում մշակութային ցեղասպանության, որպեսզի մենք այլեւս մոռանանք Արցախի մասին։ Արցախը հայկական մշակութային ժառանգության գանձարանն էր, որն այօսր վտանգված է։ Եվ այսօր, երբ ՀՀ իշխանությունն ասում է, որ պետք է հայցերը վերցնի միջազգային դատարաններից, նշանակում է նորից կանաչ լույս վառել Ադրբեջանի համար։ Ադրբեջանը քայլ առ քայլ հստակ գնում է մեզ ոչնչացնելու ճանապարհով։ Նույն փորձը, որը նա ձեռք էր բերել Նախիջեւանում, այսօր իրականացնում է Արցախում»,- ասաց նա։

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝  նույն քաղաքականությունն Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ է իրականացնում․ Ադրբեջանում ՀՀ բոլոր տեղանուններն ադրբեջանացված են։ Սա նույնպես մեր մշակութային ժառանգության դեմ ցեղասպանական քաղաքականություն է։ «Եվ եթե մենք մեր միասնականության շնորհիվ չբռնենք թշնամու ձեռքը, ապա նորից կանաչ լույս ենք վառելու մեր թշնամու առաջ։ Թե միջազգային հանրությունը, թե ՀՀ իշախանությունները, բացի հերթապահ հայտարարություններից, գործնական քայլեր չեն կատարել Արցախում մշակութային էթնոցիդի քաղաքականությունը զսպելու համար։ Նույնիսկ մի հասարակ մշտադիտարկում չեն կարողանում անցկացնել, որպեսզի իմանանք՝ ի վերջո ի՞նչ է կատարվում մեր մշակութային ժառանգության նկատմամբ Արցախում»,- հայտարարց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա արցախցիներին կոչ արեց շարունակել ապրել Հայաստանում, չարտագաղթել, որպեսզի կարողանան համախումբ վերադարձով փրկել Արցախի մշակութային ժառանգությունը։