Արցախահայությունը բռունցքվել է՝ պաշտպանելու իր իրավունքները

  • 09:39 30.03.2025

Հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքում արցախցիները հավաքվել էին ևս մեկ անգամ վճռականորեն արտահայտելու իրենց հավաքական կամքը և պատրաստակամությունը վերադառնալու Արցախ, որտեղից տեղահանվել են ոչ իրենց կամքով։

Երեկ արցախահայությունը բռունցքվել է՝ պաշտպանելու իր իրավունքները։ Վերադարձի կամքն անսասան է, հայրենիքի կարոտը՝ անչափելի։ Մենք զրուցել ենք հանրահավաքին մասնակցած մարդկանց հետ։ 

 Սեյրան Մայիլյան

-Արցախահայերն հավաքվել են այստեղ իրենց մտահոգություններն ու խնդիրները բարձրաձայնելու համար։ Նախ և առաջ մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կարելի է միավորվել ու ինչ որ հարցի համար միավորված պայքարել։ Ցանկացած համախմբված գործողություն կարող է ունենալ իր վերջնաարդյունքը։ Միայնակ ոչնչի չես կարող հասնել։ Այս պահին, իմ կարծիքով հավաքվել է մոտ 30000 մարդ։ Ըստ որոշակի հավաքագրված տվյալների Երևանում ապրում է մոտ 20000 արցախցի։ Կարծում եմ՝ տեղահանված արցախահայության զգալի մասն այստեղ կլիներ, եթե հնարավորություն ունանար։ Հարցը միայն սոցիալ-տնտեսական բնույթի չէ։ Ուղղակի ցանկանում ենք ասել, որ պետք չէ նման վերաբերմունք դրսևորել մեր ժողովրդի հանդեպ, ով դեռևս ապահովված չէ բնակարաններով և աշխատանքով։ Աջակցության դադարեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ առաջացնել արցախահայության շրջանում։

 Անահիտ Դանիելյան

-Այսօր Ազատության հրապարակում նորից համախմբված ու միասնական տեսանք մեր համերկրացիներին, ովքեր դուրս էին եկել պաշտպանելու ՄԱԿ֊ի կոնվենցիայով ամրագրված իրենց իրավունքները։ Արցախահայությանը չի կարող չմտահոգել մեր ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագիրը, որոնց նկատամբ այս օրերին Բաքվում շինծու դատավարություն է իրականացվում։ Հավաքվածները ներկայիս իշխանություններից պահանջում են դիմել միջազգային բոլոր կառույցներին, մարդու իրավունքների միջազգային դատարանին` անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող մեր բոլոր գերիներին։ Շարունակել սոցիալական ապահովության ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը, մինչև կլուծվեն տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների բնակարաներով ապահովվելու հարցը։ Հակառակ դեպքում, եթե դադարեցվի ծրագիրը մեր հայրենակիցները ստիպված կլինեն լքել երկիրը։

Նունե Քոչարյան

-Ամուսինս 16 տարեկան էր, երբ վիրավորվեց Արցախյան առաջին պատերազմում։ Ամբողջ կյանքում նա ծառայել է Արցախի համար։ Ես Երևան քաղաքից եմ և18 տարեկան էի, երբ Հայաստանից մեկնեցի Արցախ՝ վիրավոր տղաներին արյուն տալու։ Ընտանիք կազմեցի զինվորականի հետ, ու մնացի Ստեփանակերտում։ Իմ տղան 2 տարի սահման է պահել Մատաղիսում։ Ու հիմա կորցրել ենք ամեն ինչ։ Մեր հայրենիքը կորցրել ու հայտնվել ենք այստեղ՝ դռնեդուռ։ Ինձ ամենից շատ մտահոգում է մեր հայ գերիների հարցը։ Չեմ ուզում անգամ պատկերացնել, թե նրանք ինչ օրեր են քաշում այդ բորենիների ձեռքում։ Այսօր ես ոգևորվեցի, երբ տեսա մեր արցախցիների այսչափ համախմբումն ու միասնականությունը։ Հույս ունեմ, որ մեր բաձրացված հարցերն ու խնդիրները կունենան իրենց լուծումները։

Մենք ցանկանում ենք ապրել Մայր Հայաստանում և հոգու խորքում հավատում ենք, որ մի օր կվերադառնանք Արցախ։

Աիդա Մուսայելյան

– Մեր ամեն մի օրն սկսվում և ավարտվում է Արցախ վերադառնալու հույսով, ու այդ հույսը մեր մեջ երբեք չի մարի։  Հավաքվել ենք կոչ անելու, որ օրակարգում այդ հարցը լինի առաջնահերթ, ինչպես նաև մշտարթուն պահվի Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Այսօր մեզ համար կարևոր է նաև սոցիալական աջակցությունը և այն, որ ՀՀ կառավարության կողմից շուտով կդադարեցվի մեզ տրամադրվող միակ աջակցությունը, անտրամաբանական ու անարդար մոտեցում է արցախցիների հանդեպ։ Շատերը կհայտնվեն չքավորության շեմին, կմնան անօթևան ու ստիպված կլինեն արտագաղթել՝ գերադասելով օտար երկրները Մայր Հայաստանից։ Քանի դեռ ապահովված չենք բնակարաններով, աջակցության ծրագիրը պետք է շարունակական լինի ու անխտիր բոլոր տեղահանվածների համար։

Լուսինե Գրիգորյան

-Ինչպե՞ս մոռանանք Արցախի պատմությունը, մեր անցած կյանքը։ Մեր տղաների թափած արյունը ո՞նց ուրանանք։ Ինչպե՞ս թե փակված է Արցախի էջը։ Մինչև Արցախյան շարժումը կոնկրետ մեր գյուղում ադրբեջանցի 2 ընտանիք էր ապրում, այն էլ հովվություն էին անում։ Իսկ հիմա այնտեղ բնակեցվել է 135 ընտանիք, ու այդ մարդիկ փաստում են, որ 33 տարի առաջ այնտեղ էին ապրում ու վերադարձել են իրենց տները։ Ես 40 տարեկան եմ ու ընդամենը 2 ընտանիք եմ տեսել մեր գյուղում։ Ուզում եմ հասկանալ, թե ինչպես են այդ ստերը հասցվում միջազգային կազմակերպություններին։ Այդ և նմանատիպ հարցեր պետք է վերհանել, այլ ոչ թե փորձել մեզ կոտրել՝ զրկելով միակ աջակցությունից։

Արցախցիները պատվավոր մարդիկ են և միշտ էլ արժանապատվորեն են քայլել Արցախի սուրբ հողում, ապրել, արարել։

Մենք պետք է պայքարենք մեր իրավունքների համար ու վերադառնանք տուն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ