Արցախի տարածքային նախկին նախարար Հայկ Խանումյանը գրում է, որ “մինչև 90-ականների վերջ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կար մաքսային սահման, Արցախի հարկային համակարգը տարբերվում էր հայաստանյանից։ Հետո Երևանը առաջարկում է հանել մաքսային սահմանը, միասնականացնել հարկային համակարգը։ Դրա փոխարեն ՀՀ բյուջեի 4,4 տոկոսը միջպետական վարկի տեսքով փոխանցվում էր Ստեփանակերտ”։
Այդ գումարը մինչև 2020թ պատերազմը տարբեր տարիների եղել է 8 միլիոն դոլարից մինչև 120 միլիոն դոլար։ Ոչ մեկն արցախցիներին չի պահել, ոչ մեկը չի աշխատել՝ արցախցին կերել է։ Դա եղել է Արցախի գումարները՝ հավաքված ՀՀ ՊԵԿ կողմից և փոխանցված Ստեփանակերտ, գրում է նախկին նախարարը։
“Հայաստանի Հանրապետությունն ավելի մեծ եկամուտներ և տնտեսական օգուտներ է ստացել Արցախի առկայությունից։ Նշեմ, որ այսօր Հայաստանի տարածքում գտնվող միայն մի հանք, որ պատերազմից հետո չի աշխատում անվտանգային պատճառներով, տալիս էր այդ միջպետական վարկի կեսի չափով հարկ”, գրել է Խանումյանը։
“Պաշտպանության մասին։ Ոչ մի զինվոր, լինի նա Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքից, արցախցուն կամ Արցախը չի պաշտպանել, պաշտպանել է Հայաստանի Հանրապետությունը, պաշտպանել է հայությանը։ Ուղղակի այն ժամանակ Հայաստանի սահմաններն անցնում էին Օմարով, Թալիշով, Աղդամով, Ֆիզուլիով ու Հորադիզով, հիմա սահմանն անցնում է Սոթքով, Ջերմուկով, Տեղով ու Կապանով։ Սա է տարբերությունը”, գրում է Հայկ Խանումյանը։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ արցախյան ճակատում զոհվել է 6157 զինծառայող, նրանցից 3200 Արցախից են եղել, բացի դրանից ևս 1000 քաղաքացիական անձ է զոհվել։ Առաջին պատերազմի ժամանակ արցախյան ճակատից դուրս, այլ վայրերում (Երասխից մինչև Իջևան, Կապան) զոհվել է ևս 1000 զինծառայող։ 2020թ․ պատերազմին զոհվել է մոտ 4000 զինծառայող, որից 800-ը՝ Արցախի բնակիչ։
Արցախի նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանն էլ գրում է․
Նիկոլ Փաշինյանի պատճառով սեփական կացարանը կորցրած ընտանիքները ունեն սոցիալական հոգածության բացառիկ իրավունք։ Հետևաբար, մինչև յուրաքանչյուր ընտանիքին բնակարան հատկացնելը, կառավարությունը պարտավոր է շարունակել բնակվարձի փոխհատուցման ծրագիրը ամբողջ ծավալով։ Ընդ որում, կառավարության կողմից այդ ծրագրի ծախսերը 2 անգամ քիչ են Արցախին տրված ֆինանսավորումից։
Հայտնի է, որ Արցախի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանից ստանում էր 144 մլրդ դրամ գումար, որը մեկ հոգու հաշվարկով կազմում է ամսական 100.000 դրամ։ Արդյունքում, այս ծրագրի իրականացումը բյուջեի վրա որևէ հավելյալ ծախս չի նախատեսում և իշխանությունների վարած քաղաքականությունն ունի մեկ նպատակ՝ նպաստել արցախցիների արտագաղթին։