Իսկ եթե արցախցիներին կշտամբողներն էլ արժանանային նույն ճակատագրին, ինչ արցախցիները

  • 22:11 30.03.2025

Երեկ՝ Ազատության հրապարակի հանրահավաքից հետո, սոցցանցերը լցվեցին գրառումներով այն մասին, իբր թե է արցախցին կռվում է ստամոքսի համար, որ չի ուզում աշխատել, պետության վզին նստած և այլն։ Ուզում եմ դիմել նման «փայլուն հայտարարությունների» հեղինակներին. դուք չեք հասկանում, թե ինչի միջով է անցել Արցախի ժողովուրդը, որովհետև դուք չեք ապրել շրջափակման մեջ, հետո դարձել փախստական։ Դուք չգիտեք, թե ինչ է 9 ամիս սոված մնալը: Ամբողջ գիշեր հացի համար հերթ կանգնելը, արդյունքում առանց հացի տուն վերադառնալն ու երեխաների սոված աչքերը տեսնելը։ Քնել ցրտի մեջ, առանց գազի և էլեկտրականության։ Հարյուրավոր կիլոմետրեր քայլել վառելիքի և տրանսպորտի բացակայության պատճառով։

Ապրելով այդ ամենը թողնել տները, երկար տարիների տքնաջան աշխատանքով ձեռք բերված ունեցվածքը, հարազատների շիրիմներն ու լքել հայրենիքը՝ չհասցնելով անգամ պատշաճ կերպով հուղարկավորել զոհված հարազատներին ու ընկերներին։ Արդյունքում հայտնվել արտաքսման պայմաններում՝ առանց աշխատանքի, ապրուստի միջոցների և տարրական իրավունքների պաշտպանության։ Իրական գներին չհամապատասխանող բնակարանների վարձավճարի համար չնչին նպաստ ստանալ, որը սակայն կդադարի ապրիլի 1-ից, և շատ արցախցիներ բառացիորեն կմնան փողոցում։

Որքան էլ դաժան հնչի, իշխանական քարոզչության զոհ դառնալու փոխարեն, փորձեք ձեզ պատկերացնել արցախցիների տեղում։ Իսկ եթե նրանց ճակատագրին արժանանար Հայաստանի բոլոր բնակիչնե՞րը, այդ թվում դուք և ձեր ընտանիքները։ Իսկ եթե թշնամին քանդեր ձեր տները, պղծեր ձեր հարազատների ու ընկերների շիրիմները, եկեղեցիները, վանքերը և մեր մեծ հայրենիքի մշակութային և պատմական ժառանգության այլ հուշարձանները, ինչպես արվում է այժմ Արցախի տարածքում։ Միգուցե այդ ժամանակ կկարողանաք հասկանալ երեկվա հանրահավաքի իրական իմաստը։

Արսեն Աղաջանյան