ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնության չգան իրանական միջուկային ծրագրի շուրջ, ԱՄՆ-ը հարվածելու է Իրանին։
«Եթե համաձայնության չգանք, կլինեն ռմբակոծություններ: Դա կլինի այնպիսի ռմբակոծություն, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», – ասել է Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում: Նա նաև սպառնացել է նոր երկրորդական պատժամիջոցներով իրանական ապրանքների նկատմամբ: Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ «շփումներ» կան Վաշինգտոնի և Թեհրանի միջև:
Թրամփի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղարկված նամակում նա Թեհրանին երկու ամիս ժամանակ է տվել նոր գործարքի հասնելու համար, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյային և երկու այլ աղբյուրներ:
Կիրակի օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը հայտարարել է, որ Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների առաջարկը՝ ի պատասխան Թրամփի նամակի, հայտնում է AP-ն։
«Թեև մերժվել է երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն ընդգծվել է, որ ճանապարհը բաց է մնում անուղղակի բանակցությունների համար»,- ասել է Իրանի նախագահը։
Իրանի ողջ տարածքում հրթիռները պատրաստ են արձակվել ԱՄՆ-ի կողմից էսկալացիայի դեպքում, գրում է Tehran Times թերթը։
Հրատարակության տվյալներով՝ այդ հրթիռների զգալի մասը գտնվում է ստորգետնյա բազաներում, որոնք կարող են դիմակայել օդային հարվածներին։
Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Պուտինին՝ սպառնալով երկրորդական մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի վրա, եթե Մոսկվան շարունակի արգելափակել Ուկրաինայի հետ պատերազմի ավարտը։ NBC News-ին տված հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «բարկացած» և «կատաղած» է Պուտինի գործողություններից։
«Եթե Ռուսաստանը և ես չկարողանանք համաձայնության գալ՝ դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում, և եթե մտածեմ, որ դա Ռուսաստանի մեղքն է, իսկ դա կարող է այդպես չլինի, բայց եթե այդպես լինի, ես երկրորդական մաքսատուրքեր կսահմանեմ նավթի վրա՝ Ռուսաստանից եկող ամբողջ նավթի վրա»:
«Ես շատ զայրացած և կատաղած էի, երբ Պուտինը սկսեց քննադատել [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկիին և խոսել Ուկրաինայի այլ կառավարման մասին», – ասել է Թրամփը NBC հեռուստաալիքի թղթակից Քրիստեն Ուելքերի հետ հեռախոսազրույցում։
Միևնույն ժամանակ Թրամփը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Վաշինգտոնի և Կիևի միջև հանքային գործարքից դուրս գալու մտադրության մեջ։ «Նա փորձում է դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից, և եթե դա անի, ապա կունենա խնդիրներ, մեծ, մեծ խնդիրներ», – ասաց նա լրագրողներին կիրակի օրը՝ մարտի 30-ին: Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Թրամփը նաև հավելել է, որ Զելենսկին «ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց նա երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ: Նա դա հասկանում է»:
Նախօրեին Bloomberg-ը հայտնել էր, որ Ուկրաինան խնդրել է փոփոխություններ կատարել Դոնալդ Թրամփի առաջարկած տնտեսական գործարքում՝ ներառելով ամերիկյան ներդրումների ավելացման պարտավորությունը: