Շուրջ 100 հազար արցախցի այսօր ստանում է 40+10 հազար դրամ աջակցություն, որն ուղղվում է բնակվարձերի վճարմանը։ Ապրիլի մեկից նախատեսվում է դադարեցնել 50-55 հազար քաղաքացիների աջակցությունը։ Իսկ 45 հազար մարդ ստանալու է կրճատված աջակցություն։
Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Բայց մենք ոչ թե բնակվարձի համար ենք պայքարում, այլ մենք պայքարում ենք, որ արժանապատիվ եւ կայուն, արդյունավետ բնակարանային ծրագիր գործի։ Իրենք բնակվարձի ծրագիրը կտրում են շատերի համար հենց այսօր, մնացածш համար հունիսից կամ դեկտեմբերից, բայց ասում են, որ արցախցիների մի զգալի մասը կարող է դիմել բնակարանային ծրագրին այս տարվա հուլիսի 1-ից, իսկ մյուս մասը կարող է դիմել 2026 թվականի հուլիսի 1-ից։
Այսինքն՝ այս անձանց բնակվարձի գումարը լրիվ կտրում են, բայց թույլ չեն տալիս, որ նրանք դիմեն բնակարանային ծրագրին։ Էլ չեմ էլ խոսում այն մասին, որ այդ ծրագիրն արդյունավետ չէ»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության այս քաղաքականության հետեւանքով արցախցիների սոցիալական խնդիրները կսրվեն, իսկ արտագաղթի տեմպերը կավելանան։
Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ այսօր արդեն բռնի տեղահանված արցախցիների շրջանում աղքատությունը բավական բարձր է եւ կազմում է մոտ 80 տոկոս։
«Մեզ համար ամենակարեւոր հարցն այն է, որ բնակարանային ծրագիրը պետք է ապահովի արժանապատիվ լուծում մեր ժողովրդի կեցության համար։ Իհարկե, մեզ համար քաղաքական վերջնական նպատակը մեր հավաքական վերադարձն է, բայց մինչեւ հավաքական վերադարձը մենք ցանկանում ենք, որ Արցախի ժողովուրդը բնակվի այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ դրա համար մենք պետք է ունենանք համարժեք արժանապատիվ պայմաններ»,- ասաց Բեգլարյանը։
https://www.facebook.com/step1.am/videos/9702753196472724