Ստացած հավաստագրերով բնակարան է ձեռք բերել արցախցիների 0,2 տոկոսը․ սա ամեն ինչ ասում է ծրագրի մասին

  • 21:07 31.03.2025

Հայաստանի կառավարությունը պետք է բարելավի արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագիրը եւ փուլային տարբերակով շարունակի «40+10 հազար» ծրագիրն այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ շահառու ընտանիքի բնակապահովման ծրագրից օգտվելու հերթը չի հասել։ Այս մասին Ազատության հրապարակում անցկացված հանրային քննարկման ժամանակ ասաց Արցախի Բնակարանային հարցերի կոմիտեի նախկին նախագահ Արմեն Մանգասարյանը։

«Հակասական մտքեր են արտահայտում իշխանությունները, ասում են՝ 40+10-ը դադարեցվում է, որպեսզի արցախցիներն օգտվեն բնակապահովման ծրագրից։ Բայց ինչպե՞ս օգտվեն, եթե տվյալ ընտանիքի հերթը դեռ չի եկել։ Աջակցությունը պետք է տրամադրվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել արցախցիների բնակարանային խնդիրը»,- ասաց նա։

Արմեն Մանգասարյանը նշեց, որ բնակապահովման ծրագրին դիմելիությունը շատ ցածր է։ Այսօրվա դրությամբ հավաստագիր է ստացել արցախցի ընտանիքների շուրջ 3 տոկոսը։ Եվ ստացած հավասագրերով բնակարան է ձեռք բերել արցախցիների 0,2 տոկոսը։ Ըստ Մանգասարյանի՝ այս ցուցանիշն ամեն ինչ ասում է ծրագրի մասին։

Նա նշեց, որ Արցախում եւս բնակապահովման ծրագիր էին իրականացնում, եւ արցախցիները կփաստեն, թե ինչ մեծ հերթեր էին Բնակարանային հարցերի կոմիտեի դիմաց։ Այսինքն, Արմեն Մանգասարյանի խոսքով, եթե տեղահանված ընտանիքը չի դիմում բնակապահովման ծրագրից օգտվելու համար, նշանակում է ծրագրի հետ ինչ-որ բան այն չէ։

Նա անդրադարձավ նաեւ այն խնդիրներին, որոնց բախվում են սերտիֆիկատ ստացած ընտանիքները։ Ասաց, որ հավաստագիր ստանալու գործընթացը շատ պարզեցված ու հեշտ է, բայց ստանալուց հետո մարդիկ բախվում են տարբեր խնդիրների։ Օրինակ՝ եթե շահառուն սերտիֆիկատի գումարին հավասար կամ դրանից ցածր արժեքով բնակարան է գտել ու ցանկանում է գնել այն, բայց ունի գործող ժամկետանց վարկ, բանկը նրան հիփոթեքային վարկ չի տրամադրում։ Արցախցիների բարձրաձայնած այս խնդրին կառավարությունը խոստացել է լուծում տալ ապրիլի մեկից։

Անդրադառնալով իրավական խնդիրներին՝ Արմեն Մանգասարյանն ասաց՝ լուրջ խնդիր է այն, որ արցախցիներին պարտադրում են դառնալ ՀՀ քաղաքացի։ Ըստ նրա՝ այնպես չէ, որ արցախցին չի ուզում լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Արցախցին ամբողջ կյանքում երազել է միանալ մայր Հայաստանի հետ, լինել ՀՀ քաղաքացի եւ եղել է ՀՀ քաղաքացի։ «Այժմ ներկայացնել, թե արցախցիները չեն ուզում քաղաքացի դառնալ, դա իրականությանը չի համապատասխանում։ Ծրագրում կան նաեւ մի շարք այլ խնդիրներ, որոնք ընդհուպ հակասահմանադրական են»,- ասաց նա։