Ադրբեջանցիների տարածած տեսանյութերում երեւում է, որ Ստեփանակերտի Ազատության հրապարակում քանդել են շենքերը: Տեղացիներին քաջ հայտնի Կոլցեվոյը, Լուչի շենքը, որտեղ 1988թ. մեկնարկել էր ղարաբաղյան շարժումը:
Շատերը կհիշեն 2020թ. ադրբեջանական հրետանու առաջին հարվածն այդ շենքին: Այն, ինչը չեն կարողացել մինչեւ վերջ քանդել արկերը, այսօր “ավարտին են հասցնում” էքսկավատորները:
Ալեք Մանուկյան փողոցի (Էնգելս) շենքերի կտուրներ են փոխում: Այլ կերպ ասած, առանց տերերին հարցնելու, “վերանորոգում են” որ շենք ցանկանում են, որը դուր չի գալիս, պարզապես քանդում են:
Եթե Բաքվում են սեփական քաղաքացիների տները քանդում, երբ բնակիչները դեռ ներսում են, ի՞նչ կարող ենք ակնկալել հայաթափված քաղաքաից:
Ազատամարտիկների պողոտայում խանութները վերաբացել են, իսկ բնակարաններում լույս չի վառվում, դատարկ են:
Ինչո՞ւ են դատարկ, ո՞ւր են տերերը
Ճիշտ է, ստեփանակերտցիների պատշգամբներից չէր երեւում Արարատը, եւ երեւանցիները քիչ չեն պայքարել իրենց քաղաքի պատմական շենքերի համար (Արամի փողոց, Ֆիրդուս եւ այլն…): Բայց որքան երևանցիներին է հարազատ ամեն մի կամար, փողոց ու ծառ, նույնքան էլ ստեփանակերտցիներին իրենց Կոլցեվոյը, Հեքիմյանն ու Շուշվա ուգըլը: Որքան դուք եք ամեն առավոտ էներգիա ստանում Արարատին նայելիս, նույնքան նրանք էին ‘լիցքավորվում’ իրենց սարերիից, փողոցներով անցնելիս, իրենց զագորըդներից:
Ռանչպար գյուղում արցախցի մի ընտանիք էինք այցելել: Պարզ կապույտ օր էր: Չարենցի նկարագրածի պես Արարատը գեղեցիկ ու չափազանց մոտիկ էր, բայց Արցախի Ավետարանոց գյուղից երիտասարդն, ով այդտեղ էր հաստատվել, այն “չէր տեսնում”: “Հիմա սա՞ է Մասիսը, չեմ իմացել…”, ասում էր նա: Ամոթ բան չկա, նրա համար էլ իր գյուղի սարերն էին Սիս ու Մասիս:
Ստեփանակերտում մարդիկ տնատեր են դարձել Կարվին-Կարշոլկներում երկար տարիներ աշխատելով, բանակում տասնամյակներ ծառայելով (զոհվածների շենքը…), հերթերում սպասելով, վարկեր մարելով, ուրախացել հեռուստացույց, վարագույր, կրեսլո-դիվան ու նոր սառնարան գնելիս, բալկոն առաջ տալով, հարեւանի հետ ռեմոնտի հարցում “մրցելով” ու մի Միյանմարի երկնաքերերի պես վայրկյաններում կորցրել ամեն ինչ:
Երբ դպրոցում մի բան չէինք հասկանում, ուսուցիչն ասում էր՝ օրինակը ձեզ վրա բերեք:
Աստված մի արասցե, բայց պատկերացրեք ձեր քաղաքն է դատարկվում, ուրիշի տանն եք հայտնվել եւ ոչ մի առավոտ չկա այդ էներգիայի աղբյուրը, որ մարդ ստանում է հասարակ բաներից, որ Աստված է տվել նրան: Պատկերացրեք, տարիուկես ուրիշ պատշգամբներից եք նայում ամեն օր, եւ որքան էլ սիրուն լինի տեսարանը, որքան էլ մետրոյին մոտիկ, մեկ է` ձերը չէ: Այսպես մի առավոտ էլ հայտնի է դառնում, որ այդ ձերը չեղած բնակարանի գումարն այլեւս չեն տալու, որպեսզի փոխանցեք իսկական տանտիրոջը: Աշխատեք՝ ապրեք: Աշխատեք ապրել՝ ավելի ճիշտ:
Մարութ Վանյան
Լուսանկարում՝ 1988, Ստեփանակերտ, Կալցեվոյ