Ինչո՞ւ են դատարկ Ստեփանակերտի տները, ո՞ւր են տերերը

Ադրբեջանցիների տարածած տեսանյութերում երեւում է, որ Ստեփանակերտի Ազատության հրապարակում քանդել են շենքերը: Տեղացիներին քաջ հայտնի Կոլցեվոյը, Լուչի շենքը, որտեղ 1988թ. մեկնարկել էր ղարաբաղյան շարժումը:

Շատերը կհիշեն 2020թ. ադրբեջանական հրետանու առաջին հարվածն այդ շենքին: Այն, ինչը չեն կարողացել մինչեւ վերջ քանդել արկերը, այսօր “ավարտին են հասցնում” էքսկավատորները:

Ալեք Մանուկյան փողոցի (Էնգելս) շենքերի կտուրներ են փոխում: Այլ կերպ ասած, առանց տերերին հարցնելու, “վերանորոգում են” որ շենք ցանկանում են, որը դուր չի գալիս, պարզապես քանդում են:

Եթե Բաքվում են սեփական քաղաքացիների տները քանդում, երբ բնակիչները դեռ ներսում են, ի՞նչ կարող ենք ակնկալել հայաթափված քաղաքաից:

Ազատամարտիկների պողոտայում խանութները վերաբացել են, իսկ բնակարաններում լույս չի վառվում, դատարկ են:

Ինչո՞ւ են դատարկ, ո՞ւր են տերերը

Ճիշտ է, ստեփանակերտցիների պատշգամբներից չէր երեւում Արարատը, եւ երեւանցիները քիչ չեն պայքարել իրենց քաղաքի պատմական շենքերի համար (Արամի փողոց, Ֆիրդուս եւ այլն…): Բայց որքան երևանցիներին է հարազատ ամեն մի կամար, փողոց ու ծառ, նույնքան էլ ստեփանակերտցիներին իրենց Կոլցեվոյը, Հեքիմյանն ու Շուշվա ուգըլը: Որքան դուք եք ամեն առավոտ էներգիա ստանում Արարատին նայելիս, նույնքան նրանք էին ‘լիցքավորվում’ իրենց սարերիից, փողոցներով անցնելիս, իրենց զագորըդներից:

Ռանչպար գյուղում արցախցի մի ընտանիք էինք այցելել: Պարզ կապույտ օր էր: Չարենցի նկարագրածի պես Արարատը գեղեցիկ ու չափազանց մոտիկ էր, բայց Արցախի Ավետարանոց գյուղից երիտասարդն, ով այդտեղ էր հաստատվել, այն “չէր տեսնում”: “Հիմա սա՞ է Մասիսը, չեմ իմացել…”, ասում էր նա: Ամոթ բան չկա, նրա համար էլ իր գյուղի սարերն էին Սիս ու Մասիս:

Ստեփանակերտում մարդիկ տնատեր են դարձել Կարվին-Կարշոլկներում երկար տարիներ աշխատելով, բանակում տասնամյակներ ծառայելով (զոհվածների շենքը…), հերթերում սպասելով, վարկեր մարելով, ուրախացել հեռուստացույց, վարագույր, կրեսլո-դիվան ու նոր սառնարան գնելիս, բալկոն առաջ տալով, հարեւանի հետ ռեմոնտի հարցում “մրցելով” ու մի Միյանմարի երկնաքերերի պես  վայրկյաններում կորցրել ամեն ինչ:

Երբ դպրոցում մի բան չէինք հասկանում, ուսուցիչն ասում էր՝ օրինակը ձեզ վրա բերեք:

Աստված մի արասցե, բայց պատկերացրեք ձեր քաղաքն է դատարկվում, ուրիշի տանն եք հայտնվել եւ ոչ մի առավոտ չկա այդ էներգիայի աղբյուրը, որ մարդ ստանում է հասարակ բաներից, որ Աստված է տվել նրան: Պատկերացրեք, տարիուկես ուրիշ պատշգամբներից եք նայում ամեն օր, եւ որքան էլ սիրուն լինի տեսարանը, որքան էլ մետրոյին մոտիկ, մեկ է` ձերը չէ: Այսպես մի առավոտ էլ հայտնի է դառնում, որ այդ ձերը չեղած բնակարանի գումարն այլեւս չեն տալու, որպեսզի փոխանցեք իսկական տանտիրոջը: Աշխատեք՝ ապրեք: Աշխատեք ապրել՝ ավելի ճիշտ:

Մարութ Վանյան

Լուսանկարում՝ 1988, Ստեփանակերտ, Կալցեվոյ

ՄՐՑՈՒՅԹ «Արցախ վերադարձի ճանապարհը»

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի հայտարարությունը․

ՄՐՑՈՒՅԹ «Արցախ վերադարձի ճանապարհը»

«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ը հայտարարում է մրցույթ «Արցախ վերադարձի ճանապարհը» խորագրով: Ներկայացվող ստեղծագործությունը կարող է կապել պատմությունը, մշակույթը, քաղաքականությունը, ռազմական ուժը և միջազգային իրավունքները:

Ստեղծագործությունները կարող են ներառել Արցախի պատմության և ժողովրդի հերոսական պայքարի տարրերը, պատմական հերոսական դրվագները, ինչպես նաև ներկայի ու ապագայի Արցախ վերադարձի տեսլականը, պատկերացումները: Գրեք, թե ինչպես եք պատկերացնում մեր հայրենիքի այդ սրբազան հատված վերադարձի ուղիները, ժամանակն ու միջոցները։

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, ովքեր կներկայացնեն առավել ամբողջական և խոսուն աշխատանք։

Ստեղծագործությունները հարկավոր է ուղարկել մինչև 2025թ․ ապրիլի 30-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Արցախ վերադարձի ճանապարհը»:

Նամակում պետք է առկա լինեն հեղինակի

1․ անուն, ազգանուն, հայրանունը,
2․ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը,
3․ կարգավիճակը (դպրոցական, ուսանող, կամ մասնագիտական ոլորտ)
4․ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Առանց վերոնշյալ տվյալների հայտերը չեն դիտարկվում։
Առաջին մրցանակի համար նախատեսված է 100․000 դրամ։
Կլինեն նաև այլ արժեքավոր մրցանակներ։
Լավագույն ստեղծագործությունները կհրապարակվեն։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37455768654 հեռախոսահամարով կամ գրել նամակ [email protected] էլեկտրոնային փոստին:

Ստացած հավաստագրերով բնակարան է ձեռք բերել արցախցիների 0,2 տոկոսը․ սա ամեն ինչ ասում է ծրագրի մասին

Հայաստանի կառավարությունը պետք է բարելավի արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագիրը եւ փուլային տարբերակով շարունակի «40+10 հազար» ծրագիրն այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ շահառու ընտանիքի բնակապահովման ծրագրից օգտվելու հերթը չի հասել։ Այս մասին Ազատության հրապարակում անցկացված հանրային քննարկման ժամանակ ասաց Արցախի Բնակարանային հարցերի կոմիտեի նախկին նախագահ Արմեն Մանգասարյանը։

«Հակասական մտքեր են արտահայտում իշխանությունները, ասում են՝ 40+10-ը դադարեցվում է, որպեսզի արցախցիներն օգտվեն բնակապահովման ծրագրից։ Բայց ինչպե՞ս օգտվեն, եթե տվյալ ընտանիքի հերթը դեռ չի եկել։ Աջակցությունը պետք է տրամադրվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել արցախցիների բնակարանային խնդիրը»,- ասաց նա։

Արմեն Մանգասարյանը նշեց, որ բնակապահովման ծրագրին դիմելիությունը շատ ցածր է։ Այսօրվա դրությամբ հավաստագիր է ստացել արցախցի ընտանիքների շուրջ 3 տոկոսը։ Եվ ստացած հավասագրերով բնակարան է ձեռք բերել արցախցիների 0,2 տոկոսը։ Ըստ Մանգասարյանի՝ այս ցուցանիշն ամեն ինչ ասում է ծրագրի մասին։

Նա նշեց, որ Արցախում եւս բնակապահովման ծրագիր էին իրականացնում, եւ արցախցիները կփաստեն, թե ինչ մեծ հերթեր էին Բնակարանային հարցերի կոմիտեի դիմաց։ Այսինքն, Արմեն Մանգասարյանի խոսքով, եթե տեղահանված ընտանիքը չի դիմում բնակապահովման ծրագրից օգտվելու համար, նշանակում է ծրագրի հետ ինչ-որ բան այն չէ։

Նա անդրադարձավ նաեւ այն խնդիրներին, որոնց բախվում են սերտիֆիկատ ստացած ընտանիքները։ Ասաց, որ հավաստագիր ստանալու գործընթացը շատ պարզեցված ու հեշտ է, բայց ստանալուց հետո մարդիկ բախվում են տարբեր խնդիրների։ Օրինակ՝ եթե շահառուն սերտիֆիկատի գումարին հավասար կամ դրանից ցածր արժեքով բնակարան է գտել ու ցանկանում է գնել այն, բայց ունի գործող ժամկետանց վարկ, բանկը նրան հիփոթեքային վարկ չի տրամադրում։ Արցախցիների բարձրաձայնած այս խնդրին կառավարությունը խոստացել է լուծում տալ ապրիլի մեկից։

Անդրադառնալով իրավական խնդիրներին՝ Արմեն Մանգասարյանն ասաց՝ լուրջ խնդիր է այն, որ արցախցիներին պարտադրում են դառնալ ՀՀ քաղաքացի։ Ըստ նրա՝ այնպես չէ, որ արցախցին չի ուզում լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Արցախցին ամբողջ կյանքում երազել է միանալ մայր Հայաստանի հետ, լինել ՀՀ քաղաքացի եւ եղել է ՀՀ քաղաքացի։ «Այժմ ներկայացնել, թե արցախցիները չեն ուզում քաղաքացի դառնալ, դա իրականությանը չի համապատասխանում։ Ծրագրում կան նաեւ մի շարք այլ խնդիրներ, որոնք ընդհուպ հակասահմանադրական են»,- ասաց նա։

Հակասոցիալական հարցերով նախարարը արցախցիներին ասում է арбайтн, арбайтн

Մենք հայտարարել ենք բնակապահովության ծրագրի մասին, պետք է ԼՂ-ի մեր հայրենակիցները գնան, դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դիմեն և ստանան սերտիֆիկատ: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ արդարադատության նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով նրան, որ արցախցիները դժգոհ են, որ իրենց աջակցությունը դադարեցվում է եւ որ դա հանգեցնելու է արտագաղթի:

«Բոլոր մեր հայրենակիցները, որոնք տեղահանվել են և կան մեր բազաներում, բնականաբար կստանան քաղաքացիություն, աշխատունակ մարդիկ պետք է աշխատեն: Շատ լավ է, որ մենք ունենք շուրջ վերջին տվյալներով 25 000 զբաղված հայրենակիցներ և մնացածի համարը դա պետք է լինի վարակիչ:

Իսկ այն անձինք, որ աշխատունակ են, իրենք պետք է գնան և աշխատեն, միասնական սոցիալական ծառայության կենտրոնում կան բազմաթիվ թափուր աշխատատեղեր, կան բազմաթիվ գործատեղեր»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ արցախցիներն ասում են, որ աշխատում են, հազիվ հացի փողն են կարողանում վաստակել, չեն կարողանում 200 հազար տան վարձ տալ, Մկրտչյանն ասաց. «Նրանք, ովքեր գտնվում են կյանքի խոցելի իրավիճակում, նրանց համար կան առանձին գործիքներ, նրանց համար կա առանձին նախագիծ շրջանառված և նրանց մենք երբեք մենակ չենք թողնելու»:

Երևում է, սոցնախարարը, որը համատեղությամբ աշխատում է նաև հասարակության հետ ՔՊ պատասխանատու, շատ վատ է կատարում իր պարտականությունները։ Եթե 1,5 տարի առաջ ցեղասպանությունից փրկված և հայրենիքից զրկված մարդկանց չես ապահովել գոնե ժամանակավոր կացարանով, չես օգնել աշխատանքի անցնեն, միակ ֆինանսական աջակցությունն էլ կրճատում ես, կոչ անելով աշխատել, ուրեմն դու ոչ թե սոցիալական, այլ հակասոցիալական հարցերի նախարար էս։ 
Ասպիսին է ՔՊ պատասխանատուի պատասխանը արցախցիներին, որոնք մեծ հանրահավաք են արել, պահանջագիր են ներկայացրել, հույս ունենալով, որ գործ ունեն հարազատ երկրի հետ, և կառավարությունը ուղղակի չգիտի ճշմարտությունը։ Պարզվում է, “քույրերն ու եղբայրները” պետք է իրենք իրենց գլխի ճարը տեսնեն։ Իսկ սոցապնախարարը նրանց հավեսը չունի՝ նա ամերիկաներով և եվրոպաներով է ֆռռում, ներկայացնում ՔՊ շահերը, ո՞վ գիտի, գուցե և փող պոկում Արևմուտքից՝ արցախցիներին օգնելու պատրվակով։ Մեկ է, ոչ ոք չգիտի, թե ոնց է ծախսվում ստացված փողերը։ Իսկ արցախցիներին էլ ասում է՝ арбайтн, арбайтн.

Գերմանիայի նախագահը գրառումը Արցախի մասին Բաքվում սկանդալ է առաջացրել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։

Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։

Ադրբեջանում դա ​​սկանդալ է առաջացրել. Բաքվում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գերմանացի դիվանագետին «ուժեղ բողոք» է արտահայտվել՝ կապված սոցցանցերում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրապարակման հետ։

Ավելի վաղ Շտայնմայերը լուսանկար էր հրապարակել Լեռնային Ղարաբաղի դրոշով և հետևյալ գրառմամբ.

«Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին: Միջազգային իրավունքի տեսանկյունից այս տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, սակայն հիմնականում այն ​​բնակեցված է հայերով: Վերջին տասնամյակների ընթացքում այնտեղ բազմիցս տեղի են ունեցել ռազմական բախումներ»:

Մինչեւ հավաքական վերադարձը մենք ցանկանում ենք, որ Արցախի ժողովուրդը բնակվի այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում

Շուրջ 100 հազար արցախցի այսօր ստանում է 40+10 հազար դրամ աջակցություն, որն ուղղվում է բնակվարձերի վճարմանը։ Ապրիլի մեկից նախատեսվում է դադարեցնել 50-55 հազար քաղաքացիների աջակցությունը։ Իսկ 45 հազար մարդ ստանալու է կրճատված աջակցություն։

Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Բայց մենք ոչ թե բնակվարձի համար ենք պայքարում, այլ մենք պայքարում ենք, որ արժանապատիվ եւ կայուն, արդյունավետ բնակարանային ծրագիր գործի։ Իրենք բնակվարձի ծրագիրը կտրում են շատերի համար հենց այսօր, մնացածш համար հունիսից կամ դեկտեմբերից, բայց ասում են, որ արցախցիների մի զգալի մասը կարող է դիմել բնակարանային ծրագրին այս տարվա հուլիսի 1-ից, իսկ մյուս մասը կարող է դիմել 2026 թվականի հուլիսի 1-ից։

Այսինքն՝ այս անձանց բնակվարձի գումարը լրիվ կտրում են, բայց թույլ չեն տալիս, որ նրանք դիմեն բնակարանային ծրագրին։ Էլ չեմ էլ խոսում այն մասին, որ այդ ծրագիրն արդյունավետ չէ»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության այս քաղաքականության հետեւանքով արցախցիների սոցիալական խնդիրները կսրվեն, իսկ արտագաղթի տեմպերը կավելանան։

Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ այսօր արդեն բռնի տեղահանված արցախցիների շրջանում աղքատությունը բավական բարձր է եւ կազմում է մոտ 80 տոկոս։

«Մեզ համար ամենակարեւոր հարցն այն է, որ բնակարանային ծրագիրը պետք է ապահովի արժանապատիվ լուծում մեր ժողովրդի կեցության համար։ Իհարկե, մեզ համար քաղաքական վերջնական նպատակը մեր հավաքական վերադարձն է, բայց մինչեւ հավաքական վերադարձը մենք ցանկանում ենք, որ Արցախի ժողովուրդը բնակվի այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ դրա համար մենք պետք է ունենանք համարժեք արժանապատիվ պայմաններ»,- ասաց Բեգլարյանը։

https://www.facebook.com/step1.am/videos/9702753196472724

 

Արցախցիները փորձում են ուշադրություն հրավիրել իրենց սոցիալական խնդիրների վրա

«Արժանապատիվ կեցություն հայրենիքում», «Մենք բեռ չենք», «Բնակարանային ծրագիրը ձախողված է, արցախցին՝ անօթեւան». Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մոտ բողոքի ակցիա անող արցախցիներն այսպիսի գրություններ թողեցին շենք մոտ՝ փորձելով ուշադրություն հրավիրել իրենց սոցիալական խնդիրների վրա։

Նրանք պահանջում են, որպեսզի նախարարության պաշտոնյաները հանդիպեն իրենց եւ քննարկեն խնդիրները։ Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ՀՀ կառավարության բոլոր ծրագրերը միտված են վերացնելու եւ կոտրելու արցախցուն։ Նա ասաց, որ երբեք ՀՀ կառավարությունից փող չեն ուզել, միայն արժանապատիվ կեցություն են ուզում Հայաստանում։ Ըստ նրա՝ բոլոր արցախցիների նպատակը եւ երազանքը մեկն է՝ վերադարձ իրենց հայրենիք։

Արցախցիները պահանջում են, որ կառավարությունը վերանայի սոցիալական ծրագրերը

Արցախցիները բողոքի ակցիա են անում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև՝ ներկայացնելով արցախցիներին վերաբերող սոցիալական բնույթի ծրագրերի վերաբերյալ մտահոգությունները և հնարավոր լուծումները:

Նրանք պահանջում են, որ կառավարությունը վերանայի ծրագրերը, ըստ որոնց՝ ապրիլի մեկից Արցախից բռնի տեղահանվածների մեծ մասը չեն ստանալու աջակցության գումարները։

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

«Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թրամփը ջղայնացել է և սպառնում է միանգամից Իրանին, Ռուսաստանին և Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնության չգան իրանական միջուկային ծրագրի շուրջ, ԱՄՆ-ը հարվածելու է Իրանին։

«Եթե համաձայնության չգանք, կլինեն ռմբակոծություններ: Դա կլինի այնպիսի ռմբակոծություն, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», – ասել է Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում: Նա նաև սպառնացել է նոր երկրորդական պատժամիջոցներով իրանական ապրանքների նկատմամբ: Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ «շփումներ» կան Վաշինգտոնի և Թեհրանի միջև:

Թրամփի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղարկված նամակում նա Թեհրանին երկու ամիս ժամանակ է տվել նոր գործարքի հասնելու համար, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյային և երկու այլ աղբյուրներ:

Կիրակի օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը հայտարարել է, որ Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների առաջարկը՝ ի պատասխան Թրամփի նամակի, հայտնում է AP-ն։

«Թեև մերժվել է երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն ընդգծվել է, որ ճանապարհը բաց է մնում անուղղակի բանակցությունների համար»,- ասել է Իրանի նախագահը։

Իրանի ողջ տարածքում հրթիռները պատրաստ են արձակվել ԱՄՆ-ի կողմից էսկալացիայի դեպքում, գրում է Tehran Times թերթը։

Հրատարակության տվյալներով՝ այդ հրթիռների զգալի մասը գտնվում է ստորգետնյա բազաներում, որոնք կարող են դիմակայել օդային հարվածներին։

Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Պուտինին՝ սպառնալով երկրորդական մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի վրա, եթե Մոսկվան շարունակի արգելափակել Ուկրաինայի հետ պատերազմի ավարտը։ NBC News-ին տված հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «բարկացած» և «կատաղած» է Պուտինի գործողություններից։

«Եթե Ռուսաստանը և ես չկարողանանք համաձայնության գալ՝ դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում, և եթե մտածեմ, որ դա Ռուսաստանի մեղքն է, իսկ դա կարող է այդպես չլինի, բայց եթե այդպես լինի, ես երկրորդական մաքսատուրքեր կսահմանեմ նավթի վրա՝ Ռուսաստանից եկող ամբողջ նավթի վրա»:

«Ես շատ զայրացած և կատաղած էի, երբ Պուտինը սկսեց քննադատել [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկիին և խոսել Ուկրաինայի այլ կառավարման մասին», – ասել է Թրամփը NBC հեռուստաալիքի թղթակից Քրիստեն Ուելքերի հետ հեռախոսազրույցում։

Միևնույն ժամանակ Թրամփը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Վաշինգտոնի և Կիևի միջև հանքային գործարքից դուրս գալու մտադրության մեջ։ «Նա փորձում է դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից, և եթե դա անի, ապա կունենա խնդիրներ, մեծ, մեծ խնդիրներ», – ասաց նա լրագրողներին կիրակի օրը՝ մարտի 30-ին: Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։

Թրամփը նաև հավելել է, որ Զելենսկին «ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց նա երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ: Նա դա հասկանում է»:

Նախօրեին Bloomberg-ը հայտնել էր, որ Ուկրաինան խնդրել է փոփոխություններ կատարել Դոնալդ Թրամփի առաջարկած տնտեսական գործարքում՝ ներառելով ամերիկյան ներդրումների ավելացման պարտավորությունը:

Ազատ արձակեք պատանդներին

Մարտի 28-ին կայացած արցախցիների մեծ հանրահավաքին շատ մասնակիցներ ներկայացել են Բաքվում պահվող պատանֆների նկարներով, լուր պահանջելով ազատ արձակել նրանց։ 

Ինչպես հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից, Ռուբեն Վարդանյանի աջակիցները՝ գործընկեր-բարերար Նուբար Աֆեյանից, որը ևս մեկ անգամ կոչ արեց նրան ազատ արձակել CNN-ով, մինչ Amnesty International, մինչ Թրամփի վարչակազմ, երաշխավորել են իր որդում, որ հայ քաղբանտարկյալները ու ռազմագերիները և քաղաքացիական պատանդները, որոնք ապօրինաբար պատանդ են պահվում Բաքվում, մնում են ուշադրության կենտրոնում։ Երեքշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, Համալսարանական ակումբում Դավիթ Վարդանյանը ելույթ կունենա Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) 2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովում։

Գագաթնաժողովին ընդառաջ և նախագահ Դոնալդ Թրամփին անցյալ շաբաթ ուղարկված նամակում Համագումարն ընդգծեց, որ «իսկական խաղաղության հասնել հնարավոր չէ» քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել, և հորդորեց նախագահին «օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքը՝ նրանց անհապաղ ազատությունն ապահովելու համար»:

Գործարար, բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, իր հոր ուժեղ ջատագովն է հրապարակայնորեն և լրատվամիջոցներում՝ հայ ռազմագերիների վերաբերյալ այդքան անհրաժեշտ իրազեկվածությանը հասնելու համար: CNN-ի թղթակից Քրիստիան Ամանփուրին տված հարցազրույցում նա դատապարտեց Բաքվում իր հոր դատական ​​լսումների «թափանցիկության իսպառ բացակայությունը», որտեղ նա անօրինական կերպով պահվում է Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմի կողմից:

Իր վերջերս հրապարակված տեսաուղերձում Դավիթ Վարդանյանը կոչ արեց «մեր աշխարհասփյուռ ազգին պայքարել այն կեղծ դատավարությունների դեմ, որոնք տեղի են ունենում Բաքվում ընդդեմ իր հոր և մեր մյուս հայրենակիցների, ովքեր իրենց բոլոր ուժերը տվեցին հանուն Արցախի ազատության»։

Հետաքրքիր փորձ Փարաքարում և Գյումրիում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում՝ հավաքելով ձայների ընդամենը 31.89%-ը (3669 ձայն)։

Բոլոր 16 ընտրատեղամասերում ձայների հաշվարկի ավարտից հետո, ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների, համոզիչ հաղթանակ է տարել ընդդիմադիր «Միասնություն» դաշինքը, որի օգտին քվեարկել է 56,57%-ը (6508 ձայն):

Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը, ըստ օրենքի, մեխանիկորեն կդառնա Փարաքար համայնքի ղեկավար։ Երրորդ տեղում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 7,82%-ով (900 ձայն), վերջին տեղում՝ Կայունություն կուսակցությունը՝ 3,7%-ով (426 ձայն)։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 08:00-ի դրությամբ հրապարակել է Գյումրիում բացված 82 ընտրատեղամասից 73-ի քվեարկության արդյունքները։

Իսկ հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում անցած ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (առաջին համարը՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան) առաջատարն է՝ 36,80% (16 938 ձայն) քվեներով։

Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական ​​կուսակցությունն է (առաջին համարը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան), որի օգտին քվեարկել է ընտրողների 20,71%-ը (9 537 ձայն)։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մեր քաղաքը» դաշինքը (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան)՝ 15,85% ձայներով (7 296 ձայն)։

«Իմ հզոր համայնք» կուսակցություն (առաջին համարը՝ Ռուբեն Մխիթարյան) — 7,94% (3 659 ձայն),

«Մայր Հայաստան» դաշինք (առաջին համարը՝ Կարեն Սիմոնյան) – 6,18% (2 844 ձայն),

«Եվրադաշինք» (առաջին համարը՝ Լևոն Բարսեղյան) – 4,50% (2 071 ձայն),

«Ապրելու երկիր» կուսակցություն (առաջին համարը՝ Կարեն Մալխասյան) – 3,60% (1 658 ձայն)

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Կարաղազարյան) – 3,01% (1 387 ձայն),

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական ​​կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Թումանյան) – 1,39% (642 ձայն)։

Այսպիսով, ըստ նախնական տվյալների, Գյումրիի ավագանիում կլինի 5 ուժ (կուսակցությունների համար անցողիկ շեմը 4%-ն է, դաշինքների համար՝ 6%-ը).

1․ «Քաղաքացիական պայմանագիր» (Սարիկ Մինասյան)

  1. Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան)

3․ «Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան)

  1. «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան)
  2. «Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան)։

Դեռ պարզ չէ, թե ինչ կոալիցիաներ կկազմվեն՝ քաղաքապետի ընտրության ժամանակ։ Բայց ակնհայտ է, որ և Փարաքարում, և Գյումրիում հաղթել են հակաիշխանական տրամադրույունները, չնայած որ հատկապես Գյումրիում Քաղպայմանագիրը հսկայական վարչական ռեսուրս է գործարկել։